«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ում էներգետիկ համակարգը չի դիտարկվում անվտանգային տիրույթում, այն դիտարկվում է  բացառապես սպառողական տրամաբանության մեջ․ ք․գ․դ․ Վահե Դավթյան

25/03/2022

 

Generalnews.am-ի հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, <<Էներգետիկ անվտանգության ինստիտուտ>> ՀԿ-ի նախագահ Վահե Դավթյանը

 

- Այսօրվա մեր զրույցը նվիրված է ՀՀ էներգետիկ անվտանգության հիմնահարցերին։ Ինչպե՞ս կբնութագրեիք <<էներգետիկ անվտանգություն>> հասկացությունը և կոնկրետ ՀՀ-ի դեպքում ինչպե՞ս է տեղի ունեցել անցումը ճգնաժամից կայունացման։

- Էներգետիկ անվտանգությունը պետության պաշտպանվածությունն է տարատեսակ ռիսկերից և վտանգներից․ դրանք իրենց հերթին լինում են արտաքին և ներքին։ Եթե ներքին խնդիրները կապված են տեխնիկական, ֆինանսական հանգամանքների հետ, ապա արտաքին սպառնալիքներն այստեղ ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։ Էներգետիկ անվտանգությունն համալիր երևույթ է և այն ճիշտ գնահատելու համար պետք է կիրառել միջգիտակարգային սկզբունք․ այստեղ գործ ունենք տնտեսական, քաղաքական, սոցիալական, էկոլոգիական և այլ հիմնահարցերի հետ, ուստի միայն միջգիտակարգային սկզբունքների շնորհիվ կարող ենք խոսել Էներգետիկ անվտանգության օբյեկտիվ գնահատման մասին։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա ճգնաժամից անցումը դեպի կայունացման տեղի է ունեցել 1990-ական թթ․ կեսերին։ 1995 թ․ վերագործարկվեց հայկական ատոմային կայանի երկրորդ բլոկը, որի արդյունքում էլ երկիրը սկսեց քիչ-քիչ հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, այնուհետև սկսվեցին գազաֆիկացման աշխատանքները, էներգետիկ համակարգի արդիականացումը, ուստի կարելի է ասել, որ 2000-ական թվականների սկզբին մենք ունեինք քիչ թե շատ կայուն էներգետիկ համակարգ։ Սակայն եթե խոսենք աշխարհաքաղաքական իրողությունների մասին՝ պետք է հասկանանք, որ մինչ օրս ՀՀ-ն դուրս է մնում միջազգային, տարածաշրջանային էներգետիկ, տրանսպորտային հաղորդակցությունից, սա իր հերթին ձևավորում է բազմաթիվ ռիսկեր ՀՀ Էներգետիկ անվտանգության համար։ Էներգետիկ անվտանգությունը մենք սահմանում ենք որպես մեծ համալիր, որն  իր մեջ պետք է ներառի նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ, ուստի ես կայունացման մասին վստահաբար չէի խոսի, հատկապես այսօր, երբ մեր էներգետիկ համակարգը հայտնվել է կոլապսի մեջ։

- 2011 թ․ ՀՀ-ում ընդունվել է ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը։  Արդյո՞ք այդ փաստաթուղթը պարունակում է ՀՀ էներգետիկ քաղաքականության ուղենիշները, կոնկրետ ի՞նչ դրույթներ, ի՞նչ մեխանիզմներ են առաջարկված այս փաստաթղթում մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համար։

