«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի համար աղետալի է ռուս-թուրքական մերձեցումը․

18/09/2022

Հայաստան երկրի և հայ ժողովրդի համար միշտ, առանց բացառության աղետալի է, երբ որ իր զարգացումն է ստանում ռուս_թուրքական մերձեցումն ու համագործակցությունը։ Ռուսները շատ լավ գիտեն, որ Թուրքիան երբեք իրենց դաշնակիցը չի կարող լինել, ռուս թուրքական պատերազմների շարանը վկա։ Առճակատումն Արևմուտքի հետ հարկադրել է ռուսներին գնալ Թուրքիայի հետ զիջումների և ստիպողական համագործակցության։ Արևմտյան ճնշումներին զուգահեռ սկսվել է այս ձևաչափի դինամիկ զարգացումը, մինչև որ դրանք չեն թուլացել կամ դադարել։ Այսպես է եղել հատկապես 1920_21 թթ., կրկնվում է նաև այժմ։ Այդ ընթացքում թուրքական կողմն առավելագույնն է օգտվել, նաև հայկական շահերի հաշվին։ Միևնույն ժամանակ արևմտյան ստրատեգները ռուսական դիրքերը թուլացնելու և ազդեցության ոլորտները կրճատելու համար, առավելագույն խոստումներն են տվել հայերին, վկա Սևրի պայմանագիրն ու նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը։ Փաստ է նաև, որ այդ խոստումներն ու մնացյալ բոլոր փասթաթղթերը մնացել են անկատար։ Հայաստանը կորցրել է Կարսի մարզը, Նախիջևանը և Ղարաբաղը։ Հայկական դիվանագիտությունը լիարժեք պետք է ըմբռնի այս աքսիոմատիկ ճշմարտությունը, նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Ներկա սառնությունը ՀՀ_ՌԴ հարաբերություններում, լավագույն իրավիճակն է Ադրբեջանի համար և Ալիևը հիմա Էրդողանի ցուցումներով առավելագույնս օգտվում է ստեղծված իրավիճակից։ Կարելի է ասել, որ հայ_ռուսական օտարումը անգին նվեր է Ալիևի համար։ Սամարղանդում զոհի կարգավիճակով ռեվերանսներ էր անում Պուտինին։ Մեր Հերթական զոհերն ու տարածքային կորուստները դրա վկայությունն են։ Այս համատեքստում պետք է բացատրել նաև Փելոսիի այցը, որովհետև դա դժգոհություն է առաջ բերելու Կրեմլում, որտեղ հակահայկական շրջանակները ակտիվացել են։ ՀԱՊԿ_ին մեղադրելով հայտնվում ենք անիմաստ դատարկաբանության մեջ։ Նատօյական Թուրքիան և Հունաստանն էլ են թշնամական դիրքերում, ոչ ոք Աթենքում և Անկարայում կոչ չի անում դուրս գալ և երես դարձնել ՆԱՏՕ_ից։ ՀԱՊԿ_ի անդամ Տաջիկստանն ու Ղըրղըզստանը ևս հիմա ռազմական բախման մեջ են։ Խելքով ելք գտնել է պետք, երիտասարդներին հողի տակ ենք թաղում, մարդկանց վշտի մեջ թողնում և հետո գրագետ աշխարհաքաղաքական ճառեր ասում։ Վատ բան եմ ասում, բայց եթե անվտանգային միջավայրը չստեղծվեց, մեկ տարում երկիրը դատարկվելու է։ Հատկապես անհանգստացած են զորակոչային տարիքի տղաներ ունեցողները։ Վերջում կրկին հայտնեմ, որ Հայաստանի համար նոր արտաքին քաղաքականության հայեցակարգ է անհրաժեշտ։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր  Գարիկ Քեռյան  

Generalnews.am