«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արցախցիները շարունակում են վերադառնալ իրենց օջախներ

04/12/2020

Հայաստանում հյուրընկալված արցախցիները վերադառնում են իրենց օջախները: Գնում են նույնիսկ տունուտեղ կորցրածները: Լավատես են, նաև վստահ, որ մարդ լիարժեք կյանքով կարող է ապրել միայն ծննդավայրում:

Արմինեն Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է։ Պատերազմը նրանց անակնկալի բերեց: Ամուսինը հենց առաջին օրը մեկնեց ճակատ, երեք փոքրիկների հետ մնաց միայնակ:

Վանաձորի այս հյուրանոցում դեռ տասն օր առաջ հարյուրից ավելի արցախցիներ էին ապրում: Հիմա բոլորը մեկնել են, Արմինեն փոքրիկների հետ Արցախ կմեկնի վաղը:

Արմինե Աբրահամյան (Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ) - Մեր գյուղը նույնպես գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, գնում ենք Ստեփանակերտ, այնտեղ տուն ենք վարձել, տեսնենք՝ ինչ կլինի:

Ամուսինը պատերազմի հենց առաջին օրից պաշտպանում էր Մեխակավանը, նահանջից հետո պաշտպանում էր հայրենի Թաղավարդը: Սեփական տնից ոչինչ չեն կարողացել հանել, ամեն ինչ մնացել է ադրբեջանցիներին: Այստեղ Անիին համոզում են չշտապել ու երեխաների հետ մի փոքր էլ սպասել՝ մինչև վարձակալած դատարկ բնակարանում հնարավոր կլինի գոնե մահճակալներ տեղադրել:

Արմինե Աբրահամյան - Որքան էլ լավ վերաբերվեն, մեր հայրենքը մեզ ձգում է, ուզում ենք գնալ այնտեղ:

Պատերազմի առաջին օրից Վանաձորում գործում է Արցախից տեղահանվածների աջակցության համակարգման կենտրոն:

Գայանե Մարկոսյան (Լոռու փոխմարզպետ, Արցախից տեղահանվածների Լոռու մարզի համակարգման կենտրոնի պատասխանատու) - Դա, իհարկե, բացի համակարգման կենտրոնի աշխատակիցներից, շնորհիվ նաև մի քանի տասնյակ բարերարների, բարեգործների, հասարակական, տեղական ու միջազգային կազմակերպությունների, միջազգային ու տեղական տարբեր կառույցների:

Մարզային համակարգման կենտրոնը շարունակում է աջակցել տեղահանվածներին սննդով, անհրաժեշտության դեպքում՝ նաև կեցության վայրերի փոփոխության հարցերով:

Գայանե Մարկոսյան -  Պատերազմի ավարտից անմիջապես հետո գիտեք, որ սկսվեց արցախցիների վերադարձի հարցը, արդեն մեր կողմից 550-600 հոգի ճանապարհվել է Արցախ, բայց վերադարձածների թիվն ավելի մեծ է:

Շատերը պատերազմում հարազատներ են կորցրել: Շատերը տուն են կորցրել, գույք ու անասուններ, գյուղատնտեսական հողեր, բայց մնալ էլ չեն ցանկանում, վերադառնում են Արցախ:

Մանուշ Սիմոնյան (Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ) - Մեր գյուղը չկա, ավերվել է ամեն բան, գոյություն չունի:

Հայրենի Արցախ է վերադառնում նաև Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ Վլադիմիր Ավշարյանը: Տուն տեղ, այգի ու հողեր, անասուններ, մի խոսքով՝ գյուղական լիարժեք տնտեսություն է ունեցել:

Վլադիմիր Ավշարյան (Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ) - Մեր տուն-տեղը հողին հավասարացրած է, դրա համար մենք հետ ենք դառնում, որ տեսնենք՝ ինչ է:

Կորցրել է ամեն բան, բայց չի կորցրել հոգու տոկունությունը: Հայի ճակատագիր է, խաղաղություն լինի, կվերստեղծեն ամեն բան նորից, կստեղծի իր ձեռքերով:

Վլադիմիր Ավշարյան - Խաղաղություն լինի, ամեն բան կստեղծենք էլի, բայց մեր զոհված տղաներին չենք կարող վերադարձնել:

Վանաձորի այս հրապարակից շաբաթական երկու-երեք անգամ ավտոբուսներով դեպի Արցախ են գնում տեղահանված արցախցիները: Գնում են նաև նրանք, ովքեր կորցրել են ամեն բան, բայց գնում են:

1Lurer.am