Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի մասին. Մենք չպետք է բռնապետության վերածվենք
2018 թվականի թավշյա հեղափոխությունից և 2020 թվականի ողբերգական իրադարձություններից հետո (Արցախի պատերազմ-խմբ.), արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենամեծ եզրակացությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների կարևորագույն պահանջն արդարությունն է, որպեսզի երկիրում արդարադատություն լինի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայ հայրենակիցների հարցերին։
20 տարի Գերմանիայում ապրած մի հայ հարց հնչեցրեց, թե ինչու Փաշինյանն այժմ պողպատե մուրճով չի ջարդում «նախկիններին». «Երբ արդարությունը վերականգնվի, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ օրինական պատիժներ կկայացվեն»։
«Պետք է խոստովանեմ, որ շատերի ընկալմամբ մի շարք քրեական և ոչ միայն քրեական գործեր արդարության ցուցիչ են։ Ես չէի ցանկանա հիմա անձերի անդրադառնալ։ Որոշ մարդկանց համար այս անհատականություններն են ցուցիչ, մյուսների համար՝ ուրիշները: Եթե այս մարդիկ ազատ են, ուրեմն Հայաստանում արդարադատություն չկա, հենց որ ազատությունից զրկվեն, ուրեմն երկրում արդարություն կլինի։ Հեղափոխությունից հետո մենք հնարավորություն ունեինք հրապարակում հավաքված մարդկանց հետ միասին գնալ և արդարադատություն իրականացնել տեղում՝ ըստ մեր տեսլականի։ Միգուցե, սա մխիթարություն կլիներ, բայց այսօր մենք կանգնեինք լուրջ խնդրի առաջ՝ քանդված պետական կառույցների փաստի առաջ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդարադատությունը պետք է լինի ինստիտուցիոնալ։
Սա չպետք է անի իշխանությունը կամ հրապարակում հավաքված ժողովուրդը՝ սեփական հայեցողությամբ... Մենք չպետք է բռնապետության վերածվենք, հիմա մենք դեմոկրատիայի շնորհիվ ենք դիմադրում սպառնալիքներին։ Ես չեմ խուսափում պատասխանից, բայց գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնելու մեխանիզմը, իրավապահ համակարգը լինելու է հետևողական, և ի վերջո արդարությունը կհաղթի»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև վստահություն հայտնեց, որ հանցագործները կպատժվեն. «Հանցագործները ոչ մի տեղ չեն փախչի և կպատժվեն»: