Հինգշաբթի, Հունվարի 21, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանն է սկսել գերիների վերադարձի գործընթացը քաղաքականացնել. Ալավերդյան

14/01/2021 25

Կարծես թե բաժանում է տեղի ունեցել հին և նոր ռազմագերիների միջև։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Ալավերդյանը պատմեց, որ անհետ կորած զինվորներից մեկի հարազատին ասել են, թե հին անհետ կորածների վրա չեն ազդում գործող օրենքները, և նրանք անգամ չեն ստանում այն սոցիալական աջակցությունը, որը ստանում են նոր անհետ կորած զինվորների ընտանիքները։ Ալավերդյանը նշում է, որ մերժում է այդ մոտեցումը, անհետ կորածն անհետ կորած է և հույս ունի, որ այդ մոտեցումը կփոխվի։
«Մենք ունենք 200-ից ավելի անհետ կորածների դեռ Արցախյան առաջին պատերազմից։ Ինքնին այդ խնդիրը բազմապատիկ ավելի ծանր է, քան շատերը պատկերացնում են»,- նշեց Ալավերդյանը։

Ինչ վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմին, Ալավերդյանը նշեց, որ նկատվում է տարօրինակ երևույթ, որն ունի հանցագործության հատկանիշներ։ Նրա խոսքով՝ ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի, այս պատերազմն ընթացել է ավելի կազմակերպված, որովհետև առաջին պատերազմը սկսվել է ֆիդայական ջոկատներով, իսկ այս անգամ մենք ունեինք կայացած բանակ, և, երբ ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն, եզակի մարդիկ են եղել, որ առանց զինկոմիսարիատներին դիմելու են հայտնվել առաջնագծում։ Ալավերդյանն ընդգծեց, որ բանակը պետք է մի քանի թիվ ունենա՝ ցուցակներով և դրանցից առաջինը ռազմաճակատ գնացածների թիվն է, երկրորդը՝ վերադարձածների ցուցակը և երրորդը՝ հայտնի ռազմագերիների ցուցակը։

«Եվ այդ դեպքում կմնան այն մարդիկ, որոնք համարվում են անհետ կորած։ Իսկ հիմա իշխանություններն ասում են՝ դա գաղտնի թիվ է, բայց այդ անձանց բոլոր հարազատները պետք է տեղեկացված լինեն։ Եվ այստեղ, այդ գաղտնիության քողը ավելի շատ քաղաքականացված քայլ է։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի կողմից բոլոր ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին գումարվել է ցինիկ մի պահվածք, որն արվել է ցուցադրական ձևով։ Նրանք, վերադարձնելով 44+1 գերիներին, դրա դիմաց վերցրել են 62, մեր տվյալներով՝ 64 մարդկանց։ Եվ Ադրբեջանը ոչ թե ոտնահարում է այս կամ այն միջազգային նորմը, այլ նա հակադրվում է այդ նորմերին։ Մենք պետք է այդ միտքը շրջանառության մեջ դնենք»,-նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ միջազգային իրավունքն արգելում է խոսել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների վերադարձի մասին և, եթե կան ռազմագերիներ, պետք է անմիջապես գործընթաց սկսվի՝ նրանց հետ կապված։

Նրա խոսքով՝ չի կարող լինել նման խոսակցություն, որ գերիների վերադարձի մասին կխոսվի երկաթուղին բացելուց հետո։ Ըստ նրա՝ դա հայտարարելն արդեն նշանակում է ոչ թե քաղաքականացում, այլ՝ մանիպուլյացիա։

«Բնակչության մեծ մասը դեմ են սահմանները այդքան հապշտապ բացելուն և մի քանի կոմունիկացիաներ ստեղծելուն։ Կոմունիկացիան միայն ճանապարհը չի, դա սպասարկում ունի, դա անվտանգության ապահովում ունի, դա ենթադրում է և՛ ճանապարհը, և՛ համակարգային գործողությունները։ Իսկ հիմա այդ քաղաքական առումով անմեղսունակ հայտարարությունները, թե այստեղ չկան Մեղրի կամ միջանցք բառեր, չգիտեմ՝ որ խավի համար են։ Դա անգրագիտության ծայրահեղ աստիճան է»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանն է սկսել գերիների վերադարձի գործընթացը քաղաքականացնել, ավելին, վերցնելով ռազմագերիներ, նրանց ահաբեկիչ է որակել։