«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը վտանգ տեսնում է Մեղրիի ճանապարհով Ադրբեջանը Նախիջևանին կապելու հարցում․ իրանահայ պատգամավոր

24/12/2021

Իրանի համար Հայաստանի սահմանը և հողային ամբողջականությունը կարևորագույնն է, որովհետև ուղղակիորեն ազդելու է իր շահերի և աշխարհաքաղաքական դիրքի վրա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում (Իսլամական խորհրդակցական վեհաժողով) հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Դեկտեմբերի 20-ին Հայաստան էր ժամանել իրանական խորհրդարանի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև Բեգլարյանը։

Վերջինս ասաց, որ Հայաստան այցելել են՝ տեղեկանալով Հայաստանում հայ-իրանական բարեկամական խմբի ձևավորման մասին։ «Հայաստանի Ազգային ժողովի բարեկամության խումբը չէր կազմվել, տեղեկացանք՝ կազմվել է, անմիջապես գործի անցանք, որ տրամադրությունը համադրվի, և հենց այդ պատճառով այցելեցինք։ Իրանը դիտարկում է սերտացնել Հայաստանի հետ հարաբերությունները», - ասաց նա։ 

Դեկտեմբեր 22-ին Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Իրանի խորհրդարանի Ազգային անվանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշն ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են, և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն:

Արդյո՞ք այս հայտարարություն անելը կապված էր Ալիևի՝ Սյունիքով միջանցք ստանալու հայտարարության հետ։ «Պատերազմից հետո և՛ ռազմափորձերը, և՛ արտահայտությունները, և՛ հռետորաբանությունը տեսել ենք թե՛ Ադրբեջանի, ինչու չէ նաև Թուրքիայի կողմից։ Դուք արդեն տեսել եք, թե Իրանն ինչպես է արձագանքել այս անցած ամիսների ընթացքում։ Իրանական կողմի այդ հայտարարությունն այդ ուղղությամբ էր, և ուզում էր վերստին ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի սահմանը և հողային ամբողջականությունը կարևորագույնն է», - նշեց իրանահայ պատգամավորը։

Ըստ Ռոբերտ Բեգլարյանի՝ վտանգ տեսնում է Մեղրիով հնարավոր ճանապարհի հետ կապված, որը միացնելու է Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ «Ինձ թվում է՝ Իրանն այդ վտանգը տեսնում է։ Իրանը փորձում է տեղյակ լինել համաձայնությունից, որ պետք է լինի կողմերի [Հայաստանի և Ադրբեջանի] միջև։ Իրանը շեշտել է, որ իր համար հարմար չի լինի չակերտավոր միջանքը։ Եվ եթե ինչ-որ ճանապարհ կամ հաղորդակցության միջոց լինի, պետք է լինի Հայաստանի սուվերենության երաշխիքով»։ 

Հարցին՝ Իրանը մտավախություն ունի՞, որ կարող են իսրայելական ընկերությունները ներդրումներ անել այդ հատվածներում կամ ներգրավված լինել տնտեսական միջոցառումների մեջ, հայազգի գործիչը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ Իրանը ուշի-ուշով հետեւում է այս բոլոր իրադարձություններին։ Տարածվող տեղեկությունները, լուրերը, որոնցից Դուք տեղյակ եք, Իրանում բնականաբար տեղյակ են։ Եվ շատ տրամաբանական է, որ Իրանը փորձի տարբեր սցենարներ, ծրագրեր մշակել հարաբերությունների համար»։

Հարցերին՝ Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով հարթակն ի՞նչ արդյունք է ունեցել Իրանի համար, Իրանն ի՞նչ ներգրավվածություն է ուզում ունենալ տարածաշրջանային խաղաղության, կայունության պահպանման հարցում, Բեգլարյանը պատասխանեց, որ մանրամասնություններից տեղյակ չէ։ «Բայց ըստ երևույթին բացի այն, որ Իրանը փորձում է ավելի դերակատարություն ունենալ տարածաշրջանում, նաև փորձում է հավանական ձևաչափերը, ներկայություն ունենալ, եթե նույնիսկ այդ ձևաչափերը գուցե արդյունք չունենան, Իրանը իրադարձություններից անմիջականորեն տեղյակ լինի։ Եվ նույնիսկ եթե պետք է, արձագանքի», - եզրափակեց իրանահայ պատգամավորը։