«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էֆթանազիա․ հոգեբանական և իրավական մոտեցումներ․ Լիլիթ Պողոսյան

18/04/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Պողոսյանը


- Ինչպես գիտենք, վերջին տասնամյակներում մեծապես աճել է հետաքրքրությունը այնպիսի երևույթի նկատմամբ, ինչպիսին է էֆթանազիան։ Երևույթը բժշկական, իրավաբանական շերտերից բացի, ունի նաև մի հսկայական սոցիալ-բարոյական և կրոնական դիտանկյուն, հետևաբար կուզեի զրուցեինք էֆթանազիայի մասին հենց այդ տեսանկյուններից։ Սկսենք տերմինից՝ ե՞րբ է առաջացել թեթև մահը բնութագրող այդ տերմինը, ինչպե՞ս և ո՞ր շրջանակներում էր ի սկզբանե շրջանառվում։

- Տուժողի խնդրանքով սպանությունը արտոնյալ հանցակազմերով սպանությունների տեսակներից է, որը մի շարք երկրներում կոչվում է տուժողի համաձայնությամբ կամ կարեկցանքի շարժառիթով սպանություն: Չնայած ընկալման տարատեսակություններին, բոլոր դեպքերում խոսքը միևնույն երևույթի` էվթանազիայի մասին է: Այդ   եզրույթը, որ ձևակերպվել է որպես թեթև մահ, առաջին  անգամ  առաջարկել է անգլիացի  փիլիսոփա Ֆրենսիս  Բեկոնը (1561-1626) իր <<Նոր օրգանոն>> հայտնի աշխատությունում: Նա կարծում էր, որ բժշկի պարտքն է ոչ միայն վերականգնել հիվանդի առողջությունը, այլև ապահովել անբուժելի հիվանդի հանգիստ, առանց տառապանքների մահը: Էվթանազիան նոր ժամանակների երևույթ չէ: Անհույս հիվանդների կամ ծանր վիրավորների կյանքին վերջ դնելը բավական տարածված երևույթ էր հին աշխարհում, մասնավորապես հին Հունաստանում: Դեռևս Պլատոնն իր <<Հանրապետություն>>  հռչակավոր աշխատության մեջ, կանխորոշելով ցանկալի պետական կառուցվածքի հիմնական գծերը, այն կարծիքն է հայտնել, որ բժիշկները պիտի չխնամեն այն մարդուն, որն այլևս ի վիճակի չէ ապրելու, պետք է թույլ տալ, որ նա մեռնի: Նման վերաբերմունքը նպաստավոր էր և՜ այդ մարդու, և՜ պետության համար: Այլ կերպ ասած Պլատոնը պասիվ էվթանազիայի կողմնակից էր: Ակտիվ էվթանազիայի կողմնակիցներ էին Թոմաս Մորն ու Ֆրենսիս Բեկոնը: Նրանց կարծիքով, մահամերձ հիվանդներին բժիշկները պետք է օգնեն, որպեսզի նրանք ավելի դյուրին ու խաղաղ մահանան: Էվթանազիա ժամանակակից` <<գթասրտությունից  մղված սպանություն>> ձևակերպումը տրվել է 1980 թ., բժշկական գրականության մեջ` <<էվթանազիա>>, որ նշանակում է անբուժելի հիվանդի մահը դիտավորյալ արագացնելը` նրա տառապանքները դադարեցնելու նպատակով, թեթև, անցավ մահ, տուժողի խնդրանքի բավարարում` նրա վախճանն արագացնելու համար որոշակի գործողություններ կատարելով կամ անգործությամբ, այսինքն` կենսապահովման սարքերի անջատմամբ:

- Բարոյագիտական տեսանկյունից քննարկվա՞ծ է արդյոք այդ երևույթը հայ և օտար փիլիսոփաների, կրոնագետների և աստվածաբանների աշխատություններում։

- Այո, իհարկե, բժշկության և բարոյագիտության առնչություններին վերաբերող մտքերի հանդիպում ենք միջնադարյան հայ փիլիսոփաների, բժիշկների աշխատություններում, մասնավորապես, մեծ մտածող Դավիթ Անհաղթի գործերում : Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մեծ շուքով նշվեց Սալոնիկում և Երևանում 1980 թ.: Նա <<Սահմանք իմաստության>> գրքում, շարունակելով Ներսես Մեծի մտքերը, նշում է, որ բժիշկն իրավունք չունի թույլ տալ ինքնասպանություն գործելու անբուժելի հիվանդին, որովհետև, <<ինչպես լավ նավապետը փորձվում է ոչ թե խաղաղ ծովում, այլ ալեկոծության ժամանակ, նույնպես և խիզախ հոգին փորձությանն ընդառաջ է գնում>>: Դավիթ Անհաղթի այս մտքերը բխում են փիլիսոփայական նույն դիրքերից, որոնք արտահայտվել են Հիպոկրատի հանրահայտ երդման մեջ։ Հատկանշական է, որ միջնադարյան հայ օրենսդրական մտքի ռահվիրա Մխիթար Գոշի <<Դատաստանագրքի>> 119 հոդվածի համաձայն միտումով և կամ տգիտության պատճառով հիվանդի առողջությունը վնասող նաև իրենց աշակերտներին պատշաճ գիտելիքներ չտվող բժիշկները, պատժապարտ էին: Հայտնի է, որ ստոիկյան փիլիսոփայության հետևորդներն արդարացնում էին ինքնասպանությունը որոշակի դեպքերում` սով, բոլոր մերձավորների կորուստ, տարերային աղետ, մարդկային արժանապատվության ոտնահարում, անբուժելի հիվանդություն, զառամախտ և այլն: Վերջին երկու դեպքն ուղղակի կապ ունեն բժշկության հետ: Ըստ ստոիկների` <<Ճիշտ է վարվում նաև նա, որ սպանում է ինքն իրեն, եթե նրա մարմինը ենթարկվել է ինչ-որ չար հիվանդության և փչացման, այդ անբուժելի ցավից ազատվելու համար>>: Հայ միջնադարյան փիլիսոփաների, բժշկապետների և այլոց աշխատություններում երբևիցե չի խրախուսվում էվթանազիայի գաղափարը:

- Ինչպիսի՞ն է քրիստոնեական ուսմունքի դիրքորոշումը էֆթանազիայի հարցում և կա՞ն արդյոք տարակարծություններ այդ հարցում առաքելական, կաթոլիկ և ուղղափառ ումունքներում։

- Այս խնդրիը կրոնական տեսանկյունով անդրադառնալիս բախվում ենք մարդու գոյության երկու սահմաններին` կյանքին ու մահվանը, որոնք բովանդակում են արարչագործության առեղծվածը և Քրիստոսի խաչի խորհուրդը: Այս երկուսի միջև տարածքը պատկանում է մարդու ազատությանը, բանականությանը, իր կամքին և գործունեությանը: Այդ ազատությունը չի խաթարվում նույնիսկ Աստծո կողմից: Բայց այդ սահմաններից այն կողմ գործում է Աստծո ազատությունը, և մարդը կոչված է հարգելու այն : Առաջին և կարևոր փաստարկներից մեկը, որ առաջարկում են  էվթանազիայի հակառակորդները, ունի կրոնական-բարոյական հրահանգներ՝  <<Մի՛ սպանաներ>>  և <<...սիրեսցես՛ զընկեր քո իբրեւ զանձն  քո>> : Նրանք այն  համոզմանն են, որ Աստված  է կյանք  շնորհողը, հետևապես միայն նա  իրավունք  ունի  որոշելու, թե երբ պետք  է մարդ լքի երկրային կյանքը: Էվթանազիան հեշտ ընտրություն կարող է լինել թե՛ բժիշկների, թե՛ հիվանդի հարազատների  համար: Այս առումով էվթանազիայի բարոյական թույլատրությունը մեծացնում  է չարաշահումների վտանգը  բժիշկների և հարազատների  կողմից, որը  մեծ չափով սրվում  է անհուսալի հիվանդության ժամանակ: Բացի  դրանից, կարևոր  է, թե մահն արագացնելու մասին հիվանդի որոշումը որքանով՞ է սեփական կամքի, ազատ ընտրության արտահայտություն. չէ՞ որ  նրա վճիռների վրա  կարող  են  ազդել այնպիսի  գործոններ, որոնք նույնիսկ  նա չի գիտակցում:  Նույն բովանդակությունն ունի  նաև հաջորդ  փաստարկը՝ ինքնամաքրում  տանջանքի միջոցով և ծանր  հիվանդ  մարդկանց  խնամքի  միջոցով փրկվելու  հույս: Այս տեսանկյունից  տանջանքները կապվում  են մեղքերից մաքրվելու  հնարավորության  հետ  և բոլորովին  անիմաստ  չեն դառնում: Յուրաքանչյուր արարք իր  վարձն  ունի, հետևաբար  տանջանքը  կարող  է  ընկալվել որպես միակ հնարավորություն մեղքերը քավելու համար:  Վատիկանի եկեղեցական ժողովում (1962-1965թթ.)  կաթոլիկ եկեղեցին դատապարտել  է  կյանքի  հանդեպ գործված ոճիրները, ինչպես,  օրինակ՝ ցանկացած տեսակի  սպանությունը, ցեղասպանությունը, արհեստական վիժեցումը, էվթանազիան կամ կամավոր ինքնասպանությունը: Կյանքը  սուրբ է և Աստծո պարգև. մարդը  կոչված  է պահպանելու և պտղաբեր  դարձնելու այն: Կաթոլիկ եկեղեցին այն որակում  է որպես  սպանություն: Կաթոլիկ  եկեղեցու ամենահայտնի փաստաթղթերից մեկը Հովհաննես Պողոս Բ պապի 1995 թ. Evangelium vitae  (ՙԿյանքի Ավետարան՚) կոնդակն  է, որը հենվում է Սուրբ  Գրքի, քրիստոնեական ավանդության և բնական օրենքի վրա՝  պաշտպանելու  համար այն  հայտարարությունը, որ էվթանազիան հեռացնում  է Աստծո հաստատած կարգից,  բարոյապես հավասարազոր է ինքնասպանությանը կամ սպանությանը: Այս շրջաբերական ուղերձը վերահաստատում  է մարդու  կյանքի արժեքը և անձեռնմխելիությունը: Միայն  դրանք հիմք  ունենալով ՝ մարդը  կգտնի արդարություն, խաղաղություն, ճշմարիտ ազատություն և երջանկություն: Բողոքական եկեղեցու հավատացյալների մեծամասնությունը, եթե հասկանում է, որ հիվանդի կյանքի համար անիմաստ է պայքարելը, որոշում է ընդհատել բուժումը: Էվթանազիայի նկատմամբ վերաբերմունքը բողոքական եկեղեցում միանշանակ չէ: Այսպես, Գերմանիայում լյութերական եկեղեցին հիվանդի կյանքի վերջի վերաբերյալ մշակել է մանրամասն ցուցումներ, սակայն մերժում է էվթանազիան: Մինչդեռ բողոքական ավանդությունը, օրինակ, Հոլանդիայում պաշտպանում է ակտիվ էվթանազիան: Ուղղափառ եկեղեցին մահը չի դիտում միայն որպես կենսաբանական գործընթաց, այլ այն ընկալում է նաև իբրև խորհրդաբանություն և աստվածային օրհնություն: Իրական հավատացյալի միտքը զբաղված պիտի լինի ոչ թե կյանքի և մահվան մասին որոշումներ կայացնելով, այլ` իր և մերձավորների համար հարատև աղոթքով: Ուղղափառ եկեղեցիները բարոյական չեն համարում որևէ բժշկական միջամտություն, որն ուղղված չէ կյանքի երկարացմանը: Հունական ուղղափառ եկեղեցու կենսաէթիկայի հանձնախումբը գտնում է. <<Միշտ գոյություն ունի սխալ ախտորոշման վարկած կամ հիվանդության անկանխատեսելի ելք կամ նույնիսկ հրաշք>>: Այս ամենի պատճառով չի թույլատրում ո՜չ հետաձգել բուժումը, ո՜չ հրաժարվել դրանից, անգամ եթե հիվանդն է դա պահանջում: Բժիշկը պիտի կարողանա համոզել հիվանդին շարունակել այն: Ռուս ուղղափառ եկեղեցին էվթանազիան սահմանում  է, որպես ինքնասպանություն և  սպանություն: Դա մարդուն հեռացնում  է Աստծուց և ճշմարիտ ուղուց: Մարդիկ, որոնք մտածում են այն օրինականացնելու մասին, մեծ մեղք  են  գործում Աստծու  դեմ: Նրանք, ովքեր  նախախնամության  անվան  տակ  անում  են  դա փորձում են միջամտել  Աստծու  գործերին: Էվթանազիա նախաձեռնողները հակառակ են Աստծուն և փաստացի անհավատներ են: Ռուս ուղղափառ եկեղեցին էվթանազիան համարում  է <<թաքնված կամ բացահայտ սատանիզմ>>: Հոգու  տարանջատումը մարմնից, ինչպես  նաև  մարդու  ծնունդը պատկանում  է միայն Աստծուն, միայն  նա  է հարության, կյանքի  և  հանգստի  աղբյուրը: Էվթանազիան մարդուն ապաշխարության և դարձի գալու հնարավորություն չի տալիս: Էվթաթանազիայի վերաբերյալ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջին պաշտոնական փաստաթղթում (<<Էվթանազիայի օրինականացման ժամանակակից միտումներ>> (1999թ.)) ասվում  է.<<Ճանաչելով յուրաքանչյուր մարդու  կյանքի արժեքը, նրա ազատությունը և արժանապատվությունը որպես  եզակի արարածի՝ ստեղծված Աստծո պատկերով և նմանությամբ, ուղղափառ հոգևորականությունը, բժիշկները, գիտնականները կարծում են, որ անընդունելի  է անհուսալի հիվանդ մարդկանց սպանելու  մտադրությամբ էվթանազիայի  օրինականացման ցանկացած փորձ՝ այն համարելով սպանության մի  ուրույն  ձև: Ռուս  ուղղափառ  եկեղեցու Եկեղեցական  խորհուրդը դեմ  է  էվթանազիայի ցանկացած ձևի, քանի որ դրա  ընդունումը առողջապահական համակարգի  նկատմամբ անվստահության է մղում>>: 


- Հետաքրքիր է պարզել երևույթի նկատմամբ իսլամական ուսմունքում առկա մոտեցումները։
- Իսլամական շատ երկրներում (ինչպես, օրինակ Իրանում) էվթանազիայի վերաբերյալ օրենքները և կանոները ծագումով մահմեդական շատ գիտնականներ  սահմանում են իսլամական իրավագիտության դրույթներով: Դրանց առաջին հիմնական և կարևոր աղբյուրը Ղուրանն է, որը մուսուլմանական համայնքում ունի ամենաառանցքային տեղը: Այդ հարցում էական են կրոնական կարծիքները, ինչպես նաև դեկրետները՝ սահմանված իսլամական գիտնականների կողմից, որոնք կոչվում են <<մոֆթի ալ-ազամ>> (սունիների մոտ) և <<այաթոլլահ ալ-օզմա>> (շիաների մոտ): Մուսուլմանական փորձագետների և գիտնականների քննարկումների և համաձայնությունների հիման վրա են ստեղծվել իսլամական բարոյագիտության բժշկական կոդեքսները: Ղուրանում առկա որոշ հատվածներ հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչ դիրքորորշում ունի իսլամի սուրբ գիրքը էվթանազիայի վերաբերյալ: Օրինակ <<Մի՛ վերցրու կյանքը, որը Ալլահը սուրբ է դարձրել>>(Ղուրան 17.33), <<Եթե ինչ-որ մեկը սպանություն է գործում, նա սպանություն կամ չարիք է տարածում երկրի վրա, դա կլինի այնպես ասես նա սպանել է ամբողջ մարդկությանը>> ( Ղուրան 5:32): 1981թ. Քուվեյթում հրավիրված իսլամական բժշկության միջազգային առաջին համաժողովի ժամանակ լույս ընծայված բժշկական բարոյագիտության մահմեդական կոդեքսում նշվում է, որ բժիշկը պետք է ամեն կերպ փորձի կանխել մահը և նպաստի կյանքի պահպանմանը, այլ ոչ թե հակառակը` դադարեցնի այն: Նշված կոդեքսի 61-րդ հոդվածում ասվում է, որ մարդկային կյանքը սուրբ է, և այն չպետք է զուր տեղը ընդհատվի: Այդ իսկ պատճառով էլ բժիշկը չպիտի կասեցնի հիվանդի կյանքը՝ անկախ նրանից, թե դա հիվանդի խնամակալի կամ նույնիսկ անբուժելի հիվանդություն ու սաստիկ ցավեր ունեցողի խնդրանքն է: Այսպիսով, առհասարակ մահմեդական աշխարհում էվթանազիան չի կարող գործածավել շատ պարզ պատճառով` այնտեղ օրենքը հիմնվում է Ղուրանի վրա, և նրանց համար դրանից զատ ընդունելի այլ բան չկա:


- Հայ առաքելական եկեղեցին ինչպե՞ս է ընկալում երևույթը, կխնդրեի բնութագրել նաև մեր ազգի մոտ առկա մոտեցումները՝ ելնելով էթնիկ, բարոյահոգեբանական և կրոնական պատկերացումներից։

- Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում էվթանազիայի որևէ դրսևորում, լինի դա պասիվ, թե ակտիվ, քանի որ կյանքը սուրբ է: Հայոց եկեղեցու ականավոր ներկայացուցիչները դարեր շարունակ ժխտողական վերաբերմունք են ունեցել ինքնասպանության վերաբերյալ: Հայ հոգևոր սպասավորները քանիցս դատապարտում են այդ երևույթը, սակայն դեռ պաշտոնական տեսակետը կենսաէթիկայի աստվածաբանության խնդիրների շուրջ չեն հրապարակվել: Այժմ եկեղեցում մշակվում է այդպիսի խնդիրների վերաբերյալ հայեցակարգ, որը պաշտոնապես կհրապարակվի առաջիկա եկեղեցական ժողովի ժամանակ:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am