
Բայդեն- Տրամպ դեբատի դասերը. Աշոտ Ներսիսյան
Բայդեն - Տրամպ առաջին դեբատը ջրի երես հանեց շատ ճշմարտություններ, որոնք արդեն պարզ էին աշխարհին,բայց որոնք ԱՄՆ իշխող վարչակարգը և դեմոկրատները վարագուրապատում էին: Կուռ և հստակ տրամաբությամբ, հաստատակամ և փաստարկված դատող Տրամպը քարը քարի վրա չթողեց Բայդենի «տեսություններից», որոնք առնչվում էին ԱՄՆ միգրանտների հոսքին, որոնք հանցագործ են, նարկաման և տեռորիստ,սոցիալական տարբեր հարցերի, ԱՄՆ որպես գերտերություն իր նախկին դիրքերից անկմանը, արտաքին քաղաքականության կրախին, մասնավորապես Մերձավոր Արևելքում և Ուկրաինայի պատերազմի հետ կապված: 77 - ամյա Տրամպը գլխովին ջախջախեց ծերունական զառամախտով տառապող Բայդենին, որը պաշտպանվողի դերում էր, կցկտուր և հաճախ չհասկացվող նախադասություններ կրկնող և այն աստիճանի, որ 45-րդ նախագահը ծաղրեց նրան, մեկ անգամ շեշտելով, թե «չհասկացանք ինչ ասաց և կարծում եմ ինքն էլ իր ասածը չհասկացավ»: Բայդենի դեմքին ուշադիր նայողին լիովին պարզ էր, որ նա արագորեն գլորվում է ցնորամտության աշխարհը և երկրորդ ժամկետով ընտրվելու դեպքում, հաստատ արդեն կհայտնվի տարածությունից և ժամանակից դուրս: Արդեն խոսվում է նրա թեկնածությունը մեկ ուրիշ դեմոկրատով փոխարինելու մասին, բայց դա դժվար պրոցեդուրա է, խարիզմատիկ թեկնածուներ չկան և լիովին ճիշտ է Տրամպը, որ Բայդենը նրանցից ամենահեղինակավորն է: Սա նշանակում է, որ նորի պարտությունն ավելի շատ հավանական է: Թողնենք այդ դեբատի բազում հետաքրքիր կողմեր և անդրադառնանք մեր քաղաքական ապագային սերտորեն առնչվող ռուս-ուկրաինական հակամարտությանը նրանց անդրադարձներին: Տրամպը միշտ դեմ է եղել դրան և բազմիցս է շեշտել, որ եթե ինքը լիներ, այդ պատերազմը չէր լինի, իսկ ընտրվելուց հետո դեռևս պաշտոնը չստանձնած, կկանգնեցի այն: ԱՄՆ-ն, ըստ նրա` միլիարդավոր դոլարներ է ծախսում այդ պատերազմում, որում Ուկրաինան պարտվելու է, քանի որ սպառվում են նրա մարդկային ռեսուրսները, Զելենսկին առևտրական է, քանի որ ամեն անգամ ԱՄՆ գալուց միլիոններ է տանում, որից ԱՄՆ-ն օգուտ չունի: Մակերեսային էին և անհամոզիչ Բայդենի արդարացումները, ըստ որոնց` Պուտինը պատերազմի հանցագործ է, Ուկրաինայում նրա հաղթանակին հաջորդելու է Լեհաստանի և Բելոռուսի վրա հարձակումը: Այս վերջինը հատկապես զավեշտալի էր: Բայդենն անշուշտ սխալվում է, Ուկրաինային նրա օգնությունն իրոք օգուտ չի տալու, այդ օգնությունն արդեն անիմաստ է, քանի որ ո՞վ այնտեղ պետք է կռվի ռուսների դեմ, երբ ավարտվեն մարդկային ռեսուրսներ` ՆԱՏՕ-ն արդյո՞ք, որը կբերի միջուկային աղետի: Այս դեպքում նա իրոք ոչ միայն Ուկրաինան կկորցնի: Միանշանակ պարզ է, որ Ոուկրաինայում պատերազմը կկանգնեցվի և դրա համար մնացել են ամիսներ: Եվ սրա գիտակցումը պետք է ստիպի հայ իշխանական վերին որոշ շրջանակների, որ վերջ տան այն տեսություններին, որոնք կառուցում են Ռուսաստանի այս տարածաշրջանից հեռանալու և Արևմուտքին ապավինելու վրա: ԱՄՆ-ը առաջիկայում այստեղ կապրի տեղատվություն, որին կհաջորդի ԵՄ տեղատվությունը: Կլինի այն, ինչ եղավ 1920-ին: Եվ սա ցավով ենք մատնանշում: Ահա այդ ժամանակ կարող է լինել իշխանափոխություն, կարող է այն լինել մասնակի, կարող է հեռացվեն ԱԽՔ-ն, ԱԺ նախագահը և էլի ուրիշներ, բայց ոչ վարչապետը: Այնպես, որ պետք է թոթափել տարրական սխալները, կենսական հարցերով զբաղվել, զինվել և ապավինել մեր հնարավորություններին: Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքի հիմնադրամների փողերի դիմաց բաժակաճառ ասողներին, նրանք վաղուց մեզ համար իմաստազուրկ են և մի տեղ պահած ունեն արդեն իրենց փախուստի համար նախատեսված ճամպրուկները: Իսկ խաղաղության պայմանագրի կետերը դեռ շատ իրար կուղարկվեն, բայց դրա կնքումն ուղիղ համեմատական է ուկրաինական պատերազմի ավարտին: Գրածներս միգուցե հաճելի չեն ցնորքներով ապրողներին, բայց երազախաբությանը մի օր պետք է վերջ տրվի, պետք է կասեցվի ավազով ծովի ափին բերդերի կառուցումը:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան