«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մայիսի 28-ի խորհուրդը. Աշոտ Ներսիսյան

28/05/2025

Այսօր մայիսի 28-ն է, հայոց պատմության մեջ դարակազմիկ նշանակություն ունեցող օրերից մեկը: 105 տարի առաջ այս օրը Հայոց Ազգային խորհուրդը որոշեց իրեն հռչակել «Հայոց գավառների միակ իշխանություն», որը նշանակում է` հիմքը դրեց մեր անկախության: Այն եկավ դժվարությամբ, վախով, չնախատեսված, բայց սկիզբը դրեց մի նոր դարաշրջանի, որը հայ քաղաքական մտքի 300-ամյա այն դեգերումների վերջը բերեց, որ պետք չի անկախություններ աղերսել Արևմուտքից կամ Ռուսաստանից, որ նրա կռողը դու պետք է լինես:

Մայիսի 28-ը հետևանք էր երկու` դիվանագիտական և ռազմական գործընթացների: Առաջինն ընթանում էր նախ Տրապիզոնում, հետո Բաթումում մեկ պետության` Անդրկովկասյան Դաշնության մեջ ձևականորեն միավորված հայերի,վրացիների և թաթարների ներկայացուցիչների և թուրքերի միջև, այն պայմաններում, երբ վերջիններս պատերազմի մեջ էին հայոց հետ: Բաթումում վրացիները հայերի հանդեպ դիմեցին «թիկունքի դիվանագիտության», մայիսի 26 -ին, գերմանացիների հետ գաղտնի կնքած լինելով Փոթիի պայմանագիրը, իրենց հռչակեցին անկախ, հաջորդ օրը նույնն արեցին թաթարները: Հայերը մնացին մենակ և Թիֆլիսում որոշեցին ընդունել վերոհիշյալ ակտը:

Ռազմական գործընթացը տեղի էր ունենում Հայաստանում: Դիվանագիտական գործընթացներից անկախ, Արամ Մանուկյանի կազմակերպչական հանճարի շնորհիվ, հայ ժողովուրդը Մայիսյան հերոսամարտերում մենակ, անապավեն, մղեց իր Հայրենական պատերազմը, հաղթեց թուրքերին, որոնք Բաթումում հունիսի 4-ի պայմանագրով ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Չլինեին այս հերոսամարտերը, որից տեղյակ էլ չէին հայ պատվիրակները, թուրքերը չէին ճանաչի հայոց անկախությունը: Բաթումի պայմանագիրը շատերն են համարում խայտառակ, գրելով, թե Հայաստանն ընդամենն ունենում էր միջին հաշվով 10 հազ. քառ. կմ տարածք: Բայց ի՞նչ է` միանգամից ծովից ծով Հայաստան մեզ պետք է տային: Բացի այդ` այդ պայմանագրով պարզ էր միայն Թուրքիայի հետ սահմանը, ուրեմն ինչպե՞ս են հաշվում Հայաստանի տարածքը: Ուրեմն պետք չի այն շահարկել, ինչպես պետք չի շահարկել Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը օրենքի ուժ չուներ, քանի որ կնքվեց, երբ արդեն Հայաստանը խորհրդայնացվել էր: Այսինքն մեր պատվիրակությանը բանակցությունների լիազորած կառավարությունը հրաժարական էր տվել:

Ո՞րն է Մայիսի 28-ի մեծ խորհուրդը: Հետևյալը` եթե ռազմական հաղթանակներ չունես քո թիկունքին, դիվանագիտական դաշտում տանուլ կտաս: Չլինեին Մայիսյան հաղթանակները, թուրքերը չէին ճանաչի Հայաստանի անկախությունը: Այսօրվա համար սա կարևորագույն դասն է, քանի որ չկերտած նոր հաղթանակներ, հաջողություններ չենք գրանցում դիվանագիտական ճակատում:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան