«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ ՀԱՊԿ պահմտոցին. Արայիկ Մկրտումյան

24/11/2023

Հարավային Կովկասում կատարվող իրադարձությունները արդեն հաստատուն կերպով վերացրել են շուրջ երեք տասնամյակ պահպանվող ստատուս քվոն: Այժմ ոչ թե խոսքը գնում է Արցախի կարգավիճակի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, այլ իրավիճակը տանում է Արևելք-Արևմուտք հակամարտությանը: Հարցը նույնիսկ դուրս է եկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների ձևաչափից և այն ամենն ինչ կատարվում է այստեղ, ոչ թե պարզապես Հայաստանի արտաքին քաղաքականության և Ռուսաստանի դժգոհության հետևանք է, այլև ամեն օր որոշակիացող Արևելք-Արևմուտք հակամարտության արդյունք: Իսկ արևելքն այստեղ ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը: Որքան էլ, որ դժվար պատկերացնել կամ ընդունելի լինի՝ Չինաստանն է այժմ արևելքի գերտերությունը, տնտեսական հսկան, տեխնոլոգիական սպասարկողն ու խաղացողը: Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարող համեմատվել Չինաստանի հետ՝ ոչ տնտեսական, ոչ քաղաքական և ոչ էլ ռազմական պոտենցիալի առումով: Չի համեմատվի նաև քաղաքական հարցերով: Ուկրաինական ծրագիրը վաղուց արդեն տապալված է, թեկուզ ռուսները հիմա Կիև էլ հասեն: Այս պատերազմն արդեն իսկ ցույց է տվել, որ Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որքան կարծում էին ռուսները: Ջրի երես են ելել ոչ միայն ռազմական ու լոգիստիկ, այլև քաղաքական ու տնտեսական հարցեր, թեև քաղաքականը դեռևս վերահսկվում է, բայց Ռուսաստանում սովորաբար ամեն ինչ միանգամից է լինում և հախուռն: Ռուսաստանն այլևս հաղթելու կամ պարտվելու կարիք չունի այդ պատերազմում: Ռուսաստանը կարիք ունի ավարտել այն, քանի որ նախատեսված էր մի բան, բայց եղավ ավելի վատ: Դրանից առաջ ռուսները բարևհաջող կերպով տապալեցին նաև կովկասյան ճակատը՝ ներս հրավիրելով թուրքերին: Ընդ որում հեգնանք կարող է հանդիսանալ այն, որ հայերին «ՆԱՏՕ-ասիրության» մեջ մեղադրող ռուսները հենց իրենք ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր բանակն ունեցող երկրին դարձրին Հարավային Կովկասի հիմնական դերակատարներից մեկը: Այնպես, որ ռուսները հիմա ավելի շատ խնդիր ունեն, քան կարող են վերահսկել, իսկ Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ աճում է Չինաստանի դերը: Ռուսաստանը թերևս միայն ատոմային հրթիռներով է գերազանցում, բայց Պեկինը իր փորձով ցույց է տվել, որ կարևոր չէ, թե ով ունի լավ զենք, կարևոր է, թե ով է այն կիրառում: Հավաքական արևմուտքը, որ ըստ էության ԱՄՆ առաջատարությամբ ընթացող Եվրոպան է, փորձում է իրեն ապահովագրել Չինաստանի ամեն օր աճող ուժից՝ հետագայում նրան ավելի լավ վերահսկելու համար: «Դեղին ռասսան» սպառնում է ավելի վտանգավոր լինել, քան Ռուսաստանն էր, որն այժմ դարձել է չինական պրոքսի պետություն, քանի որ առանց Պեկինի համաձայնության, Ռուսաստանը մեկ զինվոր անգամ չի տեղաշարժի:

Չինաստանի գլխավոր հակառակորդը տարածաշրջանում համարվում է Հնդկաստանը, որն իր հաշվարկներն ունի տարածաշրջանի հաշվով: Արևմուտքը դեռևս կոնկրետ գործողությունների չի անցել և փորձում է հակաչինական պայքարը տանել հակառուսական գծերով: Այդ գծերից մեկը Հարավային Կովկասն է, մասնավորապես Հայաստանը:

Հայտնի է, որ հայ-ռուսական հարաբերությունները իրենց որակը կորցնում են ամեն օր: Հայաստանը գրեթե հրաժարվել է ՀԱՊԿ-ից և նրա ներկայությունը ՀԱՊԿ-ում գրեթե զրոյական է: Հայաստանը հրաժարվել է նախատեսվող օգնության փաթեթից, որ սահմանվում է ամեն անդամ-երկրի համար, չի մասնակցում ՀԱՊԿ հանդիպումներին: Միամտություն կլինի կարծելը, որ այս ամենն ուղղակի Ն. Փաշինյանի ինքնագլուխ քաղաքականության հետևանքն է: Հարց է ծագում, թե Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ինչո՞ւ Փաշինյանին խորհուրդ տվեց առայժմ չշտապել ՀԱՊԿ-ից հրաժարվելու հարցով: Լուկաշենկով ավելի քան, որևէ մեկը պիտի որ հասկանա, որ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններն ընդամենը ածանցյալ են արևմուտք-արևելք հարաբերությունների, որը շատ ավելի մեծ և վտանգավոր բախում է, քան պարզապես քաղաքակրթական բազմազանության կոնֆլիկտը: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ջերմացման կամ սերտացման փուլին զուգահեռ հայ-ռուսական փոխադարձդեմարշի քաղաքականությունը մի հարց ևս առաջացնում է: Դեռ ինչքա՞ն է շարունակվելու ՀՀ-ՀԱՊԿ պահմտոցին և իրար «չտեսնելու տալը»: Այդպես կարելի էր անել, եթե մենք գոնե մի քիչ հանգիստ տարածաշրջանում ապրեինք, բայց երբ ամեն ինչ ուղղակի եռում է, ապա այս քաղաքականա խաղերը կարող են անվերահսկելի դառնալ ինչ որ պահ: Այն, որ մեր ներկայությունը ՀԱՊԿ-ում լրիվ անիմաստ է, անհերքելի է: Այն, որ ՀԱՊԿ-ը զուտ դեկլարատիվ մարմին է, դա էլ է պարզ: Այն միտքը, որ Հայաստանի համար ամենից լավն այն կլինի, որ դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց չանդամակցի  ՆԱՏՕ-ին և դառնա ոչ բլոկային պետություն, բավական հետաքրքիր է, բայց ավելի հետաքրքիր է, որ մենք այդքան հնարավորություն չունենք տեսական կամ էքսպերիմենթալ քաղաքականությամբ զբաղվելու: Հնարավոր չի լինելու երկար ժամանակ շարունակել այս քաղաքական բռնոցի-պպզոցին:

