«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արմավիրի ոստիկանները մեքենաների առևանգման դեպքեր են բացահայտել

16/11/2020

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Արմավիրի բաժին մի տղամարդ հաղորդում էր տվել, որ օրեր առաջ Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:

Ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Կազմվեցին անհրաժեշտ արձանագրություններ, օպերատիվ հարցումներ իրականացվեցին: Բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին, երբ հոկտեմբերի 15-ի առավոտյան նոր ահազանգ ստացվեց. Արմավիրի Չարենցի փողոցից «Օպել» մակնիշի մեքենա էին գողացել:

Մեքենաները փախցրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում ստացվեցին տեղեկություններ, որ տրանսպորտային միջոցները հնարավոր է գողացած լինի Արմավիրի 21-ամյա մի բնակիչ:

Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանություն: Ավելի ուշ քրեական հետախույզները հայտնաբերեցին նաև գողացված մեքենաներն ու տեղափոխեցին ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Ոստիկանություն