Պետք է սթափվել, դադարել սգալ և արժանապատվորեն առաջ գնալ` հանուն հաշտության և խաղաղության. Աշոտ Ներսիսյան
3+3 ձևաչափով այսօրյա ստամբուլյան հանդիպումը մենք շատ կարևոր ենք համարում: Կարևոր այն առումով, որ տարածաշրջանի պետությունների հիմնախնդիրները պետք է լուծեն հենց իրենք: Դրա ապացույցներից է թեկուզ և այն, որ Վրաստանի արևմտյան թեքումը նրա համար արժեցավ կենսական տարածքներ, մեր թեքումը` նույնպես: Մեր հարևանների հետ հարաբերությունների խնդիրը միշտ էլ շահարկել է Արևմուտքը, որի արդյունքում նույնպես կորցրել ենք: Ռուսաստանն էլ է շահարկել, բայց հիմա նա հակված է տարածաշրջանային խաղաղության` նույնիսկ ինչ որ բան զիջելով: Միայն թե չեզոքացնի Արևմուտքի իրեն դուրս մղելու ցանկությունները, որն այսօր կասեցրեց Վրաստանի ԵՄ անդամության գործընթացը: Ինչքան էլ ատենք ադրբեջանցիներին, պետք է ըն դունենք, որ նրանք շատ ռացիոնալ քաղաքականություն են վարում: Մեր սխալների պատճառով կորցրինք Արցախը, թե թշնամու դավերի, արդեն ակնհայտ է: Քաջությունն ունենանք առաջինը մեզ մեղադրելու: Դարեր շարունակ ուրիշներին ենք մեղադրել մեր ձախողումների համար, քրիստոնյա Արևմուտքին ենք ապավինել փրկվելու համար: Եթե քրիստոնյա լինելը գործոն լիներ քաղաքականության մեջ, ապա չէին լինի համաշխարհային պատերազմները, որոնց սկզբնավորողները քրիստոնյա գերտերություններն էին: Մեզ հավասարաչափ վնասել են բոլորը` քրիստոնյա, թե մուսուլման, որոնք մեր դեմ նաև միացել են: Ո՞վ կործանեց Արշակունյաց հարստությունը, Բագրատունյաց հարստությունը, Կիլիկյան ինքնատիպ պետությունը`ինքներս,նյութապաշտները և ռազմաքաղաքական դաշինքը կույր կողմնորոշումների հետ շփոթողները: Հիմա միայն հայհոյում ենք ավելի շատ ինքներս մեզ, քան թշնամուն: Սգալը, ողբը մեզ կկործանի: Պետք է սթափվել, դադարել սգալ և արժանապատվորեն առաջ գնալ` հանուն հաշտության և խաղաղության: Իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում` չխեղճանալու, չզիջելու, քանի որ շատ ենք զիջել, չվախենալու և չպառակտվելու: Իշխանության հասնելու հարցը ստորադասվում է պետականության և ինքնիշխանության պահպանման հարցերին: Իշխանափոխություն հիմա հնարավոր չէ: Քաղաքականության գերխնդիրը դարձել է վրեժխնդրությունը, բայց ոչ թշնամուց:
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