Ռուս-ուկրաինական պատերազմը, որ դեռևս անորոշության փուլում է գտնվում, լակմուսի թուղթ դարձավ ճամբարների համար՝ իրենց դաշնակիցների և հակառակորդների շարքերում պարզություն մտցնելու համար: Այդ պատերազմի ուղղակի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա այն էր, որ Ադրբեջանը, ով Արցախյան 44-օրյայի ժամանակ քարտ բլանշ ստացավ իր ուզածն անելու համար, ոչ թե պարզապես ռազմական հաղթանակ տարավ, որի դիմաց պիտի փոխհատուցեր ռուս-ուկրաինականի ժամանակ, այլ սկսեց տարածաշրջանային քաղաքականություն վարել՝ միջամտելով մեկ այլ խոշոր տարածաշրջանային խաղացողի՝ Իրանի գործերին:

Թուրքիան, որը հաջողությամբ խաղում է երկու պարանի վրա, իր այդ փորձը չկարողացավ նույն հաջողությամբ փոխանցել Բաքվին: Բաքուն այսօր բացահայտ ռուսական շուկայի հաճախորդ է, թեև դեմ չէ տնտեսապես օգնվել արևմտյան հնարավորություններից:

Հայաստանը, որրից խլեցին հնարավոր ամեն ինչ՝ դատապարտված էր սեղմվելու ռուս-թուրքական հարաբերություններում, դառնալու այն մարմինը, որին անդամահատելով Մոսկվան և Անկարան պիտի վերջնականապես բաժանեին Անդրկովկասը: Որքան էլ, որ զարմանալի է, բաց դրան համաձայն չէր Բաքուն: Արցախի կլանումից հարբած Ալիևը փորձ արեց դուրս գալու հակամարտության կողմ լինելու չափանիշներից և դառնալ «տարածաշրջանային» դեմք, որն արդեն չընդունեցին ո՛չ Բաքուն, ո՛չ Մոսկվան: Դեմ արտահայտվեց նաև հավաքական արևմուտքը՝ ըստ էության ցույց տալով, որ չի պատրաստվում սպասել, որ ռուսներն ու թուրքերը մոլորակի կարևորագույն խաչմերուկներից մեկը հեշտ ու հանգիստ իրենցով անեն: Արևմուտքը նախ մի քանի զգուշացում արեց Բաքվին, ապա անցավ կոնկրետ և հասցեական դիտարկումների:

Արաբա-իսրայելական պատերազմը եկավ ցույց տալու, որ համաշխարհային կարգը հնացել է վերջնականապես և ստատուս-քվո երևույթը այլևս չի աշխատում: Չեն աշխատում ո՛չ ինքնորոշման, ո՛չ տարածքային ամբողջականության սկզբունքները: Գիտական և տեխնոլոգիական արագ զարգացումը պարտադրում է նոր համաշխարհային քաղաքականություն, որի թեժ կետերից մեկը մնում է Անդրկովկասը:

Առայժմ կողմերը փորձում են միմյանց խոսեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ռուս-ուկրանիական պատերազմի հստակեցման, Պաղեստինի կարգավիճակի, այսինքն ճակատագրի որոշման թեզեր առաջարկելով ու մերժելով: Բաքուն, որ ռուսների անմիջական որոշմամբ է այո և ոչ ասում, նպատակաուղղված կերպով մերժում է հայկական ցանկացած առաջարկ: Ոչ թե այն պատճառով, որ դրանք Բաքվին ձեռք չեն տալիս, այլ, որ Մոսկվան չի ցանկանում: Ըստ էության առաջարկները Արևմուտքը Երևանի միջոցով փոխացում է Մոսկվա, որին էլ Մոսկվան պատասխանում է Բաքվում: Բայց այս իրավիճակը ենթադրում է ավելի սրացում և ավելի ծանր հետևանքներ, մանավանդ, որ Բաքուն և Անկարան անվերջ չեն կարողանալու երկու պարանի վրա խաղալ: Աշխարհը գրեթե նոր երկու մեծ ճամբարի ձևավորման ավարտի առջև է կանգնած: Արդեն ասվել են բոլոր խոսքերը, բոլոր առաջարկներն ու միջացները: Հաջորդ քայլը լինելու է ուղիղ և ազդու: Ողջ հարցը միայն այն է, որ Երևանը անակնկալի չգա:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող