«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միխայիլ Գորբաչով. պատմական անձնավորություն, բարդ ու հակասական գործիչ

03/09/2022

Կյանքից հեռացավ Խորհրդային պետության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը:  ԽՍՀՄ փլուզումից հետո ստվերում հայտնված գործիչը հիմնականում դուրս էր մնացել ուշադրության կենտրոնից, նրան հիշում էին շատ սակավ, երբեմն լավ, երբեմն էլ վատ իմաստով: Բայց նրա մահը արթնացրեց միլիոնավոր մարդկանց, համաշխարհային մամուլը, Վանկուվերից-Վլադիվոստոկ, հեղեղվեց նրա մասին բազմաթիվ հոդվածներով և մեկնաբանություններով: Բայդենից սկսած քաղաքական-պետական գործիչների մեծ մասը անդրադարձան նրա անձին և գործունեությանը:  Արևմտյան քաղաքական վերլուծական շրջանակները նրան բնութագրեցին որպես մի գործչի, ով խորը հարգանք է ձեռք  բերել աշխարհում, որպես մարդ, ով մյուսներից ավելին արել է սառը պատերազմը դադարեցնելու համար: Հակառակ դրան, նախկին Խորհրդային Միությունում շատերը նրան մինչև կյանքի վերջ մեղադրում էին երկրի փլուզման, աղետների, ազգամիջյան պատերազմների, սովի, քաոսի և բարվոք տերության անիմաստ փլուզման մեջ։ Սոցիալական ցանցերը լցվեցին միաժամանակ և՛ ցավակցություններով, և՛ անեցքներով:
Միխայիլ Գորբաչովը, անկախ գնահատականներից, կմնա 20-րդ դարի վերջին քառորդի ամենահայտնի քաղաքական դեմքը, որովհետև նրա անվան հետ է կապված աշխարհակարգի փոփոխությունը: Նա կոտրեց կոմունիստական տոտալիտար պետության առաջնորդի կարծրատիպը: 1985 թվականին, երբ 54 տարեկան էր, Գորբաչովը զբաղեցրեց ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը, երբ բարձրագույն մարմնի՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի ամենաերիտասարդ անդամն էր և հատկապես աչքի էր ընկնում նրանից առաջ երկիրը ղեկավարող ծեր և անգործունակ ղեկավարների համապատկերում: Միմյանց հաջորդող ծերերի՝ Լեոնիդ Բրեժնևի, Յուրի Անդրոպովի և Կոնստանտին Չեռնենկոյի կառավարման 20 տարիների ընթացքում Խորհրդային Միությունը խոր լճացման մեջ էր ընկել։
Միաժամանակ երկբևեռ աշխարհում ԽՍՀՄ-ը  կոշտ արտաքին քաղաքականությամբ և Արևմուտքի հետ կատաղի սառը պատերազմի և սպառազինությունների մրցավազքի մեջ սպառել էր իր ռեսուրսները: Խորհրդային զորքերը ներխուժել էին Աֆղանստան, որտեղ  արյունալի պարտիզանական պատերազմը և պրոխորհրդային վարչակարգի պահպանման հսկայական բեռը, ծնկի էին բերել երբեմնի հզոր գերտերությանը։ Արևմուտքը բավականին լավ արդյունքների էր հասել հակառակորդ բևեռի ռեսուրսները փոշիացնելու և փլուզման տանելու գործում:
Պատերազմը, միջազգային մեկուսացումը, հետպատերազմյան տասնամյակների ընթացքում առատության խոստումների կոմունիստական քարոզչության տապալումը, խաթարում էր խորհրդային ժողովրդի վստահությունը իշխանությունների հանդեպ։ Այսպիսի բարդ քաղաքական և տնտեսական իրադրության պայմաններում իշխանության եկավ ուժերի ծաղկման մեջ գտնվող Գորբաչովը, որը  ձեռնամուխ  եղավ բարեփոխումների լայնածավալ ծրագրին, որն հետո անվանեց "վերակառուցում"։ Գորբաչովը յուրահատուկ կամունիստ առաջնորդ էր, որովհետև առաջինն էր, որ անձնական մտերմություն ուներ արևմտյան լիդերների հետ: Նա կարծում էր, որ կապիտալիզմից  Խորհրդային Միությունը շատ բան կարող է սովորել ։ Մարգարետ Թետչերի հետ Գորբաչովը ջերմ հարաբերություններ է ունեցել հենց սկզբից: 1984 թվականի դեկտեմբերին Գորբաչովը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի հետ և մտերմացել։ Ինչպես ասել է Թետչերը BBC-ին տված հարցազրույցում, "այդ մարդու հետ կարելի է գործ ունենալ": 
