
Կլինի՞ արդյոք ռուս-ուկրաինական հաշտություն. Աշոտ Ներսիսյան
Գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ երկար կքաշի։ Թրամփի նախընտրական և հետընտրական բոլոր հավաստիացումներն իրենց չարդարացրին։ Հիրավի, հավաստիացնել, որ արագ ավարտելու է այդ հակամարտությունը, ուներ և ներկայումս էլ ունի քարոզչական նշանակություն, քանի որ խորքային առումով այդ հակամարտության ելքից է շատ առումներով կախված նոր աշխարհակարգի ձևավորման ավարտը։ Այն պայմանները, որոնք առաջ է քաշում ռուսական կողմը, բոլորովին ձեռք չեն տալիս Արևմուտքին, որին ունենալով թիկունք՝ Զելենսկին հայտարարում է, որ ուկրաինական կողմը հետ չի քաշվելու ռուսական կողմի՝ իրեն համարող տարածքներից։ Երեկվա Թրամփ- Պուտին երկու ժամ տևած հեռախոսային խոսակցությունը գործնական առումով ոչինչ չտվեց։ Շեշտել, որ այն կառուցողական էր և հուշագրի մասին խոսել, որը պետք է նախանշի այն սկզբունքները, որոնց հիման վրա կկնքվի զինադադարը և ապա՝ խաղաղության պայմանագիրը, դեռ կոնֆլիկտի վերջի սկսիզբն էլ չէ։ Կարծում ենք, որ Թրամփից ավելի պրագմատիկ Վենսը ավելի ճիշտ է, երբ գտնում է, որ հակամարտությունը երկար կտևի։ Կարծում ենք նաև, որ ոչ մի միջնորդական առաքելություն չի բերելու հաշտության, քանի որ ռուսները ցանկանում են պարտադրել կապիտուլյացիա կամ էլ հասնել այն պահանջներին, որ Ուկրաինայից մնա մի փոքրիկ քաղաքական միավոր, որում որևէ դերակատարություն չունենա Արևմուտքը։ Բայց դա դյուրին խնդիր չէ։ Ուկրաինական թնջուկով է պայմանավորված՝ Ռուսաստանը կծավալվի մինչև ԽՍՀՄ սահմանները և կքաշի նոր կարմիր գծեր, թե՞ կբավարարվի նրանով, ինչ ունի։ Արևմուտքն այս ճանապարհին մեծ խոչընդոտ է։ Իրականում Թրամփի օրոք շատ բան չի փոխվել։ Նա դարձյալ շարունակում է օգնել Ուկրաինային, թեպետ միշտ հանդես է գալիս մարդասիրական և խաղաղասիրական կոչերով։ Նա հասավ իր կարևոր նպատակին՝ Ուկրաինայի հետ ստորագրելով օգտակար հանածոների շահագործման մասին պայմանագիրը, որը նշանակում է, որ ցանկացած պահի կարող է ուժեղացնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, եթե Պուտինը չգնա զինադադարի։ Այս առումով նա չի կարող պարտավորեցնել նաև Զելենսկուն, որպեսզի գնա զիջումների, քանի որ վերջինս Թրամփի դեմ իրեն ամուր է զգում՜՝ Արևմուտքին թիկունք ունենալով և հիմա արդեն ստորագրված պայմանագրով, որը Թրամփի համար կձախողվի, եթե կապիտուլյացվի Ուկրաինան։ Մի խոսքով, ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան շատերը կարծում են։ Գնալով ավելի է խելամիտ թվում այն, որ ԱՄՆ-ը, հնարավոր է ձեռքերը լվա հակամարտության միջնորդ հանդիսանալու փորձերից և վերականգնվի այն իրավիճակը, որը կար Բայդենի օրոք, թեպետ, որ գործնականում շատ բան չի էլ փոխվել։ Թրամփին փողն էր պետք, իսկ ուր դա կա՝ հազարավորների սպանվելու մասին ցավով հայտարարություններն ավելի հաճախ ծիսական են։ Գազայում բառիս բուն իմաստով ցեղասպանություն է, ի՞նչ է անում ԱՄՆ-ը։ Իսկ Ռուսաստանն առայժմ հաղթող կողմ է և թերևս կփորձի գրավել Օդեսան՝ կտրելով Ուկրաինան ծովից։ Բայց Արևմուտքն այնքան միամիտ չէ՝ այն չհասկանալու համար։ Ենթադրում ենք, որ ռուսները գործողությունների երկարացման դեպքում կփորձեն գնալ փոխզիջման, որը չի ընդունի Արևմուտքը։ Մի խոսքով բարդ է կանխատեսել, թե որն է լինելու ելքը։ Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, ապա քանի դեռ այս բարդ խնդիրը կա, պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի Եվրոպայի և Ռուսաստանի միջև, որն, անաչառ լինելու համար պնդենք, որ կարծես արվում է։ Ընդդիմությունը Թրամփի իշխանության գալով մի պահ կարծես ակտիվացավ, մտածելով, որ եկել է կռվող կողմերի համար հաշտության պահը, որով պայմանավորված Քոչարյանը հարցազրույց տվեց։ Բայց նա շտապեց։ Այժմ արդեն չեն հիմնավորվում իշխող ուժի հակառուսականության թեզերը։Խաղաքարտը դրա համար էլի ու էլի դրվում է արցախյան խնդրի վրա և իբրև թե իշխանութունների Ալիևի պահանջներին կուլ գնալուն՝ հասնելու համար իշխանափոխության։ Դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է, իսկ ովքեր, որ ունեն այլ ճանապարհ Հայաստանից գրաված տարածքները հետ բերելու, խնդրեմ, թող մատնանշեն։ Միայն թե դա չլինի այն, թե ռուսները կօգնեն։ Հիմա դա նրանց անենևին չի հետաքրքրում։ Մինչև պատերազմի ավարտը նրանց լիովին ձեռք է տալիս ստատուս քվոն, բայց ցավոք ոչ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