«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՆ առաջին տեղակալն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

23/09/2021

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը։ Վերջինս Հայաստանում նախատեսում է ծրագիր իրականացնել դատարանների կարողությունների զարգացման ուղղությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, փոխնախարար Գրիգորյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի արդարադատության նախարարության առաջնահերթությունների շարքում են հակակոռուպցիոն ու դատաիրավական բարեփոխումների հետևողական իրականացումը։ «Հատկապես կարևորվել է դատական իշխանության բարեվարքության ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և հաղորդակցության կարողությունների զարգացման ուղղություններով իրականացվող ծրագրերը։ Փոխնախարարը շեշտել է, որ նշված առաջնահերթությունների վերջնանպատակը դատարանների նկատմամբ հանրային վստահության առավել բարձր մակարդակի ապահովումն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատվիրակության անդամները ներկայացրել են մշակվող ծրագրի մանրամասներն ու ժամկետները: Քրիստիննե Գրիգորյանը գոհունակություն է հայտնել, որ նախարարության բոլոր առաջնահերթություններն արտացոլված են շվեդական կողմի առաջարկություններում և այդ համատեքստում ընդգծել է նաև Արդարադատության ակադեմիայի հետ նախանշվող համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները՝ վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցությունը զարգացնելու նպատակով։