- Այո, 2011-ին ընդունվել է այդպիսի փաստաթուղթ, հետո որոշակի խմբագրական աշխատանքներ են տարվել փաստաթղթի տեքստում, որից հետո 2013 թ․ նոր հաստատվել է այդ հայեցակարգը։ Այստեղ հիմնականում կառանձնացնեի տեղ գտած ռիսկերը, որոնք ևս բաժանվում են 2 խմբի՝ արտաքին և ներքին։ Հատկանշական է, որ 2011 թ․ էներգետիկ անվտանգության հիմնահարցերը այդ փաստաթղթի շրջանակներում ուղղակիորեն կապվում էին արտաքին, միջազգային մարտահրավերների հետ։ Միաժամանակ, հենց հայեցակարգում խնդիր դրվեց զարգացնել վերականգնվող էներգետիկան որպես Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ, սակայն նշեմ, որ հայեցակարգում չկան հստակ նշված ճանապարհային քարտեզ և գործողությունների ցանկ, որոնք կարող էին հանգեցնել էներգետիկ անվտանգության աստիճանի բարձրացմանը։ Մյուս կողմից՝ հասկանանք, որ գործ ունենք հայեցակարգի հետ, այլ ոչ թե ռազմավարական ծրագրի, ուստի հիմնադրույթային մակարդակը ընդունելի է։ Այն տալիս է էներգետիկ անվտանգության զարգացման հիմնական ուղենիշները։ Այդ հիմնական ուղենիշներից առանձնացնենք հետևյալը․ Էներգետիկ երկխոսության հաստատում ՌԴ-ի հետ՝ որպես էներգետիկ ոլորտի հիմնական խաղացողի, երկրորդ ուղենիշը դա ատոմակայանի շարունակական զարգացումն է, խաղաղ ատոմի դոկտրինի ձևավորումը ՀՀ-ում, մեկ այլ մարտահրավեր է ԻԻՀ-ի հետ գազատրանսպորտային և էներգետիկ հաղորդակցության զարգացումը, ինչպես նաև համակարգի դիվերսիֆիկացիան, որը ցանկացած համակարգի անվտանգության ապահովման կարևոր նախադրյալ է։ Այնպես որ փաստենք, որ 2011 թ․ փաստաթուղթն ուներ շատ կոնցեպտուալ նշանակություն դեռ այդ ժամանակ։ Նշենք նաև, որ 2016 թ․-ից ի վեր անհրաժեշտ դարձավ այդ հայեցակարգը վերանայել, սակայն այն վերանայված չէ․ ակնհայտ է , որ 44 օրյա պատերազմից հետո մեր երկիրը կանգնել է լիովին նոր էներգետիկ մար­տահրավերների առաջ և պարզ է, որ այսօր ՀՀ-ին անհրաժեշտ է էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգ։ Սակայն այստեղ կա որոշակի խնդիր․ դա կայանում է նրանում, որ չունենալով էներգետիկ անվտանգության և ոլորտի զարգացման ռազմավարական հայեցակարգ, ՀՀ կառավարությունն ընդունել է մինչև 2040 թ․  էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր փաստաթուղթը։ Այն չի կարող կենսագործվել առանց հայեցակարգային շերտի ապահովման։ ՀՀ-ում էներգետիկ համակարգը չի դիտարկվում անվտանգային տիրույթում։ Այսօր այն դիտարկվում է  բացառապես սպառողական տրամաբանության մեջ։

- Որպես ՀՀ տնտեսության ճյուղի՝ ի՞նչ կասեք ՀՀ էներգիայի շուկայի մասին, ի՞նչ ներքին և արտաքին մարտահրավերների առաջ է այսօր կանգնած ոլորտը։

- Առանձնացնենք մի քանի կարևոր կետ․ Հայաստանի էներգետիկ համակարգն ավելցուկային է։Դա նշանակում է էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններ մենք ունենք դեպի Իրան արտահանում, որը, սակայն սկսել է նվազել, որովհետև Իրանը սկսել է ներկրել նաև Ադրբեջանից։ Իրանական ուղղությամբ առանձնացնեմ նաև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի կառուցման ձախողումը, որը պետք է սինխրոնիզացներ ՀՀ-ի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկ համակարգերը։ Այսօր փորձ է կատարվում կյանքի կոչել ՀՀ-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որը կոչված է եռապատկելտու ՀՀ-ից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը։ Նախագիծը պետք է կյանքի կոչված լիներ 2019 թ․ ձմռանը, սակայն առ այսօր այն պատրաստ է մոտ 35 %-ով։ 2021 թ․ դեկտեմբերին ՀՀ-ն հայտարարվեց, որ այդ նախագիծը կավարտվի 2023-2024 թթ․։ Խնդիրը այն է, որ  եթե հայկական կողմը հապաղում է, Ադրբեջանը սկսում է ակտիվորեն էներգիան արտահանել Իրան։ 2018 թ․-ից ի վեր նկատվել է Ադրբեջան-Իրան էներգետիկ երկխոսության ակտիվացում։ Բազային ռիսկը, որի մասին ես բազմիցս շեշտել եմ այն է, որ Հայաստանը դուրս է մղվում Հյուսիս - Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքից։ Սա լրջագույն հարված է մեր երկրի էներգետիկ համակարգին։ Նշեմ, որ նախկինում դեպի Վրաստան ՀՀ-ն  արտահանվում էր մոտ 15 % էլեկտրաէներգիա, ապա այսօր ՀՀ-ն ներկրողի դերում է։ Կարծում եմ, որ առաջիկայում Վրաստանից ներկրվող էներգիան առաջիկայում իր տեսակարար կշիռը կբարձրացնի հայկական շուկայում։ Սպառողական տեսանկյունից սա նորմալ է, իսկ անվտանգության տեսանկյունից այն շատ ռիսկային է, քանի որ ՀՀ-ն կորցնում է իր արտաքին շուկաները։ Ներքին մարտահրավերների մասին խոսելիս շեշտեմ, որ դրանք փոխկապակցված են արտաքին սպառնալիքների հետ։ Օրինակ, Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի փաստացի ձախողումը բերեց նրան, որ 2021 թ․ դեկտեմբերին Գազպրոմ Արմենիան որոշեց շագահործումից դուրս բերել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, քանի որ այնտեղ արտադրվող էներգիան նախատեսված էր Իրան արտահանելու համար։ Բացի այդ, Գազպրոմ Արմենիան երկրորդ տարին անընդմեջ դիմում է Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու համար։ Ապրիլի 1-ից մենք ունենալու ենք ավելի բարձր սակագներ, որի հետևանքները հասկանալի են բոլորիս։ Չեմ բացառում, որ եկող տարի ևս գազի սակագները կարող են բարձրացվել, որն իր հերթին անդրադառնալու է էլեկտրաէներգիայի սակագների վրա։  Մի բան էլ առանձնացնեմ․ այսօր ՀՀ էներգետիկ համակարգում կուտակված վարկային պարտքը հասնում է 800 միլիոն դոլարի։ Ատոմակայանի մոդեռնիզացման համար վերցրած վարկը մարելու համար հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ս․թ․ փետրվարի 1-ից բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը։

- Խոսենք հայ-ռուսական էներգետիկ համագործակցության արդի վիճակի մասին։

- Հայ-ռուսական էներգետիկ համագործակցությունը բազմավեկտոր է․ օրինակ՝ Գազպրոմ Արմենիան, սակայն այստեղ բախվում ենք սակագնային խնդիրների։ 2013 թ․  կնքված գազային համաձայնագրի փաթեթով այս ընկերությունն ունի ներքին եկամտաբերություն 9 %-ի չափով։ Իրականում այդ թիվը դժվար է ապահովել ներկայիս համեստ սպառման և արտահանման դժվարությունների պայմաններում։ Անհրաժեշտ է բարձրացնել Գազպրոմի հետ համագործակցության բիզնես մոդելի վերանայման հարցը։ Քանի մենք դա չենք արել, սակագների իջեցում կամ զսպում չենք կարող ակնկալել։ Այսօրվա իշխանություններն այս առումով ինչ են բանակցում պարզ չէ։ Հայկական կողմը Գազպրոմ Արմենիայի տնօրենների խորհրդում իրավունք ունի ունենալ միայն 1 ներկայացուցիչ՝ առանց ձայնի իրավունքի․ այս հարցը ևս վերանայման կարիք ունի։ Սա էներգետիկ սուվերենության խնդիր է։ Աշխարհն այսօր թևակոխել է ածխաջրածինների բարձր գնի տուրբուլենտ շրջան և դա վերաբերում է գազին, նավթին և այլն։ Երբ 2025 թ․ կյանքի կոչվի ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկան, մենք պետք է սփոթային գներով ձեռք բերենք ՌԴ-ից բնական գազը, պատրաս՞ստ է արդյոք ՀՀ-ն դրան․ կարծում եմ՝ ոչ։ Հիմնական խնդիրը  ՌԴ-ի հետ կայանում է գազատրանսպորտային քաղաքականության տիրույթում, մասնավորապես՝ սակագների ձևավորման տիրույթում։

- Ինչպիսի՞ն է պատկերը հայ-իրանական էներգետիկ համագործակցության ոլորտում։

- 2018 թ․ իշխանափոխությունից հետո ՀՀ իշխանությունները սկսեցին թիրախավորել հայ-իրանական օրակարգը։ Կարևոր էր, որ ձախողեցին Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ  գծի կառուցումը, որը ապաշրջափակմանն ուղղված կարևոր քայլ էր։ Մենք այսօր որևէ քայլ չենք ձեռնարկում։ Օրակարգից դուրս բերվեց Մեղրիում հայ-իրանական ՀԷԿ-ի կառուցումը, որը տարիներ շարունակ  դիտարկվում էր փոխադարձ ձեռնտու բիզնես-մոդել։ 2019 թ․ Թեհրանը հայտարարեց, որ եթե հայկական կողմն ուզում է դա կառուցել, թող սեփական ուժերով ֆինանսական դոնորներ փնտրի։ 44 օրյաից հետո Իրանն ու Ադրբեջանը հայտարարեցին երկու խոշոր սահմանային հիդրոօբյեկտների կառուցման մասին՝ Զղխալասի և Խուդավերինի։ Սա հայկական կողմի համար էներգետիկ դիվանագիտության ձախողում է Իրանի հետ հարաբերություններում։ Իրան-Հայաստան գազամուղի մասին ասեմ, որ դրա տարեկան թողունակությունը կազմում է 2,3 մլրդ մ3  գազ, ՀՀ-ն լավագույն դեպքում ներկրում է 450 մլն մ3  գազ, և կարծում եմ, այդ ցուցանիշը գնալով նվազելու է։ Հաջորդ խնդիրը, որ քննարկվում է արդեն 20 տարի, այն է՝ ինչու՞ ՀՀ-ն Իրանի համար չի դառնում գազի տարանցման երկիր․ ասեմ, որ դա հնարավոր չէ մի քաի պատճառներով․ առաջինը՝ Իրան-Հայաստան գազամուղը տարանցիկ չէ, այն ավարտվում է Արարատի մարզում։ Գազամուղը չի հասնում Վրաստանի սահման, պետք է նոր գազամուղ կառուցվի, երկրորդ՝ ռուսական գործոնն է էստեղ, քանի որ Իրան-Հայաստան գազամուղը պատկանում է Գազպրոմին, հետևաբար ցանկացած քայլ՝ կապված տարանցման հետ, պետք է համաձայնեցվի ռուսական կողմի հետ։

- Ի՞նչ պետք է անի ՀՀ-ն ՝ նվազեցնելու համար իր կախումն արտաքին էներգակիրներից և հասնելու ի վերջո էներգետիկ անվտանգության ցանկալի մակարդակի։

- Նախ ՀՀ-ն պետք է ունենա էներգետիկ անվտանգության նոր դոկտրին, ինչի համար էլ առաջին քայլը կարող է լինել էներգետիկայի նախարարության ձևավորումը։ Նոր կառավարության պայմաններում չկա այն մարմինը, որը պետք է էներգետիկայի ոլորտում պատասխանատվություն կրի։ Դրանից հետո, պետք է մշակել դոկտրին, որը պետք է խարսխված լինի կոնվերգենտ զարգացման վրա։ Հայաստանում այսօր ունենք վերականգնվող էներգետիկայի բավական բարձր ներուժ, հատկապես արևային էներգիայի։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Եվրոպայում, մեր համար պետք է դաս լինի, քանի որ այնտեղ մոտ 2 տասնամյակ փորձում էին ստեղծել կանաչ էներգետիկա, սակայն ստեղծվեց ճգնաժամային իրավիճակ․ ինչու՞, որովհետև աճող պահանջարկի դեպքում վերականգնվող էներգետիկան չի կարող բավարարել այդ պահանջմունքները։ Կանաչ էներգետիկայի զարգացման ռազմավարության մասին խոսելիս՝ նշեմ, որ Եվրոպան բնական գազը և միջուկային էներգետիկան դիտարկեց որպես կանաչ էներգիայի աղբյուր։ Սա հարացույցային փոփոխություն է։ ՀՀ-ն պետք է վերականգնվող էներգետիկայի հետ միասին զարգացնի խաղաղ ատոմը, ապահովի ատոմակայանի բնականոն աշխատանքը և այլն։ Չունենանք ատոմակայան՝ չենք լինելու տարածաշրջանում որոշիչ գործոն, մանավանդ, որ դրան են ձգտում տարածաշրջանի բոլոր երկրները։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am