«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ով ծառայել է՝ կհասկանա. կամավորներն առաջին անհրաժեշտության պարագաներ են հավաքում Արցախ ուղարկելու համար (տեսանյութ)

28/09/2020

Մոտ 10 տարվա ընկերներ Ալենը, Արմանը և Արթուրն արդեն ներկայացել են զինկոմիսարիատ, բայց մինչև Արցախ մեկնելը որոշել են անգործ չմնալ: Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգու մոտ հավաքում են առաջին անհրաժեշտության պարագաները զինվորներին հասցնելու համար։

«Որոշեցինք այս տարբերակով օգնել, մենք մեր ժողովրդի կողքին ենք, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ապրող, ոչ մի տարբերություն չենք դնում, մի ազգ ենք, փորձենք այս տարբերակով օգտակար լինել»,- ասաց նախաձեռնության համահեղինակ Արման Գառնիկյանը:

Նախաձեռնությունը մեկնարկել է այսօր: Տղաներին զանգահարում են, օգնություն առաջարկում: Քաղաքացիների հոսքն էլ չի դադարում, բերում են այն, ինչ հնարավոր է ուղարկել առաջնագիծ և ապաստարան: Ամեն ինչ դասավորում են առանձին-առանձին՝ շարքով–կարգով, վրան էլ նշում անում, որ հետո չշփոթեն։

«Հիմնականում հավաքում ենք չփչացող սնունդ, հիգիենայի պարագաներ, ալյուր հեղուկ և այլն»,-ասաց նախաձեռնության համահեղինակ Արթուր Մանուկյանը:

Այս պահին ամենից անհրաժեշտն ալյուրն է, ասում են տղաները, պիտի ամեն բան բավականեցնի նաև ապաստարանում, որ ոչ ոք սննդի կարիք չունենա:

«Մենք ծառայել ենք, ծառայակից ընկերներ ենք, և հենց այդտեղից էլ միտք հղացավ, որ կարող ենք օգնել մեր զինծառայողներին թեկուզ ինչ-որ մթերքով, ով ծառայել է, կհասկանա: Ասում են, որ ամեն ինչ կա, բայց մենք մեր կողմից մեր քայլն ենք անում, որ գոնե մի քիչ հանգիստ լինենք»,-ասաց  նախաձեռնության համահեղինակ Ալեն Գասպարյանը:

Եթե լինեն ցանկացողներ, նախաձեռնությունը կլինի շարունակական: Տղաները սնունդն ու պարագաները կհանձնեն ՀՀ պաշտպանության նախարարությանը, որտեղից էլ այն կտարվի Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում