«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էլեկտրոնային կամ կրիպտոարժույթով վճարային համակարգի մասին. Հրաչյա Դանիելյան

22/04/2022

Generalnews.am-ի հյուրն է TETCHANGE ընկերության հիմնադիր-տնօրեն, <<Էլեկտրոնային վճարային համակարգերի զարգացման ասոցիացիա>> ՀԿ նախագահ Հրաչյա Դանիելյանը:

- Փողն այն առանցքն է, որի շուրջը պտտվում է երկրագունդը: Փողի ծագումը՝ որպես փոխանակային հարաբերությունների ձևավորման և զարգացման կարևոր պայման, պատմական երևույթ է ու ունի ներքին տրամաբանական կապ: Փողի մասին տնտեսագիտական գրականության մեջ կան բազմաթիվ սահմանումներ։ Դրանք, ինչպես նաև փողի ծագման և զարգացման պատմությունը մշտապես արդիական թեմա է, որի շուրջ կարելի է երկար խոսել։ Գաղտնիք չէ, որ իր զարգացման ընթացքում փողն անցել է երկար ճանապարհ, և արդեն 21-րդ դարում տեղեկատվական հասարակության մաս են կազմում էլեկտրոնային փողերը և կրիպտոարժույթները։ Սկսենք տերմինից՝ ե՞րբ է առաջացել <<կրիպտոարժույթ>> տերմինը, ինչպե՞ս և ո՞ր շրջանակներում է այն շրջանառվում։

- Ուրախալի է, որ լրատվական դաշտում կրիպտոարժույթների շուրջ կա հետաքրքրություն։ Պատասխանելով Ձեր հարցին՝ նշեմ, որ տերմինն առաջացել է 2009 թվականին։ Օգտագործվող “crypto” եզրույթը նշանակում է գաղտնի, ծածուկ: Կրիպտոարժույթ եզրույթը հաստատվել է 2011 թվականին “Forbes” ամսագրում “Crypto currency” հոդվածի հրապարակումից հետո: Եթե ավանդական դրամական միջոցների շրջանառությունը կատարվում է կենտրոնական բանկերի կողմից, ապա կրիպտոարժույթի պարագայում համակարգը ապակենտրոնացված է և կառավարումն ու վերահսկողությունը իրականացվում է բլոքչեյն համակարգի կողմից։ Կրիպտոարժույթներն այս պահին 7000-ն են։ Կան թանկ, էժան, կապիտալիզացիայի բարձր և ցածր մակարդակ ունեցող կրիպտոարժույթներ։ Կրիպտոարժույթները լայնորեն կիրառվում են ժամանակակից աշխարհում։ ՀՀ-ում կիրառվում է Ռուսաստանի ռելոկացիա եղած ակտիվները։ Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են կրիպտոարժույթները մտնում ֆինանսական գործիքակազմ, այսինքն՝ ուզենք-չուզենք, կրիպտոարժույթներ արդեն գոյություն ունեն, և օրինակ ՌԴ-ն արդեն սկսել է կարգավորել իր օրենսդրությունն այս ոլորտում։ Կրիպտոարժույթների կիրառման շրջանակները լայն են,  քանի որ դրա օգտագործումը բավական հարմար է։ Վերահսկողության առկայության դեպքում կկարգավորվեն փողերի լվացման ռիսկերը և այն կվերածվի վիրտուալ ամենատարածված արժույթի։ Կրիպտոարժույթները, ինչպես նաև արժույթի այլ տեսակները (այդ թվում և դոլլարը) որևէ կերպ ապահովագրված չեն։

- Հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի զարգացման մասին։
- Վճարահաշվարկային ճանաչված համակարգերը, օրինակ՝ Ի-Դրամը, Վեբ-Մանին և այլն, մի պահ բավական լավ զարգանում էին, սակայն հիմա մղվում են երկրորդ պլան, քանի որ կրիպտոարժույթները ցածր միջնորդավճարներով են աշխատում, մեծ են կրիպտոարժույթների հնարավորությունները։ Կրիպտոարժույթները լիցենզավորում չեն պահանջում, սակայն դա ունի իր բացասական կողմերը։ Դրանք կարգավորելու և մրջազգային տրանսֆերտները արագացնելու ուղղությամբ աշխատում են համապատասխան պետական մարմինները։ Հետաքրքիր փաստ բերեմ․ այսօր ՀՀ-Իրան առևտրի մեծ մասն իրականացվում է կրիպտոարժույթների միջոցով, և այն կիրառողների կարծիքը միանշանակ բարձր է այդ վճարամիջոցի նկատմամբ, քանզի ազատել է դասական փողով կատարվող գործարքներին առնչվող բազմաթիվ <<գլխացավանքներից>>։

- Գաղտնիք չէ, որ թեև ապրում ենք 21-րդ դարում, բայց հասարակության լայն շերտերը դեռ ծանոթ չեն կրիպտոարժույթներին, իսկ եթե ծանոթ են, ապա բավարար վստահությամբ չեն մոտենում դրա կիրառմանը։  Այս համատեքստում կխնդրեի անդրադառնայիք կրիպտոարժույթների ծագումնաբանության և զարգացման խնդիրներին։
- Էլեկտրոնային վճարային հաշվարկներում ներկայումս էական ակտիվություն են ցուցաբերում կրիպտոարժույթները: Ֆինանսական շուկաները դեռևս լիարժեք վստահություն չեն ցուցաբերում կրիպտոարժույթների նկատմամբ, սակայն այդ չի խոչընդոտում, որ էլեկտրոնային փողերի այս սերունդը աստիճանաբար իր ճանապարհը հարթի վճարային հաշվարկներում, քանի որ այս դեպքում արձանագրվում են մի շարք առավելություններ, որոնք նկատելի չեն ավանդական էլեկտրոնային վճարային հաշվարկների ժամանակ: Դրանցից առավել առանցքային են համարվում կրիպտոարժույթներով գործարքների արագությունը, համեմատաբար էժանությունը, ապակենտրոնացված կառավարումը և գաղտնիությունը` գործարքների էլեկտրոնային գաղտնագրման ճանապարհով: Մարդկության պատմության մեջ կրիպտոարժույթը փողի ամենաարտասովոր ձևն է: Եթե թղթե փողը կամ արժեթուղթը հնարավոր է ներկայացնել կենտրոնական բանկ կամ մասնագիտացված ֆինանսական ընկերություն և ենթարկել իրացման, ապա կրիպտոարժույթի դեպքում այն հնարավոր չէ: Թվային արժույթը ոչ նյութական է, շոշափելի չէ և պարզապես համակարգչային կոդի մի մաս է, գոյություն ունի միայն համացանցում և թվայնացված պահեստում: Այն նոր սերնդի ապակենտրոնացված թվային արժույթ է, որի ստեղծումը և վերահսկումը հիմնված է գաղտնագրային մեթոդների հիման վրա: Մեր կարծիքով, կրիպտոարժույթի ծագումնաբանությունը և կիրառման էվոլյուցիան ուսումնասիրելիս ժամանակային առումով պետք է ավելի հետ գնալ և սկսել անցյալ դարի 70-ական թվականներից՝ առավել շեշտադրելով շահադրդման ազդակներին: Այս նկատառումով, առաջարկում ենք կրիպտոարժույթների ծագման շարժառիթները և զարգացումները ներկայացնել հետևյալ երեք փուլերով․
Առաջին փուլ. կրիպտոարժույթների ձևավորման նախադրյալների ձևավորում, երբ հանրային կյանքում ձևավորվեց անհատի անձնային վարքագծի տեղեկատվության պաշտպանվածության պահանջ և ի հայտ եկան էլեկտրոնային գաղտնագրման նոր մոտեցումներ (1970-ական թվականներ): 
Երկրորդ փուլ. կրիպտոարժույթների կիրառմանը նպաստող ֆինանսական գործարքների կառավարման նոր մոտեցումների ձևավորում (1990-թվականներ), երբ պետական կառավարման կենտրոնացված համակարգին զուգահեռ պահանջ դրվեց գործողության մեջ դնել ֆինանսական գործարքների ապակենտրոնացված կառավարման համակարգը:
Երրորդ փուլ. կրիպտոարժույթի գործնական կիրառում (2010 թվականից մինչև այսօր), երբ ձևավորվեց անհրաժեշտ վիրտուալ համակարգ և պրակտիկ մեթոդաբանական շրջանակ այլընտրանքային էլեկտրոնային վճարամիջոցներ կիրառելու ուղղությամբ այնպես, որ արդեն իրատեսական դարձավ Բլոքչեյն համակարգում կրիպտոարժույթի էմիսիան և կիրառումը ոչ միայն էլեկտրոնային փողի որպես վճարամիջոցի, այլև արժեչափման, խնայողությունների իրականացման և կապիտալիզացման գործիքի:  

