ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների շարունակական ձերբակալություններով և կոչ է անում երկրի կառավարությանն անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն՝ արձագանքելով Ադրբեջանում Abzas Media-ի հետաքննության շրջանակներում ձերբակալված հայտնի տնտեսագետ և լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալությանը։
«Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների շարունակական ձերբակալություններով: Նրանք, ովքեր օգտվում են իրենց հիմնարար ազատություններից՝ ներառյալ ազատ արտահայտվելու իրավունքը, չպետք է ձերբակալվեն դրա համար: Եվ մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և հարգել մարդու իրավունքներն ու բոլորի հիմնարար ազատությունները»,- ընդգծել է Միլլերը։
Բաքվի Խաթայի շրջանի դատարանի վճռով 3 ամիս 20 օր ժամկետով կալանավորվել է տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն, ով ներգրավված է Abzas Media անկախ հրատարակության գործով: Դրա մի խումբ աշխատակիցներ մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում արժույթի մաքսանենգության մեջ (ԱՀ ՔՕ 206.3.2 հոդված):
Մեհրալիզադեին նույնպես մեղադրանք է առաջադրվել արտարժույթի մաքսանենգության հոդվածով: Նա դատարանում հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ գործնական կապեր չունի Abzas Media հրատարակության հետ։