«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ․ ԴՈՑԵՆՏ, Փ․Գ․Թ․ ՍԻԼՎԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

25/06/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, փ․գ․թ․ Սիլվա Պետրոսյանը 

- Ազգային ինքնության պահպանումը ժամանակակից աշխարհի կարևոր հիմնախնդիրներից է, որի լուծումից է կախված ազգերի և ազգային մշակույթների գոյության հարցը: Ազգային էթնիկ ինքնության պահպանման հարցն առավել արդիական է փոքր ազգերի համար, որոնց կենսագործունեությունն ավանդաբար խարսխված է հենց իրենց փիլիսոփայական հայացքների վրա, որից էլ բխում են այդ ազգերի կյանքի կազմակերպման մեխանիզմները։ Հայոց ազգային ինքնության փիլիսոփայական հիմքերի մասին այսօր զրուցելու ենք տ․ Պետրոսյանի հետ։ Կխնդրեի ընդհանուր գծերով ներկայացնել, թե որքանո՞վ, ո՞ր հեղինակների մոտ են արծարծվում ազգային ինքնության հիմնահարցերը միջնադարյան հայ փիլիսոփայության մեջ։
- Հայկական միջնադարյան ողջ մշակույթը յուրօրինակ պատասխան է այն մարտահրավերներին, որոնց առերեսվել էր հայոց ինքնությունն այդ դարաշրջանում։ Սկզբում մեր իմաստուն նախնիները ճանապարհը տեսան քրիստոնեության ընդունման, հայոց այբուբենի ստեղծման,  Աստվածաշնչի և ժամանակի ողջ գիտակրթական գրականության հայերեն թարգմանության մեջ։ Այնուհետև գիտակցեցին, որ թեպետ քրիստոնեության ընդունմամբ կարողացան անջրպետվել պարսից կայսերական նկրտումներից, սակայն արևմտյան՝ բյուզանդական միաձուլումից խուսափելու համար հարկ եղավ ազգայնացնել քրիստոնեությունը՝ դեմ գնալով Քաղկեդոնի ժողովի որոշումներին։ Ու հենց այս կրոնադավանաբանական հակադրության ժամանակ խորապես գիտակցվեց իմաստասիրության դերը որպես մտքի մշակույթի, որպես  գաղափարաբանական բանավեճերի հիմքի ու մեր նախնյաց դիրքերն ուժեղացնող գործոնի։ Եվ առաջացավ հայոց միջնադարյան քրիստոնեական ջատագովական փիլիսոփայությունը։ Այն, իհարկե, հենվում էր հունական փիլիսոփայության նվաճումների վրա, սակայն փորձում էր ժամանակի սուր խնդիրներին տալ հայեցի պատասխան։ Հետաքրքական է, որ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ, որն ի դեպ, հայոց ինքնության խնդրի ամենագործուն լուծումներից մեկն է՝ հայ ժողովրդի ծննդաբանության վերհանմամբ, կիրառում է «ինքնանալ» բայը։ Նա երրորդ գրքի ԿԲ պրակում  ասում է, որ նոր Պլատոնից սովորեց իմաստասիրություն ու արվեստ ձեռք բերեց ոչ անկատար ուսումով և ինքնացավ։ Ցավոք, աշխարհաբար թարգմանության մեջ Մովսես փիլիսոփայի օգտագործած «ինքնացայ» բառն արտացոլված չէ, ինչի հետևանքով այդ թարգմանության մեջ իմաստային կարևոր բացթողումներ են սպրդել։ Երբ Խորենացին խոսում է հայոց նախնյաց, նախաքրիստոնեական դարաշրջանի թագավորների անիմաստասեր բարքերի մասին, նա նշում է իմաստասիրության նշանակությունը ինքնանալու, սեփական աշխարհայացքային հիմքերը մշակելու և տեղի ունեցող իրողություններն արժևորելու գործընթացում։ Ցավոք, «իմաստասիրություն» բառն այս տեքստում թարգմանված է որպես «գիտություն», հաշվի չառնելով, որ գրաբարում գիտությունը նշանակվում էր «մակացություն» բառով, ու եթե Խորենացին ցանկանար հենց գիտության մասին խոսել,  կկիրառեր այդ բառը։ Նշեմ նաև,  որ իմաստասիրությունը միջնադարյան մտածողների համար լոկ գիտություն չէ, այլ ինչպես Դավիթ Անհաղթն է ասում․ «արվեստների արվեստ   է և գիտությունների գիտություն»։ Գրաբարյան գեղեցիկ արտահայտությամբ՝ «իմաստասիրութիւն է արհեստ արհեստից և մակացութիւն մակացութեանց»։  
 