- Հասարակության շրջանում կրիպտո, և ընդհանրապես էլեկտրոնային վճարամիջոցների մասին օբյեկտիվ պատկերացում ձևավորելու համար կուզեի խոսեիք կրիպտոարժույթների կիրառման պետական կարգավորման հիմնախնդիրներից։
- Մենք ՀՀ-ում արդեն 6 տարի զբաղվում ենք կրիպտոարժույթներով, տենդենցները այնպիսին են, որ թե´ տարեցները, թե´ դեռահասները հետաքրքրվում են կրիպտոարժույթներով, կարդում են դրանց մասին։ Մարդիկ հասկացել են, որ կրիպտոարժույթներն ունեն ապագա։ Ասեմ ավելին՝ շատերն այսօր հետաքրքրվում են մայնինգով։ Տարեկան 20-30% եկամտաբերությամբ մարդիկ օգտվում են մայնինգի ընձեռած հնարավորություններից, մինչդեռ բանկային ավանդը ընձեռում է ընդամենը 5-10 % եկամտաբերություն։ Կրիպտոարժույթի պետական կարգավորման հիմնական պատճառների թվին կարելի է դասել.

  • կարգավորիչ միասնական գործիքակազմի բացակայությունը ինչպես արժույթի թողարկման (մայնինգի), այնպես էլ կրիպտոարժույթով գործարքների իրականացման գծով, որը ժամանակ առ ժամանակ հանգեցնում է գնային կտրուկ տատանումների: 
  • Կրիպտոբիրժաների պատշաճ ապահովվածության բացակայությունը, որի ապացույցը եղավ 2014 թվականին Տոկիոյի բորսայի և 2016 թվականին Հոնկոնգի բորսաների վրա հաքերային հարձակումները և հազարավոր բիթ-քոիների գողությունը: 
  • Կրիպտոշուկաների գործունեության ներդաշնակության բացակայությունը և անգամ տարաձայնությունների սրումը:
  • Կրիպտոարժույթի էմիսիայի պետական վերահսկողության և օրենսդրական սահմանափակումների բացակայությունը և այլն:

Ի նկատի ունենալով կրիպտոարժույթի պետական կարգավորման թվարկած պատճառահետևանքային արդյունքները, դեռևս 2013 թվականից աշխարհի մի շարք երկրներ այս առումով սկսեցին քայլեր ձեռնարկել: Ուսումնասիրելով առաջատար երկրների փորձը, կրիպտո աշխարհում լայնածավալ գործունեությունը, հստակ դիրքորոշումն ու մոտեցումները և համեմատություն անցկացնելով Հայաստանի Հանրապետության հետ՝ պետք է արձանագրենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից առայժմ չկա որևէ կանոնակարգում կրիպտոարժույթների ոլորտում: Իհարկե, վերջին շրջանում ՀՀ-ում ԿԲ-ի կողմից մշակվում են որոշակի կանոնակարգեր՝ կիրպտոարժույթների կիրառման դաշտը կարգավորելու համար։ Խորհուրդս այն կլինի, որ նույն ԿԲ-ն իր կարգավորիչ ֆունկցիայի շրջանակներում համագործակցի ուժեղ տնտեսվարող սուբյեկտների հետ։


- Ի վերջո, կրիպտոարժույթների վերաբերյալ վստահության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից, կարծում եմ, ճիշտ կլինի անդրադառնալ էլեկտրոնային վճարահաշվարկային գործունեության ֆինանսական վերահսկողության մասին։
- Վերահսկողության բազմաթիվ եղանակներ կան, որոնցից մեկն է օրինակ ինքնահայտարարագրումը, մյուսը՝ լիցենզավորումն է։ Այս առումով, կարևորվում է էլեկտրոնային վճարահաշվարկային  գործունեության վերահսկողությունը, որը մի կողմից նպատակ է հետապնդում ոլորտի կայուն գործունեություն, խափանման ռիսկերից ապահովագրում, մյուս կողմից  պահանջում է վճարահաշվարկային համակարգերի կիրառման արդյունավետություն: Որպես կանոն, վճարահաշվարկային գործունեության վերահսկողությունն իրականացվում է կենտրոնական բանկի կողմից, որը կարգավորվում է օրենսդրությամբ: Այսպես, էլեկտրոնային վճարահաշվակային համակարգի գործունեությունը գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ներքո: Համաձայն ՀՀ օրենսդրության, Կենտրոնական բանկի խնդիրներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը, ինչպես նաև գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am