1985 թվականի մարտի 11-ին հայտնվելով իշխանության գագաթին ՝ Գորբաչովը  ազդարարեց սպասվող փոփոխությունների մասին։ Լենինգրադ ուղևորության ժամանակ նա խորհրդային առաջնորդներից առաջինն էր, որ  դուրս  եկավ բազմության մեջ և դա շատերի համար շատ արտասովոր արարք էր։ Ի տարբերություն նախորդների ՝ Գորբաչովը  պարբերաբար հանրությանը ներկայանում էր  կնոջ հետ։ Դա օգնեց նրան Արևմուտքում ձևավորել բարոյական  մարդու իմիջ, որին մարդկային ոչինչ խորթ չէ։ ԽՍՀՄ- ում նրբագեղ և խորաթափանց Ռաիսա Մաքսիմովնան ոչ միանշանակ արձագանք էր առաջացնում: Շատերը հակված էին չափազանցել նրա քաղաքական դերը: Ընդ որում թե պահպանողականները, թե "վերակառուցողները" համոզված էին, որ ամուսնու վրա նա վատ ազդեցություն է ունենում ։
Սկզբում Գորբաչովի հրապարակայնությունը խորհրդային քաղաքացիների վրա ուժեղ տպավորություն էր թողնում: Նոր առաջնորդի առաջին կարգախոսն էր դարձել "արագացումը" ՝ այսինքն տեխնոլոգիական նորացումը ։ Բայց շատ արագ նա խոսեց նաև այլ նպատակների մասին ՝ "հրապարակայնության" (պետական ինստիտուտների բացության և թափանցիկության, ԶԼՄ - ներում նրանց քննադատելու հնարավորության), "նոր մտածողության" և, վերջապես, "վերակառուցման"մասին:
Գորբաչովի, թերևս ամենահեղաշրջիչ քայլը մերձեցումն էր Արևմուտքի հետ և սառը պատերազմին վերջ դնելը: Նա կարծում էր, որ տնտեսական բարեփոխումները պահանջում են ռազմական ծախսերի բեռի կրճատում, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելի բարյացակամ հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ։ 1980-ականների առաջին կեսին բրեժնևյան "լիցքաթափումը" չկանգնեցրեց սառը պատերազմը և սկսվել էր  Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերությունների նոր սրում, նախ և առաջ աֆղանական և Լեհական իրադարձությունների պատճառով։ ԱՄՆ-ում և Բրիտանիայում իշխանական շրջանակները հանդես էին գալիս ԽՍՀՄ-ի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականության օգտին: Այս բարդ միջազգային մթնոլորտում Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռեյգանի հանդիպումներն անցան  կառուցողական մթնոլորտում: Նախկինում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը առավել անզիջում էր, որը նույնիսկ ելույթներից մեկում Խորհրդային Միությունը "չարի կայսրություն"էր անվանել։ Գորբաչովի եւ Ռեյգանի հանդիպումը Ժնևում 1985 թվականի վերջին օգնեց կոտրել սառույցը։ Չնայած առկա բոլոր տարաձայնություններին, երկու առաջնորդներն էլ կարողացան  կարգավորել փոխըմբռնումը և գործարկել միջուկային սպառազինությունների փոխադարձ կրճատման գործընթացը:
Գնալով քաղաքական վարչակարգի դեմոկրատացման, Գորբաչովը ջինը շշից բաց թողեց, խորհրդային կոմունիստական վարչակարգը սկսեց արագորեն վարկաբեկվել ժողովրդի աչքում:  Խորհրդային մարդիկ  անհրապույր ճշմարտություններ  իմացան այն մասին, թե ինչ են իրենցից երկար ժամանակ թաքցնում, որոնք էին  ստալինյան ռեպրեսիաների ծավալները, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի գաղտնի արձանագրությունները, նոմենկլատուրայի շքեղ կյանքը, Աֆղանստանում կորուստները,  բանակում "դեդովշչինան" և այլն։ Մարդիկ զգացին  կուսակցական վերնախավի անօգնականությունը և հանուն ժողովրդավարական փոփոխությունների զանգվածային շարժումներ սկսվեցին։ Դժգոհությունը ժայթքեց, բայց դեմոկրատիայի փոխարեն ստացվեց քաոս և անկում:  Ազատությունից և հրապարակայնությունից օգտվեցին ազգայնականները, որոնք պայքարում էին ԽՍՀՄ-ից հանրապետությունների դուրս գալու և մոնոէթնիկ պետությունների ստեղծման օգտին (երբեմն բռնի ճանապարհով): Միջէթնիկական բախումներ տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում, Ֆերգանայի հովտում, Մերձդնեստրում, Վրաստանում։
Գորբաչովի քաղաքականության հետևանքով փլուզվեց նաև երկբևեռ աշխարհի Արևելք բևեռը, կամ ինչպես այն ժամանակ անվանում էին սոցիալիստական ճամբարը: Սկսվեց Արևելյան Եվրոպայի դեկոմունիզացիան: Հակակոմունիստական շարժումները  թափ էին հավաքում Արևելյան Եվրոպայում։ Տեղի կոմունիստները Մոսկվայի խորհրդով երկխոսություն էին սկսում ընդհատակյա ընդդիմության հետ, համաձայնվում էին ազատ ընտրությունների, և պարտվում էին։ Այդ գործընթացի գագաթնակետը դարձավ սառը պատերազմի առավել տեսանելի խորհրդանիշի ՝ Բեռլինի պատի անկումը։ "Պարոն Գորբաչով, քանդեք այդ պատը։"1987 թվականին Արևմտյան Բեռլինում իր ամենահայտնի ելույթներից մեկում բարձրաձայնեց Ռոնալդ Ռեյգանը: 1989 թվականի նոյեմբերի 9-ին, մի գիշեր, Ռեյգանի ցանկությունն իրականացավ։ Սահմանի անցակետերը բացվեցին և արևելյան գերմանացիները սկսեցին  քանդել պատը։ Չերչիլի ասած Արևմուտքն ու Արևելքը բաժանող երկաթե վարագույրը այլևս չկար, թեև պաշտոնապես Գերմանիան վերջնականապես միավորվեց միայն 1991 թվականին: Գորբաչովն իր համար ընդմիշտ ձեռք բերեց գերմանացիների սերը սահմանի երկու կողմերում ։ 1990 թվականին նա արժանացավ  Խաղաղության Նոբելյան մրցանակի ՝ Աֆղանստանից խորհրդային զորքերը դուրս բերելու համար: 
Մեծ բարեփոխիչը շուտով բախվեց իր հակառակորդին, որն էլ վերջ տվեց նրա քաղաքական կարիերիային: 1991 թվականի հունիսին Ելցինը ընտրվեց ՌԽՖՍՀ նախագահ՝ ստանալով համաժողովրդական մանդատ, մի բան, որը չուներ Գորբաչովը: Փաստացիորեն երկու քաղաքական հակառակորդները՝ Գորբաչովն ու Ելցինը միմյանց դեմ պայքարելով նույն գործն էին անում՝ քանդում էին ԽՍՀՄ_ը; Անջատողական շարժումներն ուժով ճնշելու հաճախակի դարձած փորձերը մեկ մի հանրապետությունում, մեկ այլ հանրապետությունում հանգեցրեցին  նրան, որ տեղի կոմունիստները վերջնականապես կորցրեցին  իրենց ազդեցությունը ։ Նրանց տեղը գալիս էին նոր քաղաքական գործիչներ, որոնք ավելի ու ավելի համառորեն պահանջում էին անկախություն ։ Այդ գործընթացին փաստացի միացավ նաև Ելցինը, որը 1991 թվականի հունիսի 12-ին ստորագրեց ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: 
1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի առաջնորդները  համաձայնագիր ստորագրեցին ԽՍՀՄ լուծարման մասին։ Գորբաչովին փաստի առաջ  կանգնեցրին։ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին Գորբաչովը հեռուստատեսությամբ հայտարարեց իր հրաժարականի մասին, դառնալով ոչ միայն ԽՍՀՄ առաջին նախագահը, այլև վերջինը ։
Նախկին Խորհրդային Միության շատ մարդիկ մինչ օրս ափսոսում են երկրի փլուզման համար ։ Հետխորհրդային Ռուսաստանի երկրորդ նախագահ Վլադիմիր Պուտինի նման, նրանք այս իրադարձությունը համարում են 20-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը, որը վերածվել է տնտեսական ցավոտ բարեփոխումների, իսկ որոշ տեղերում ՝ զինված հակամարտությունների ։ Դրա մեղքը շատերը դրել են Գորբաչովի վրա։ 1996 թվականին նա իր թեկնածությունն  առաջադրեց Ռուսաստանի նախագահի ընտրություններում, սակայն հավաքեց ձայների 1 տոկոսից պակաս: Սա նրա գործունեության իրական գնահատականն էր իր հայրենիքում, մինչդեռ  արտերկիր նրա հաճախակի ուղևորությունների ընթացքում նրան   մեծարում  էին որպես Նոբելյան դափնեկրի: 
Վերջին խորհրդային առաջնորդը քննադատում էր Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը, բայց բավական զուսպ։ Խոսելով միանձնյա իշխանության կործանարար լինելու մասին ՝ "Եդինայա Ռոսիա" կուսակցությունը համեմատելով ԽՄԿԿ-ի հետ, դատապարտելով լրատվամիջոցների ճնշումները, Գորբաչովն, այնուամենայնիվ, մեկ անգամ չէ, որ հավանություն է տվել Ռուսաստանի երկրորդ նախագահի արտաքին քաղաքական կուրսին ։ 2019 թվականին BBC-ին տված հարցազրույցում 88-ամյա Գորբաչովը կրկին նախազգուշացրել Է միջուկային զենքի վտանգի մասին ։ "Դեռեւս զանգվածային ոչնչացման զենք կա, և միջուկային վտանգն առաջին հերթին հսկայական է", - ասել Է Գորբաչովը: - Բոլոր ժողովուրդները պետք է հայտարարեն, որ միջուկային զենքը պետք է ոչնչացվի ։ Մենք կփրկենք ինքներս մեզ և մոլորակին" ։ Սա նրա վերջին քաղաքական պատգամն էր:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր  Գարիկ Քեռյան  

Generalnews.am