«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանի ՊՆ-ն հերքում է Հայաստանին Ս-300 ԶՀՀ-ների փոխանցման մասին լուրերը

11/02/2025

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու ծրագրերի մասին տարածված լուրերը:

Դենդիասը պատասխանել է «Հունական լուծում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը, որն ուղարկվել էր դեռևս 2024 թվականի դեկտեմբերի կեսերին։

Նշենք, որ հարցման մեջ ասվում էր, որ, ըստ մի շարք հրապարակումների, պաշտպանության նախարարությունը մտադիր է շահագործումից հանել ռուսական զենիթային համակարգերը, այդ թվում՝ Ս-300-ները, և դրանք փոխարինել նոր՝ Իսրայելում կամ այլ երկրում արտադրված համակարգերով: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանից հետո նախատեսվում է այդ միջոցները զիջել Հայաստանի ՀՕՊ-ին՝ «Ֆրանսիայի և այլ գործընկերների հետ լայն ռազմավարական համագործակցության շրջանակներում»:

Դենդիասի պատասխանում, մասնավորապես, ասված է. «Համապատասխան հարցին ի պատասխան հայտնում եմ, որ զենիթային սպառազինության համակարգերը երրորդ երկրներին հանձնելու մասին որոշում չի կայացվել: Ամեն դեպքում, Ազգային պաշտպանության նախարարության քաղաքականության գլխավոր չափանիշը Հունաստանի տարածքի ցանկացած կետում երկրի պաշտպանունակությունն ամբողջ ծավալով պահպանելն է»:

Ավելի վաղ enikos.gr պորտալը հայտնել էր, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի «Ս-300», «Տոր-Մ1» և «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։