«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փեսան դաժանաբար ծեծել է 78-ամյա զոքանչին, ապա հովվաշանը բերել ներս ու հարձակվելու հրաման տվել. կինը մահացել է

23/09/2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է 78-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 20-ի սահմաններում, 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով ձևավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Լոռու մարզի Ծաթեր բնակավայրի իր առանձնատանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել զոքանչի գլխի և մարմնի տարբեր մասերին` պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ:

Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո,  հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել. արդյունքում՝ ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: