«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր 31- ամյա անկախության խորհուրդը

21/09/2022

1990-1991 թվականները առանձնահատուկ էին հայ ժողովրդի կյանքում: Հայ ժողովրդի երկու հատվածները՝ Խորհրդային Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ձեռք բերեցին այնքան երազած և այդքան սպասված անկախությունը: Դա տարիների պայքար էր, որն իր տրամաբանական լուծումը ստացավ 1991 թվականին։
Այդքան սպասված անկախությունը, սակայն, ծնվեց երկարատև հասարակական-քաղաքական գործընթացների արդունքում։
1990թ. մայիսի 20-ին, անցած 70 տարում Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին Գերագույն խորհրդի այլընտրանքային ընտրություններ, որին մասնակցեց նաև Արցախի բնակչությունը: Ընտրական պայքարը հիմնականում ընթացավ Հայոց համազգային շարժման և Հայաստանի կոմունիստական կուսակցության միջև: Ընտրություններում ձայները բաժանվեցին ՀՀՇ-ի և Հայաստանի կոմկուսի ներկայացուցիչների միջև: 1990թ. օգոստոսի 4-ին հանրապետությունում նորընտիր խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրեց ՀՀՇ վարչության նախագահ, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին: Դրանով վերջ տրվեց կոմկուսի մենիշխանության յոթանասունամյա շրջանին:
1990թ. օգոստոսի 4-ին Հայաստանի Գեագույն խորհուրդը որոշոմ ընդունեց պատգամավորներից ստեղծել Հայաստանի անկախության հռչակագրի նախապատրաստման 15 մարդուց բաղկացած հանձնաժողով: 
Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվեց 1990 թ․ օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի ընդունած` Հայաստանի անկախության մասին հռչակագրով։ Այն նշանավորեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայտարարվեց հանրապետության տարածքում ԽՍՀՄ Սահմանադրության և օրենքների գործունեության դադարեցման մասին։
Հռչակագիրը, որը կարևոր իրավական փաստաթուղթ էր, բաղկացած էր երեք բաժիններից՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, ուներ 12 հոդված։
Հոդվածներում տեղ գտած ձևակերպումների արդյունքում ՀԽՍՀ-ն վերանվանվեց ՀՀ, ինչպես նաև հռչակագրով ուրվագծվեցին ինքնիշխանության, օրինականության, ժողովրդավարության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների իրավական սկզբունքները։ Հռչակագրում տեղ գտան նաև սեփական բանակ և սպառազինություն ստեղծելու, այդքան երազած ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու մասին հիմնադրույթները։ ՀՀ անկախության հռչակագիրը բավական լավ մշակված փաստաթուղթ էր, ուներ ծրագրային նշանակություն և նույնիսկ կարող էր ծառայել որպես Սահմանադրություն՝ մինչև դրա ընդունումը։ Գնահատելով պատմական այդ կարևոր փաստաթղթի ընդունումը՝ հարկ է ասել, որ այն ուղենշային կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթ էր, որը հիմք պետք է ծառայեր հայոց պետականության հետագա զարգացման համար: 
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թ. փետրվարի 28-ի նիստում, որտեղ, բազմաթիվ այլ ելույթներից զատ, ելույթ էր ունեցել նաև ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով այն գաղափարը, որ ԽՍՀՄ-ը դատապարտված է լինելու ոչնչացման: 1991թ. մարտի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին և համաժողովրդական քվեարկության դնել հետևյալ հարցը․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։ Հանրաքվեն նշանակվեց 1991թ. սեպտեմբերի 21-ին։
Հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ էր ստեղծել հանրաքվեն կազմակերպող և անցկացնող հանձնաժողով: Այդ նպատակով 1991թ. մայիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ընդունեց հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով կազմելու մասին որոշում, իսկ հետո հաստատեց հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը։
Մոսկվան ամեն ինչ անում էր կասեցնելու, խոչընդոտելու Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացը՝ օգտագործելով ադրբեջանական գործոնը, արհեստականորեն սրելով տարածաշրջանում իրադրությունը, ինչպես նաև ստեղծելով այն թյուր կարծիքը, որ իբր առանց Խորհրդային Միության աջակցության Հայաստանն անկարող էր ինքնուրույն գոյատևել՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունը ետ պահել անկախության ուղուց և հետամուտ լինելով օրինական իշխանությունների տապալմանը:
1991թ. սեպտեմբերի 21-ին այդքան սպասելի հանրաքվեն կայացավ։ Հանրաքվեի արդյունքները ներկայացրել է Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ԳԽ փոխնախագահ Բաբկեն Արարքցյանը։ Ընտրելու իրավունք ունեցող 2.163.967 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2.056.758 քաղաքացի` 95,4%։ «Այո» քվեարկած քվեաթերթիկների թիվը` 2.042.262 (ընտրելու իրավունք ունեցողների 94,39 %)։ «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը` 10.002 (ընտրելու իրավունք ունեցողների 0,46 %)։ Անվավեր է ճանաչվել 4129 (0,19 %) քվեաթերթիկ։ Խախտումների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել։ Հանրաքվեի ընթացքին հետևել են 117 դիտորդ` 25 երկրներից։
Հանրաքվեի արդյունքում 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատեց հանրապետության ելքը ԽՍՀՄ-ի կազմից։ Նույն օրը հանդիսավոր նիստին մեծ շուք հաղորդվեց, երբ նրա ավարտին դահլիճում հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի տերունական օրհնությունը: Նիստի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ Գերագույն խորհուրդը ընդունեց մի կարևոր որոշում ևս. սեպտեմբերի 21-ը այլևս մտավ ազգային տոնացույցի մեջ՝ որպես անկախ պետության, երրորդ հանրապետության ծննդյան օր։ 
Հարկ է ընդգծել, որ  Հայաստանի Հանրապետության անկախությունը ձեռք է բերվել արցախյան պատերազմի ու դժվարին սոցիալ-տնտեսական պայմաններում: Սակայն, 1991 թ. սեպտեմբերի 21-ի ժողովրդի կամքը արտահայտած համաժողովրդական հանրաքվեն նշանավորեց զարգացման մի նոր փուլ: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը: 
Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ որպես ինքնիշխան պետություն, կայացած ժամանակակից պետություն, որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, իսկ հայ-ադրբեջանական պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ դարձավ  տարածաշրջանում ռազմական գործոն։
Անկախության ուղին բռնած հանրապետությանը սպասվում էին ծանր փորձություններ, որոնք նույնիսկ հիմա՝ 31 տարի անց, դեռ չենք հաղթահարել։ Այդ փորձությունները թե՛ ներքին, և՛ թե արտաքին էին։ Դրանցից ամենախոշորը, թերևս, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեզ պարտադրված պատերազմն է, որ այս տարիների ընթացքում և այսօր էլ անցնում ենք (հիշենք չավարտված հայ-ադրբեջանական պատերազմի չորս փուլերը (1991-1994 թթ․, 2016 թ․ ապրիլյան, 2020 թ․ 44 օրյա և 2022 թ․)):
Անկախության համը շատ քաղցր է, սակայն այն չպետք է արժենա սերունդների կյանքն ու մասնակի կամ լիակատար ոչնչացումը․ այսօր մեր սասանված հեղինակությունը վերականգնելու և նույնքան սասանված պետականությունը պահելու համար միահամուռ պետք է լինենք՝ սպասվելիք նոր փորձությունները պատվով հաղթահարելու համար։

 

Հեղինակ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան
                                                                                                                                          

Generalnews.am