Խաղաղությունը չի կարող ժողովրդից թաքուն, մեկ օրում հաստատվել օտարերկրյա մի մայրաքաղաքում, այն չի կարող պարտադրվել վերևից. Արա Այվազյան
Խաղաղությունը չի կարող ժողովրդից թաքուն, մեկ օրում հաստատվել օտարերկրյա մի մայրաքաղաքում, այն չի կարող պարտադրվել վերևից, ոչ էլ՝ հաստատվել համաշխարհային լրատվամիջոցների համար լուսանկարված ձեռքսեղմումներով: Այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցող «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
«Ինչպես տեսանք Հարավային Կովկասում խաղաղություն է, և մեկընդմիշտ փակվել է Արցախի հարցը: Ոմանք այն անվանեցին պատմական, մյուսները՝ ողջունեցին այն, որպես կարգավորման բեկումնային ուղի, բայց ինչ խաղաղության մասին է խոսքը: Խաղաղությունը չի կարող ժողովրդից թաքուն, մեկ օրում հաստատվել օտարերկրյա մի մայրաքաղաքում, այն չի կարող պարտադրվել վերևից, ոչ էլ՝ հաստատվել համաշխարհային լրատվամիջոցների համար լուսանկարված ձեռքսեղմումներով: Իրական խաղաղությունը մեկ առանձին իրադարձություն չէ, դա գործընթաց է, որի արմատները հիմնված են արդարության, վստահության և արժանապատվության հիման վրա»,- ասել է նա: