«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Զորավար սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ուղերձը հայաստանի անկախության 31-ամյակի առիթով

21/09/2022

Սիրելի հայ ժողովուրդ,

Լրանում է Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման կամ որ նույնն է՝ Հայաստանի անկախության վերականգնման 31-ամյակը:

Շատ բարդ և հակասական դրվագներ մենք ունեցանք այդ երեսուն տարիներում: ՀՀ անկախության գործընթացն ընթացավ 1988թ. սկզբնավորված արցախյան շարժման զուգորդությամբ, շարժում, որն աստիճանաբար վերածվեց ազատագրական պատերազմի:

1990թ. օգոստոսի 23-ին ընդունված անկախության մասին «Հռչակագիրը» մատնանշեց այն քաղաքական, տնտեսական և սոցիալական ուղենիշները, որոնց հիմքով պետք է վերակերտվեր անկախությունը: Սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեին ժողովուրդը գնաց միակամ, այն համոզմունքով լեցուն, որ եկել է ուժեղ, անկախ և ազատ Հայսատան կերտելու ժամանակը:

Սակայն, ցավոք, այս երեսուն տարիների ընթացքում մեր ժողովրդի սրտում այդպես էլ չհիմնավորվեց անկախությունը որպես գերագույն արժեք, ավելին՝ գնալով ոտնահարվեց այդ վեհ գաղափարը հետևյալ պատճառներով.

  • Արցախյան պատերազմում մեր հաղթանակը, 1991-98թթ. վարված արտաքին ճկուն քաղաքականությունը, որն ընթանում էր մեր ինքնուրույնության ամրապնդման, արցախյան խնդրի արժանապատիվ լուծման ճանապարհով, կտրուկ շրջադարձ կատարեց դեպի պարտվողական ուղին, առավելապաշտությունը կամ ավելի ճիշտ դրա քողի ներքո իշխանության հասնելու բուռն ցանկությունը, Արցախին դուրս մղեց բանակցային կողմից:
  • 1998թ, սկսած այն անձինք, որոնք իշխանության եկան Արցախի խնդրի շահարկումով, բանակցություններ վարեցին դարձյալ փոխզիջումների, ավելին՝ զիջումների ճանապարհով՝ ժողովրդին ներշնչելով այն թյուր համոզմունքը, որ հայոց բանակը տարածաշրջանում ամենաուժեղն է, և երկու տասնամյակից ավելի հայոց մայրերի սրտերում իշխեց տագնապն ու անհանգստությունը, վախը՝ հանկարծ չլսելու սեփական զավակի մասին ողբալի բոթը: Արցախի խնդիրը ծառայեց իշխանություն պահելու միջոց՝ ներքին հակաիշխանական շարժումների դեպքում արտաքին հարձակման վնասը մատնանշելով, և իշխանության հասնելու միջոց՝ իշխանություններին այդ խնդրում գնալ զիջելու կամ դավաճանություն գործելու կարգախոսով:
  • Բանակի և Արցախի ամրապնդման քողի տակ մսխվեցին միլիարդավոր ֆինանսական ռեսուրսներ, Հայստանում ձևավորվեց քրեաօլիգարխիկ համակարգ, որն հարստանում էր հայրենասիրության շահարկմամբ, առավելապաշատության մարմաջով, անտեսելով Ադրբեջանի օրեցօր ուժեղանալու հանգամանքը և քաջությունը չունենալով կամ հատուկ չհայտարարելով այն մասին, որ բանակցում են միայն ու միայն հողեր զիջելու շուրջը, որն անխուսափելի պետք է լիներ համատարած թալանի և կողոպուտի պայմաններում:
  • Մեր հարևանների հետ սեփական ճշգրիտ դիվանագիտության արդյունքում նորմալ հարաբերություններ ձևավորելու գործընթացն աստիճանաբար վերածվեց  նրանց հետ ստիպողաբար հարաբերությունների գնալու գործընթացի, քանի որ այդպես են պահանջում մասնավորապես Ռուսաստանի և Թուրքիայի շահերը:
  • Մինչև այդ, արդեն երկու տարի առաջ սկսված պատերազմը մսխեց մի ամբողջ սերունդ, լրիվ հողին հավասարեցրեց անկախության վեհ գաղափարը, որի մասին նույնիսկ արդեն ոմանք խոսում են քամահրանքով: ԱՀ-ի գրեթե 75 տոկոսը մնաց մեր թշնամուն:

Բայց եղածն արդեն անցյալում է, անկախությունն, անշուշտ, պետք է նշվի, առանց ավելորդ ցուցամոլության և ամպագորգոռ ճառերի, պետք է նշվի մեր զոհերի առջև խոնարհումով և այն ազգային անվտանգության հայեցակարգի մատուցումով, որը պետք է տանի նորից անկախության նկատմամբ հավատի վերականգնմանը և Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության ամրապնդմանը: Ստեղծված պայմաններում դա դյուրին գործ չէ և պահանջում է համախմբում, դավաճանական ձգտումների բացառում, փոխադարձ հարգանք, մեկը մյուսի նկատմամբ սեր և հանդուրժողականություն:

Եկել է ժամանակը, որ թոթափենք ատելությունը, սխալ ենք՝ հեռանանք, թերի ենք՝ լրացնենք մեկս մյուսին: Մեր գործած սխալները չբարդենք ուրիշների վրա: Վերջնականապես չդառնանք մեծերի քաղաքականության կցորդը, չապրենք ողորմության ձեռք մեկնելով: Հաղթում է նա, ով ունի կամք, ունի խելք.այս դեպքում ուժն ինքնաբերաբար կգա: Շնորհավոր անկախության տոնը, հոգեկան անդորր, արիություն և սեր մեր ժողովրդին, որին հիմնական ուղորդողը հայ քաղաքական միտքը պետք է լինի՝ անցյալի դասերով հղկված և կոփված: Փառք անկախության բոլոր նահատակներին: Խոնարհում նրանց և ապրող հերոսներին:

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոն