«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին, դահլիճում իրարանցում սկսվեց

26/10/2021

ՀՀ ազգային ժողովում անվտանգության աշխատակիցները նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանի հորդորով ամբիոնից հեռացրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում մի նախագծի հարցով քննարկմանը Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց.«Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է, դավաճանություն է: Ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցող վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախն ուրացել»: (Մանուկյանից առաջ ելույթ էր ունենում ՔՊ-ի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը):

Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը ընդհատեց Մանուկյանի ելույթը՝ հիշեցնելով էթիկայի կանոնների մասին: «Դուք ինչ-որ մեկին որ մեղադրում էիք Արցախն ուրանալու մեջ, անուն տվեք»,-ասաց Ռուբինյանը:

Մանուկյանն արձագանքեց՝ բառացի կմեջբերի ՔՊ-ի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքը: Ռուբինյանը հարցրեց, թե արդյոք Մանուկյանը հիմա Խաչատրյանին դավաճա՞ն է անվանում: Որից հետո նա հորդորեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը: Պատգամավորի խոսափողն անջատվեց, Ռուբինյանը Մանուկյանին հորդորեց զբաղեցնել իր տեղը, սակայն պատգամավորը շարունակում էր խոսել՝ անջատված խոսափողով: Ռուբինյանը հորդորեց անվտանգության աշխատակիցներին Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից, որից հետո ներս մտան անվտանգության աշխատակիցները:

Դահլիճում իրարանցում սկսվեց, Ռուբինյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում: