«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Լոռիում կորոնավիրուսով վարակվածների բուժման նյութատեխնիկական ռեսուրսների խնդիր չկա

03/12/2020

Լոռու մարզում համավարակային իրավիճակը լարված, բայց կայուն է: Կորոնավիրուսի տարածման սկզբից մինչև օրս մարզում գրանցվել է 6800 դեպք, 5300-ն արդեն առողջացել են, արձանագրվել է մահվան 86 դեպք:

Լուսինե Վարդանյան (Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար) - Վերջին օրերին մենք արդեն նկատում ենք հիվանդության դեպքերի որոշակի պակասեցում, արդեն ոնց որ միտում կա հիվանդացության նվազման:

Քովիդով հիվանդների բուժումը մարզում իրականացվում է երեք առողջապահական հաստատությունում. Սպիտակի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքի բոլոր 100 տեղը հատկացված է նման ախտանիշներով հիվանդներին: Նույն նպատակին են ծառայում նաև Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը և քաղաքի բժշկական կենտրոնի նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքը:

Վահագն Մկրտչյան (Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն) - Նաև մենք ունենք մեծ ընդունարան, մեկուսարան, որտեղ գալիս են հիվանդներ թեստավորված, նաև հիվանդներ, որ սպասում են թեստի պատասխանին, մենք իրենց էլ ենք ընդունում, բուժում, թթվածնային թերապիայով ենք սպասարկում, նաև ունենք քովիդ ճանապարհով անցած ու առողջացած պացիենտներ, որոնք սակայն ունեն լրացուցիչ թերապիայի կարիք:

Բուժում են նաև այն հիվանդներին, որոնք ունեն բացասական թեստի արդյունք, սակայն առկա են թոքաբորբի ախտանիշներ:

Վահագն Մկրտչյան - Մեր թերապևտիկ բաժանմունքի մի մասը բուժում և սպասարկում է այդ կոնտինգենտին, այսինքն՝ մենք բազմապրոֆիլ բուժհաստատություն ենք, բացի քովիդը, բուժում ենք նաև այդ տիպի հիվանդներին: Ծանրաբեռնվածությունը շատ մեծ է:

Լոռու առողջապահության գլխավոր պատասխանատուն հիվանդության նոր ալիքը պատերազմի հետևանք է համարում:

Լուսինե Վարդանյան - Ժողովրդի, ողջ հասարակության ուշադրությունը ռազմաճակատի, բանակի նկատմամբ էր, մենք ինքներս նկատում էինք, որ հենց մենք կորցնում ենք զգոնությունը: Հաճախ մարդուն հարցնում ես՝ ինչո՞ւ դիմակ չես կրում, պատասխանում են՝ ի՛նչ դիմակ, ի՛նչ բան, պատերազմ է գնում:

Կորոնավիրուսով վարակվածների բուժման նյութատեխնիկական ռեսուրսների խնդիր չկա՝ վստահեցնում են պատասխանատուները: Մեր նկարահանման ժամանակ էլ Փարիզից ժամանած ֆրանսիացի մասնագետը հերթական աջակցությունն էր բերել:

Գոռ Հախվերդյան (Փարիզի ուռուցքաբանության ինստիտուտի կլինիկական հետազոտությունների համակարգող) - Վերադարձել ենք ազգությամբ ֆրանսիացի մի քանի բժիշկների հետ նոյեմբերի 28-ին, պատերազմի ընթացքում վիրավոր մեր զինվորներին բարձր որակի, նոր որակի բարձր վիրահատության օգնության նպատակով: Մեզ հետ ունենք վիրաբույժ, օրթոպեդ, ունենք որովայնային վիրաբույժ, ունենք մեզ հետ այրվածքի մասնագետ՝ ֆոսֆորից այրվածքներ ստացած հիվանդների բուժման նպատակով:

Այս այցելությունը նախաձեռնել են Գոռը և ֆրանսահայ անվանի սրտաբան Լևոն Խաչատրյանը: Մայրաքաղաքային բուժհաստատություններից բացի, աջակցություն է տրամադրվել նաև Վանաձորի և Գյումրու բժշկական կենտրոններին: Նյութերը կօգտագործվեն նաև քովիդի բուժման նպատակով: Գոռը խոստացել է` Փարիզում կքննարկի Վանաձորի բժշկական կենտրոնի հետ առանձին համագործակցության հնարավորությունը:

1Lurer.am