«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում պահանջում են Էրդողանի փեսայի հրաժարականը

08/11/2020

Նոյեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնանկ արեց Թուրքիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Մուրադ Ույսալին: Այդ ժամանակ Կենտրոնական բանկն արդեն տասնյակ միլիարդ դոլար էր ծախսել իր արժութային պահուստային ֆոնդից՝ ի պաշտպանություն լիրայի:

Նոյեմբերի 8-ին թուրք պատգամավորները պահանջեցին նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականը:

Ի դեպ, նա Էրդողանի փեսան է՝ նախկին էներգետիկայի նախարարը: Ոչ այն փեսան, որ «Բայրաքթար» անօդաչուների գլխավոր ճարտարապետն է ու «Բայքար»-ի գլխավոր տեխնոլոգը:

Հրաժարականների պահանջը տնտեսական բացատրություն ունի. լիրան պատմական անկում է գրանցում:

Փեսան սպանեց տնտեսությունը, կատակում են թուրքական սոցցանցերում: Իսկ երկրի առաջին փեսան պարզաբանում է.

Բերաթ Ալբայրաք (Թուրքիայի ֆինանսերի նախարար) - Թուրքիան գործ չունի դոլարի հետ, եթե տոկոսադրույքը բարձրացնենք, արժույթը կընկնի, բայց դա մեր խնդիրը չէ:

Ալբայրաքն այս տարի կանխատեսել էր տնտեսական աճ, մինչդեռ թուրք տնտեսագետները վստահեցնում էին՝ անկում է լինելու 0.8 տոկոսով: Սրան արձագանքում են նախկին իշխանավոր, ներկա ընդդիմադիրները:

Ահմեդ Դավութօղլու (Թուրքիայի նախկին վարչապետ) - Տնտեսությունում հրդեհ կա: Խնդիր կա մեքենայի շարժիչի հետ, դուք միայն անվադողն եք փոխել ու ուզում եք այն շարժվի: Այս հիանալի երկիրը հասցրել եք խղճալի վիճակի: Էրդողանի ընտանիքն այս երկրի ամենամեծ աղետն է:

Աշխարհի 20 ամենամեծ տնտեսություններից մեկի տնտեսական ակտիվությունը տարվա երկրորդ կիսամյակում ընկավ 9.9 տոկոսով: Հունիսին Միջազգային արժութային հիմնադրամը Թուրքիայի տնտեսության հինգ տոկոս անկում կանխատեսեց այս տարվա համար՝ նաև ՔՈՎԻԴ 19-ի համավարակի պատճառով: Թուրքական սոցցանցերում գրում են՝ պատճառը միայն քովիդը չէ, հայերի դեմ կռվող վարձկաններին էլ է վճարել պետք:

Աղբյուր՝ 1lurer.am