«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենա և նկարահանել երեխաներին, նրանցից մեկը ուշաթափվել է. Գեղամ Ստեփանյան

18/01/2023

Գեղամ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։ 

Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողությունները ամբողջությամբ բացահայտում է նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։ Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։

Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»։