- Խոսել միջնադարյան հայ փիլիսոփայական մտքից և ինքնության հիմնահարցերից ու չանդրադառնալ Դավիթ Անհաղթին՝ անհնար է․․․ Տ․ Պետրոսյան ինչպիսի՞ն էին Անհաղթի խոհերն ու հայացքները ազգային ինքնության վերաբերյալ։
- Ցավոք, բուն ազգային ինքնության վերաբերյալ Դավիթ Անհաղթից առայժմ որևէ տեքստ մեզ հայտնի չէ, սակայն նա խոսել է Հայրենիքի մասին՝ նշելով նրա դերը պիտանի բարքեր և բարի կենցաղավարություն սովորելու գործում։ Դավթի «Սահմանք իմաստասիրության» երկը եղել է ամենաշատ արտագրված գրքերից մեկը Միջնադարում, իհարկե, Աստվածաշնչից հետո։ Այն դասագիրք է դարձել մտավորականների շատ սերունդների համար՝ սովորեցնելով սահմանումների արվեստ, մտքի հստակություն, ճշգրտություն և հիմնավորվածություն։ Սակայն հայ մտածողի համար մտքի մշակույթից էլ ավելի կարևոր է եղել հոգու խնամքի իմաստասիրական մշակույթը, որին ես մի ամբողջ մենագրություն եմ նվիրել։  Ձևավորելով վեհ մարդու մտահոգևոր կայացման հիմքերը՝  Դավիթ Անհաղթը մեր ազգային ժառանգության ամենաառեղծվածային ներկայացուցիչներից մեկն է, քանի որ նրա ապրելու դարաշրջանի, իմաստասիրական ժառանգության և, ընդհանրապես, իմաստասիրության պատմության մեջ ունեցած դերի հարցերը առ այսօր չեն ստացել իրենց վերջնական լուծումները։ Մեր գրավոր ավանդույթը նրան համարում է հինգերորդ դարի մտածող, կրտսեր թարգմանիչներից մեկը, նա մեր եկեղեցու Սրբերից մեկն է, նրա անունը հիշատակվում է Թարգմանչաց տոնի ծիսակատարության ժամանակ։ Այնինչ առկա գիտապաշտական վերակազմության պարագայում նրան տանում են վեցերորդ կամ յոթերորդ դար, ինչի արդյունքում նրա արածի նշանակությունը դառնում է խիստ խնդրական։ 

- Տիկին Պետրոսյան, կխնդրեի անդրադառնալ հայոց մշակութային ինքնության բաղադրիչներին։
- Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տարիներ ի վեր իրականացվել է ուսումնասիրություն հայոց ինքնության հիմնախնդիրների վերաբերյալ՝ պրոֆ․ Ս․ Զաքարյանի ղեկավարությամբ։ Մեր վերջին աշխատանքը՝ կոլեկտիվ մենագրությունը, նվիրված էր հայ փիլիսոփայությանը որպես հայոց ինքնության կառուցակազմիչ գործոնի։ Հետաքրքրված ընթերցողն այնտեղ հետաքրքիր հոդվածներ կգտնի հայոց մշակութային ինքնության տարբեր կողմերի մասին։ Եթե փորձեմ համառոտ պատասխանել Ձեր հարցին, նշեմ, որ մեր մշակութային ինքնության կարևորագույն բաղադրիչներն են լեզուն, հավատը, ավանդույթները, ծեսերը, տոները, կենցաղավարությունը և մեր մտագործելակերպը։ Վերջինս երբեմն հանիրավի անտեսվում է, այնինչ մշակույթները միմյանցից տարբերվում են հենց դրանք կրողների մտագործելակերպով։ Լեզուն շատ կարևոր է, այն մեր ինքնության հիմնասյունն է, ու ինչպես Նժդեհն էր նշում, պետք է երկյուղած ակնածանքով մոտենանք մեր լեզվին, սիրենք ու կիրառենք այն հնարավորինս շատ և՛ փողոցների ցուցանակներում, և՛ համացանցում, և՛ այլուր։ Սակայն, ցավոք, ոչ հայեցի մտագործելակերպի պայմաններում հնարավոր է հայերենով «աշխատեցնել» ոչ հայկական մոտեցումներ ու արժեքներ, ինչն այսօր հանդիպում է ամենուր։ Այդ պատճառով ինքնությունը պետք է դիտարկել որպես համալիր մտահոգևոր իրականություն և բավական ուշադրություն դարձնել հոգու խնամքին։

- Հայտնի է, որ «էթնովնասվածքի» ֆենոմենը թողել է իր հետքը հայերի էթնոհոգեբանության մեջ, սակայն մյուս կողմից էլ՝ նույն ցավն ապրած ժողովրդի ներկայացուցիչների համար այն վերածվում է համախմբող գործոնի ազգային ինքնագիտակցության մեջ։ Ի՞նչ կասեիք մեր ազգային ինքնագիտակցության վրա էթնովնասվածքի հետևանքների մասին։
- Շատ ցավալի հարց եք  բարձրացնում, մի հարց, որին և պատասխանելն է դժվար, և որից չպետք է խուսափենք։ Եթե նախկինում մենք այդ երևույթի մասին խոսում էինք պատմության համատեքստում, ապա  2020 թ. 44-օրյա պատերազմում մեր լույս-զավակների նահատակությունից հետո  մեր նախնիների հետ կիսեցինք հայոց պատմական բախտի ողջ անտանելի ցավը։ Այն, ինչ եղավ մեզ հետ, բառային թաղանթին չի տրվում, քանի որ բառերն ի զորու չեն կորստյան, հոգու ճմլումի և այդ ամենին ուղեկցող ծանր զգացումներն արտահայտելու։ Անցանք սարսափելի պատերազմի, միջազգային հանրության ակնհայտ անտարբերության, տնտեսական ու մշակութային շահերի անհավասար բախումների միջով՝  որպես արժանապատվության պահպանման վահան դարձրած մեր 18-20 տարեկան պատանիների անմոռաց նվիրումը Հայրենիքին ու խենթ քաջությունը։ Սակայն, եթե նախորդ դարերի անմարդկային ողբերգությունը, ինչպես նշում եք, համախմբող դեր է կատարել, այսօրվա  ողբերգությունը կարծես անջրպետում է մարդկանց։ Սարսափելի է ատելության այն աստիճանը, որով հագեցած է մեր այժմյան հասարակությունը։ Այդ ուղին ոչ մի տեղ չի տանում։ Ատելությունը քայքայում է, ինքնատելությունը՝ կործանում։ Մայքլ Առլեն Կրտսերն իր «Դեպի Արարատ» խոհագրական գրքում մտորում է հոր՝ հայտնի գրողի՝ սեփական ինքնությունից փախուստի պատճառների ու հետևանքների մասին։ Եվ հասկանում, որ փախուստը խնդրի լուծում չէ, քանի որ մերժված-անտեսված ինքնությունը կարող է  կոլեկտիվ անգիտակցականի խորքերից  մի նոր թափով վեր խոյանալ՝ վերադարձնելով մեզ դեպի մեր ակունքները։ 
 

- Ի վերջո, կուզեի լսել Ձեր կարծիքն այն մասին, թե ներկա պայմաններում մեր երկրում, նաև սփյուռքում նկատվող ազգային ինքնության ճգնաժամի պայմաններում ո՞րն է ելքը․․․ 
- Դեռ թարմ են վերքերը, և պատերազմից շատ քիչ ժամանակ է անցել այդ ամենի մասին խոսել կարողանալու համար, սակայն ատելությունը և ինքնաձաղկումը մեզ պատուհասած ողբերգությունից դուրս գալու ուղիներ չեն։ Ռեսենթիմենթը հիվանդացնում և խեղաթյուրում է,    իսկ հոգին մաքրապես խնամելու ուղին նույնն է, ինչ որ Դավիթ Անհաղթի ժամանակ։ Տոգորվել սիրով առ Աստվածայինը,  առ իմաստությունը, առ մարդիկ։ Միայն սերը կարող է բուժել հոգու խոցերը, և հնարավորություն տալ ստեղծագործ աշխատանքի։ Տղաներն իրենց սերը դրեցին անմնացորդ նվիրումի մեջ, ու նրանց մեծ զոհը մեզ ապրողներիս պիտի սթափեցնի, որ ձգտենք արժանի լինել նրանց անսահման նվիրումին։ Սիրենք հայն ու հայկականը, ամեն ինչ անենք այն ծաղկեցնելու համար  թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում․․․

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am