«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարպետի ապտակը փոքրիկ Չարենցին

10/12/2022

Այն, ինչի մասին պատմվում է այստեղ, պատահել է 1909 թվականի ամռանը: Երեսունչորսամյա Ավետիք Իսահակյանը, որն արդեն ճանաչված բանաստեղծ էր, գնացել էր Ղարս և իջևանել տեղի փոքրիկ հյուրանոցում:

Եվ ահա պատահեց այսպիսի մի դիպված: Իսահակյանը, դուրս գալով հյուրանոցից, հանգիստ ճեմում էր կանաչապատ բակում: Այդ միջոցին հյուրանոցի ներքին հարկում գտնվող գորգավաճառի խանութից դուրս եկավ խառնիխուռն մազերով ու կրակոտ աչքերով 12-ամյա մի պատանի և կանգնեց նրա դեմ: Պատանին իր անհագուրդ հայացքը ուղղել էր Իսահակյանի վրա։ Հայացքը սուր էր ու ներգործող: Բանաստեղծը որոշեց ճեմել և ուշադրություն չդարձնել պատանու վրա: Բայց քիչ անց նրա մեջ բուռն ցանկություն առաջացավ շրջվել ու տեսնել՝ արդյո՞ք պատանին նորից նայում է իրեն։ Շրջվելով՝ բանաստեղծը ցնցվեց: Նույն համառ հայացքը գամվել էր իր վրա։ Իսահակյանը կրկին փորձեց ազատվել այդ ճնշող հայացքից: Բայց իզուր։ Որքան էլ նա չէր ուզում նայել, այնուամենայնիվ, այդ հայացքը մեխվել էր ուղեղի մեջ և գրգռում, տանջում էր իրեն:

Հանկարծ բանաստեղծը արագ շուռ եկավ ու խոժոռադեմ նայեց նրան՝ ցանկանալով փոխադարձաբար ազդել նրա վրա ու… հեռացնել: Բայց իզուր։ Տղան նորից ու նորից նույն համառությամբ նայում էր իրեն:

- Այ տղա, ո՞վ ես դու և ինչո՞ւ ես այդքան ինձ նայում, ճարահատ հարցրեց Իսահակյանը՝ աշխատելով որքան կարելի է հանգիստ երևալ:

Տղան ոչ մի պատասխան չտվեց, բայց և չհեռացրեց հայացքը։ Մոտ արի, տեսնեմ, ի՞նչ ես ուզում...

Տղան կախարդվածի նման շարունակում էր լուռ ու մունջ մնալ իր տեղում։ Իսահակյանը ստիպված ինքը մոտեցավ:

- Ի՞նչ ես ուզում ինձանից:

- Ոչինչ, – հանգիստ պատասխանեց տղան: - Բա ինչո՞ւ ես այդքան նայում:

Տղան լուռ ուսերը շարժեց՝ առանց հայացքը բանաստեղծի աչքերից կտրելու:

-Դե շուտ հեռացի՛ր այստեղից,- ձայնը բարձրացրեց բանաստեղծը:

Տղան չշարժվեց: Բանաստեղծը, չկարողանալով դիմանալ նրա ճնշող հայացքին և անկարող լինելով զսպել բարկությունը, ուժեղ մի ապտակ հասցրեց տղայի ձախ այտին:

-Իսկույն չքվիր այստեղից և հանգիստ թող ինձ:

Չնայած ապտակի զորեղ ներգործությանը, տղան ոչ թե ճչաց կամ լաց եղավ, այլ բարձր-բարձր քրքջաց․

- Վա՜հ։ Բա բանաստեղծն էլ էդպես կբարկանա ու կապտակի...

Այս ասելով՝ պատանին արագ դուրս եկավ հյուրանոցի բակից, գոռաց՝ բանաստեղծն էլ ապտակել գիտի..

Անցան շատ տարիներ, բայց Իսահակյանը չմոռացավ խառնիխուռն մազերով ու կրակոտ աչքերով պատանուն և նրա սուր ու ծակող հայացքը:

Այս դեպքից 15-16 տարի անց, երբ Իսահակյանն արդեն հռչակավոր բանաստեղծ էր և ապրում էր Վենետիկում, մի օր հեռագիր ստացավ, թե իր մոտ հյուր է գալիս Եղիշե Չարենցը: Իր ուրախությունը ընտանիքի անդամների հետ բաժանելուց հետո Իսահակյանը այդ մասին հայտնեց նաև իր մեծահարուստ տանտիրոջը: Վերջինս, որ մի հաղթանդամ մարդ էր, խիստ զգացվեց և չգիտես ուրախացա՞վ, թե՞ տխրեց, որ իր շենքում հյուրընկալվելու է բոլշևիկ-բանաստեղծ: «Բոլշևիկ»-ը տանտիրոջ աչքերին մի առասպելական հսկա է, մի տիտան, որի համար իր սենյակների չորս մետրանոց բարձրությունն էլ չէր բավականացնի: Սիաժամանակ նա ինքն իրեն ուրախանում էր, որ բոլշևիկ-բանաստեղծը Վենետիկ գալով, պիտի հյուրընկալվի սեփական տանը, եւ նա՝ թաքուն մի անհանգստություն սրտում, ամեն օր և օրը մի քանի անգամ գալիս էր Իսահակյանի մոտ ու հարցնում․

- Սինյոր Իսահակյան, ձեր բոլշևիկ բանաստեղծը չեկա՞վ։ Եվ ամեն անգամ Իսահակյանը բացասական պատասխան էր տալիս:

Բայց մի օր, երբ Չարենցն արդեն հյուրընկալվել էր Իսահակյանի հարկում և թաղվել փափուկ բազմոցի մեջ, եկավ տանտերը և սովորականի նման հարցրեց․

- Սինյոր Իսահակյան, ձեր բոլշևիկյան բանաստեղծը չեկա՞վ։

եղիշե Չարենցը ոտքի կանգնեց և գլուխ տվեց տանտիրոջը։ Վենետիկցին իր առջև տեսնելով փոքրամարմին, վտիտ մի երիտասարդի՝ խիստ զարմացավ:

- Սա՞ է բոլշևիկը, - ասաց նա՝ ոտքից գլուխ չափելով Չարենցին:

Չարենցը տեգի նման ծակող ու կրակոտ հայացքը հառեց վենետիկցու վրա։ Այդ հայացքից վենետիկցին սարսուռ զգաց ու դառնալով Իսահակյանին՝ ասաց․

- Սինյոր, ձեր բոլշևիկ բանաստեղծը իմ պատկերացրած մարդը չէ։ Բայց ինչ վերաբերում է նրա հայացքին, ապա այն իրոք բոլշևիկ է։

Ճիշտ է, ես էլ եմ առաջին անգամ այդպիսի ազդու հայացք տեսնում, ասաց Իսահակյանը։ -Առաջին անգա՞մ,- ժպտաց Չարենցը:

-Ինչպե՞ս թե,- զարմացավ Իսահակյանը։

- Ասա էլ ե՞րբ։ Հիշո՞ւմ եք 1909 թվականին, Ղարսի հյուրանոցի բակը:

-Ե՞րբ... ինչպե՞ս... դու․․․

- Ես գրականությամբ հափշտակված մի պատանի էի և տեսնելով Ձեզ՝ չէի հագենում...

-Ուրեմն դո՞ւ ես եղել այն պատանին, որը շարունակ նայում էր ինձ ու հայացքով ճնշում:

– Այո, ես էի:

- Ես այդ հայացքը դեռ չեմ մոռացել, և մինչև հիմա էլ աչքիս առաջն է հյուրանոցի բակը, խառնիխուռն մազերով այն տղան ու նրա կրակոտ հայացքը, – խոսեց Իսահակյանը՝ մտովի մի պահ փոխադրվելով Կարս։

-Իսկ Դուք ապտակն էլ հիշո՞ւմ եք, - ծիծաղեց Չարենցը:

- Հը՞, ի՞նչ ապտակ,- ասաց՝ Իսահակյանը՝ մի փոքր շփոթվելով:

- Ինձ հասցրած ապտակը,- ծիծաղեց Չարենցը:

Իսահակյանն ավելի քան շփոթվեց:

-Իսկ դու, սիրելիս, ինչո՞ւ էիր հայացքդ այնպես համառորեն հառել իմ վրաս։ Երդվում եմ, որ այդ հայացքըը ճնշում էր ինձ և ով էլ լիներ իմ փոխարեն, չէր դիմանա...

- ես ուզում էի Ձեզանից բանաստեղծական շնորհ ստանալ, բայց ապտակ ստացա,-քրքջաց Չարենցը:

Իսահակյանը շփոթված խոնարհեց հայացքը: Բայց Չարենցը նրան դուրս բերեց անհարմար վիճակից:

- Ով գիտե, գուցե և Ձեր այդ ապտակը դեր խաղաց իմ բանաստեղծ դառնալու գործում։ Դրանից հետո ես որոշեցի, ինչ գնով էլ լինի բանաստեղծ դառնալ, մի օր հիշեցնել Ձեզ այդ բանը:

-Ոչինչ, Եղիշե ջան,- խոսեց Իսահակյանը, հատ-հատ արտա-սանելով բառերը, - Աշխարհում ամեն ինչ պատահում է։ Դա հավանաբար, եղել է «ուստա սիլլասի»-ն՝ Վարպետի ապտակ, որն ընդունված սովորույթի համաձայն վարպետը հասցնում է իր աշակերտին՝ ստեղծագործական աշխատանքի ուղի բաց անելով նրա առաջ, եւ որքան ապտակը զորեղ է լինում, այնքան աշակերտը լավ վարպետ է դառնում: Դե, սիրելիս, իմ ապտակն էլ հենց այդպիսի ապտակ համարիր ու մի նեղացիր։ Տեսնո՞ւմ ես, իրոք էլ մեծ բանաստեղծ ես դարձել:

- Եթե այդպես է, մեծարգո Իսահակյան, թույլ տվեք այսօրվանից Ձեզ կոչել Վարպետ, - ասաց Չարենցը:

եվ ահա այդ ժամանակից ի վեր Ավետիք Իսահակյանին կնքվեց մի նոր անուն և Վարպետ։ Այդ անունը կնքեց Եղիշե Չարենցը և ավանդեց մեզ:

Marine Alexanyan-ի ֆեյսբուքյան էջից.