«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չգիտեմ՝ ՀՀ սովորական քաղաքացիներին դուր է գալիս «Զանգեզուրի միջանցք» տերմինը, թե ոչ, բայց ադրբեջանական հայեցակարգում այն ավելի լայն մասշտաբներ ունի. Հուսեյնով

04/11/2025

«Զանգեզուրի միջանցքը» սկսվում է Ադրբեջանում և ավարտվում է Թուրքիայում, իսկ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) այդ միջանցքի բաղկացուցիչներից մեկն է։ Այս մասին այսօր Երևանում կայացած «Օրբելի 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ադրբեջանցի քաղաքագետ Ռուսիֆ Հուսեյնովը»։

Նա, մասնավորապես, նշեց. «Չգիտեմ՝ Հայաստանի սովորական քաղաքացիներին դուր է գալիս «Զանգեզուրի միջանցք» տերմինը, թե ոչ, բայց ադրբեջանական հայեցակարգում «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը ավելի լայն մասշտաբներ ունի»։

Քաղաքագետը հավելել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է այս կոնկրետ հաղորդակցության գծով, քանի որ այն ամենակարճ ճանապարհն է։

Հուսեյնովը նշել է, որ պետք է սպասել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բանակցություններին՝ որոշելու համար, թե ինչ համաձայնության կհասնեն կողմերը TRIPP նախագծի իրականացման ձևաչափի վերաբերյալ։

«Կոչ եմ անում մարդկանց սպասել և տեսնել, թե ինչպես է այս նախագիծը գործում և միայն դրանից հետո կենտրոնանալ մյուսների իրականացման վրա»,-ասել է նա և հավելել, որ տարածաշրջանում այնքան արագ է ամեն ինչ փոխվում, որ դժվար է հետևել գործընթացներին։

«Երբ 2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահները տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում, շատերն ասում էին, որ ռուսներն այնտեղից երբեք դուրս չեն գա։ Սակայն նրանք հեռացան նույնիսկ մանդատի ավարտի ժամկետից շուտ։ Հիմա դեռ անհասկանալի է, թե ինչ կարող են տարածաշրջանին առաջարկել Ռուսաստանն ու այլ արտաքին խաղացողներ»,-նշել է ադրբեջանցի քաղաքագետը: