«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամերիկա-չինական մրցակցության ազդեցությունը ՌԴ - Չինաստանի հարաբերությունների վրա․ ք․գ․դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան

14/05/2022

Ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանի առճակատումը ԱՄՆ-ի հետ մերձավորարևելյան և մոյւս տարածաշրջաններում, պատժամիջոցների խստացումն ու պատերազմի ձգձգումը Ուկրաինայում, օր օրի կարևորում են Չինաստանի հետ հարաբերությունները: Պատժամիջոցների վնասը Մոսկվան կարող է չեզոքացնել միմիայն ասիական և հեռավորարևելյան տարածաշրջաններում արդյունավետ տնտեսական և էներգետիկ հարաբերությունների ծավալումով, որտեղ արդեն չինական ազդեցության հետ պետք է հաշվի նստել: Այլ կերպ ասած ուկրաինական ճգնաժամի և նոր աշխարհաքաղաքական փոխակերպումների հանգուցալուծման բանալին, մեր խորին համոզմամբ գտնվում է Պեկինում: Պատահական չէր նախագահ Բայդենի հեռավար հրապարակային հանդիպումը Սի Ցզինպինի հետ և բավականին կոշտ նախազգուշացումը ռուսական կողմի հետ համագործակցության հետևանքների մասին: 
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը՝ այսօրվա դրությամբ հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները և առաջատար ռազմական տերությունները, գտնվում են հարաբերությունների բարդ և բազմաշերտ եռանկյունում, որը շատ դժվար է հասկանալ և բազմակողմանի բացահայտել։ Այնուամենայնիվ հենվելով ուղեղային կենտրոններում արված հետազոտությունների արդյունքների վրա փորձենք ներկայացնել այդ եռանկյունին:
Եռանկյունու մի կողմում ԱՄՆ-ն առճակատման մեջ է Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Մյուս կողմում Չինաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, բայց դրա հետ մեկտեղ Պեկինն ու Մոսկվան ձևական միություն չեն ստեղծում, որն ուղղված լինի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ:  Միացյալ Նահանգներն ուժեղացնում է ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին դիմակայելու համար, և միաժամանակ զարգացնում ու ամրապնդում է  հարաբերությունները խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ՝ ի հակակշիռ Չինաստանի: Ամերիկա-չինական երկբևեռությունն արդեն ձևավորվել է, բայց բլոկների կառուցման գործընթացն առայժմ ընթանում է միայն մի կողմից: Արդյոք նման ասիմետրիկ կոնֆիգուրացիան կայուն է, թե մեզ սպասում է սառը պատերազմի ժամանակներին բնորոշ  դարձած կոշտ բլոկների վերածնունդը։
ԱՄՆ-ն ակնհայտորեն շահագրգռված է Չինաստանի և Ռուսաստանի ավելի սերտ մերձեցումը կանխելու հարցում, Չինաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ իր սերտ գործընկերությունը, բայց նախընտրում է միայնակ խաղալ և այդ պատճառով պատրաստ չէ և չի ձգտում նրա հետ ռազմական միություն կնքել; Իր հերթին Ռուսաստանը՝ խոշոր անկախ միջազգային խաղացող է, բայց ակնհայտ է, որ նա ԽՍՀՄ-ի նման  գերտերություն չէ  (ի տարբերություն առաջին երկուսի) և փորձում է հավասարակշռություն պահպանել:
Աշխարհաքաղաքական և ռազմական եռանկյունու շրջանակներում գործերի նման դրությունը, հավանաբար, կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում խոշոր ճգնաժամ չի բռնկվել (օրինակ ՝ Թայվանի շուրջ), որը նրանց կդնի ռազմական բախման եզրին և կստիպի դիմել իր դաշնակիցներին ու գործընկերներին: Առայժմ Ռուսաստանը շարունակում է, պահպանելով զգուշավորությունը, ընդլայնել և խորացնել Չինաստանի հետ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ պահպանվող առճակատման պայմաններում: Մոսկվայի համար Վաշինգտոնի հետ Պեկինի դեմ միավորումը ռազմավարական խելագարություն կլիներ: Չինաստանի վերածումը հակառակորդի հղի է ավելի ծանր ռազմավարական հետևանքներով, քան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ շարունակվող դիմակայությունը։ Իսկ Վաշինգտոնի հետ  մրցակցության մեջ Պեկինին միանալը օգտակար է առճակատման ժամանակ, բայց խաղաղ ժամանակ այն կարող է Ռուսաստանին զրկել  ռազմավարական ինքնիշխանության զգալի մասից  երկրի ճակատագիրը կախման մեջ դնելով այլ տերությունների պայքարի ելքից։
Ճգնաժամային ժամանակներում այս տրամաբանությունը կարող է փոխվել։ Ռուսաստանի ղեկավարությունը ամեն դեպքում պետք է նկատի ունենա նաև  Միացյալ Նահանգների և Չինաստանի հնարավոր համագործակցության սցենարի հետևանքները, որը  ՌԴ — ին կհանգեցնի ռազմավարական պարտության, հնարավոր է՝ նաև աղետի։ Սակայն ինչպես կորոշի գործել Մոսկվան, կանխագուշակել հնարավոր չէ ՝ չափազանց շատ են անհայտ գործոնները։ Կարելի է միայն հուսալ, որ 21-րդ դարի ռուս առաջնորդները չեն մոռանա Առաջին համաշխարհային պատերազմի դասերը, երբ ռուսական կայսրությունը ներքաշվեց Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի  հակամարտության մեջ և փլուզվեց ընկղմվելով քաղաքացիական պատերազմի մեջ: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնի և Պեկինի միջև աճող անտագոնիզմի պայմաններում կենսականորեն կարևոր  հավասարակշռությունը պահպանելու համար Ռուսաստանը պետք  է զարգացնի տնտեսությունն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև, ինչը պակաս կարեւոր չէ, ամրապնդի հասարակական կայունությունն ու անդորրը, որովհետև բացառված չէ գունավոր հեղափոխության տեխնոլոգիաներով երկիրը ներսից ապակայունացնելու դրսի փորձերի վտանգը:
2021 թվականը նշանավորվեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի մասնակցությամբ նոր ռազմավարական դաշինքի ստեղծմամաբ, որն ստացավ  AUKUS անունը: Քաղաքագիտական կենտրոններում այս դաշինքի ստեղծումը համարում են ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության սրման հետևանք: Նման եզրակացությունները հիմնավորվում են նաև ԱՄՆ-ի և Ավստրալիայի միջև ատոմային սուզանավերի կառուցման խոշոր պայմանագրի  կնքմամբ, որին օժանդակել է Լոնդոնը: Նոր փաթեթի իրականացումը թույլ կտա ավստրալական նավատորմին պարեկություն իրականացնել Հարավչինական ծովում, Թայվանական նեղուցում և այլ շրջաններում, ինչը կուժեղացնի Չինաստանի զսպման ԱՄՆ-ի քաղաքականությունը:
Հնարավոր է, որ ապագայում ավստրալական սուզանավերը ատոմային շարժիչներով կարող են հասնել Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ափերին, ինչը նշանակում է, որ Մոսկվան չի կարող անտարբեր մնալ AUKUS-ին: Հենց այդ պատճառով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ նոր դաշինքն ուղղված է ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ: Այս հանգամանքը կարող է ռուս-չինական մերձեցման գործոն դառնալ: 
ՌԴ-ԱՄՆ-ՉԺՀ եռանկյունու համագործակցային-մրցակցային հարաբերությունների վրա ազդող գործոն է նաև Հարավչինական ծովում առկա տարածքային վեճերում ռուսական կողմի չեզոք դիրքորոշումը:  Հարավչինական ծովում, որտեղ ավստրալական նավատորմի ապագա հնարավորությունները կարող են ծանրակշիռ դեր խաղալ, Մոսկվան չեզոք դիրք է զբաղեցնում Չինաստանի և առափնյա այլ երկրների միջև վեճերում և մշտապես կողմ է արտահայտվում, որպեսզի տարածքային հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով: Բազմիցս ռուսական դիվանագիտությունը ապացուցել է Կուրիլյան կղզիների հարցով, տարածքային վեճը Ճապոնիայի հետ խաղաղ բանակցություններով լուծելու պատրաստակամության մասին: Ռուսաստանը նաև ցանկանում է մեծացնել ռազմական արտահանումը Վիետնամ, Ինդոնեզիա և Մալազիա:
Ռուսաստանը նաև չեզոք դիրք է պահպանում կղզիների պատկանելության վերաբերյալ ճապոնա-չինական վեճում, որոնք վերահսկում է Ճապոնիան: Իր հերթին Պեկինը չեզոքություն է պահպանում Ռուսաստանին պատկանող Հարավային Կուրիլների վերաբերյալ, որոնց նկատմամբ Ճապոնիան պահանջներ է ներկայացնում։ Ընդ որում, Մոսկվան միշտ, անգամ խորհրդային-չինական դիմակայության ամենածանր տարիներին, Թայվանը ճանաչել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անբաժանելի մասը և այս խնդիրը համարում է Չինաստանի ներքին գործը: Դա նշանակում է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի միջամտի Թայվանի շուրջ հակամարտությանը։   Ամենայն հավանականությամբ, Մոսկվան թույլ չի տա իրեն ներքաշել չին-ամերիկյան բախման մեջ, նույն տրամաբանությամբ Չինաստանը չի ցանկանում որևէ դերակատարում ունենալ ՌԴ-Արևմուտք ներկա բախման մեջ:

Հեղինակ՝ քաղքական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Գարիկ Քեռյան                                                                                               

Generalnews.am