«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է

22/02/2021

2021 թ․ Հայաստանը կնշի ատոմային ոլորտի 55-ամյակը․ 55 տարի առաջ՝ 1966 թ., ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը:

Հենց այս իրադարձությունն էլ դարձավ երկրի հարուստ ատոմային պատմության սկիզբը. ոլորտի մասնագետները ապահովում են Հայաստանը մատչելի և էկոլոգիապես մաքուր էներգիայով, զարգացնում գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու համար:

«Դժվար է գերագնահատել ատոմային ոլորտի դերը Հայաստանի համար: Անկասկած, առաջատարը Հայկական ԱԷԿ-ն է, որը տալիս է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում է մեր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Բայց այսօր ես ուզում եմ նշել նաև միջուկային տեխնոլոգիաների օգտագործման աճը բժշկության և գիտության մեջ: Ատոմային փորձագիտության առկայությունը երկրում նույնպես նպաստում է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը, ավելի բարձր մակարդակի է հասցնում անձնակազմի վերապատրաստումը: Մեր երկրում միջուկային արդյունաբերությունը զարգացել է բազմաթիվ գիտական ​​կազմակերպությունների և ոլորտային ձեռնարկությունների աշխատանքի շնորհիվ: Դրանք են՝ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեն, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ​​ինստիտուտը, Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և այլ գիտական ​​կենտրոններ ու հաստատություններ,- ասել է Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:- Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել վետերաններին, ովքեր զրոյից ստեղծեցին և հաջողությամբ զարգացրին Հայաստանում ատոմային ոլորտը, ու երիտասարդ սերնդի մասնագետներին, ովքեր դարձել են արժանի հետնորդներ ու նպաստում են ճյուղի հետագա զարգացմանը»:

Հայաստանի ատոմային ոլորտի զարգացումը պատմականորեն ընթանում է ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցությամբ։ Ոլորտի զարգացման համար նման գործընկերային հարաբերությունների մեծ կարևորությունն ընդգծեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը․ «Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրով ատոմային բաղադրիչին գերիշխող դեր է հատկացվում, ինչի կապակցությամբ «Ռոսատոմ» Պետկորպորացիայի կառուցվածքում գործող Ռուսաստանի Դաշնության առաջատար իստիտուտների և ձեռնարկությունների հետ համագործակցությունը ստանում է երկարաժամկետ բնույթ։ Ռեակտորների նորագույն տեսակների նախագծման հարցում ռուսաստանյան ինստիտուտների հսկայական փորձը և լուրջ մշակումները օգտակար կլինեն միջուկային էներգիայի օգտագործման նոր ժամանակակից  օբյեկտի կառուցմամբ ՀԱԷԿ-ին փոխարինելու մեր նպատակների իրագործման հենց սկզբնական փուլից»։

Հոբելյանական տարում կարեւոր է նշել, որ Հայկական ԱԷԿ-ի կառուցումն ու շահագործումը նպաստել են ոչ միայն երկրի տնտեսության զարգացմանը, այլեւ ներդրում են ունեցել համաշխարհային ատոմային արդյունաբերության մեջ: «Սա առաջին ատոմակայանն էր բարձր սեյսմիկությամբ շրջանների համար։ Բոլոր մշակումներն ու նոր մոտեցումները հետագայում ընդգրկվել են ԱԷԿ-ի կառուցման նորմերում եւ ակտիվորեն օգտագործվում են մինչ այժմ, մասնավորապես, այնպիսի սեյսմավտանգ շրջաններում, ինչպիսիք են Իրանը, Հնդկաստանը և Բանգլադեշը: Այժմ մեր երկրի ատոմային ոլորտն ապրում է նոր, իր պատմության մեջ չափազանց կարևոր փուլ. «Ռոսատոմ»-ի հետ համատեղ աշխատանքներ են տարվում կայանի արդիականացման ուղղությամբ։ Հայկական ԱԷԿ-ը նոր կյանք կստանա՝ անվտանգության ավելի բարձր մակարդակով դրա շահագործումը կերկարաձգվի մինչեւ 2026 թվականը, իսկ հեռանկարում նաև մինչև 2036՝ դա անկասկած լավագույն նվերն է հոբելյանի առթիվ»,- նշել է Հայաստանի ատոմային ոլորտի ստեղծման մասնակից, Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական, Գերա Սևիկյանը։

Այսօր միջուկային տեխնոլոգիաների զարգացումը խթանում է կայուն զարգացումը և գիտական հետազոտությունը: Կուտակված նյութական, տեխնիկական ու գիտական ​​բազայի շնորհիվ զարգանում են ատոմի օգտագործման նոր ուղղությունները:

«Ամբողջ աշխարհում միջուկային տեխնոլոգիաներն օգտագործվում են ի շահ մարդկանց. օգնում են լուծել առողջապահական և մաքուր ջրի հասանելիության խնդիրները, խթանում են նոր թվային արտադրանքի զարգացմանը և տիեզերական հետազոտությանը, ինչպես նաև օգնում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Օրինակ՝ Հայաստանում վերջին տարիներին միջուկային բժշկությունը թափ է հավաքում. սկսվել է իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիան, և բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը: Այժմ Հայաստանի բնակիչները կարող են օգնություն ստանալ ոչ միայն այլ երկրներում, այլ հենց Հայաստանում։ Իր հերթին, հայկական ԱԷԿ-ը մաքուր էներգիայի կայուն մատակարար է, և արդյունաբերության զարգացումը կօգնի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ և Հայաստանը դարձնել առաջատար այս ցուցանիշով»,- ասաց Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի փորձագետ Արա Մարջանյանը:

Ատոմային ոլորտը նաեւ երկրին հնարավորություն է տվել ձեւավորել սեփական ճյուղային գիտական կլաստեր։ Հայկական ԱԷԿ-ում, ճյուղային կազմակերպություններում ու հարակից ձեռնարկություններում աշխատում են հազարավոր մարդիկ: Տարեցտարի աճում է նաև բարձր որակավորում ունեցող կադրերի պահանջարկը, իսկ արդիականացման և հեռանկարում նոր ԱԷԿ-ի կառուցման հետ կապված կպահանջվեն մեծ թվով երիտասարդ մասնագետներ, որոնք կկարողանան ապահովել երկրի ատոմային օբյեկտների անվտանգությունը:

«Երբ ես ավարտեցի դպրոցը, արդեն վստահ էի, որ արժե իմ կրթությունը շարունակել տեխնիկական ուղղությամբ։ Հայրս ինժեներ է, և ունեմ հարազատներ, որոնք սերտորեն կապված են ատոմային ոլորտի հետ։ Այդ պատճառով վաղ մանկությունից բազմիցս եղել եմ Մեծամորում և միշտ անհամբերությամբ եմ սպասել մեր ատոմակայանի հսկայական սառեցնող հովացման աշտարակները տեսնելու հնարավորությանը»,- ասում է ՀԱԷԿ-ի շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի («Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ) ինժեներ Արաքս Մարգարյանը։ «Հիմա էլ ինժեներ եմ աշխատում և շատ ուրախ եմ, որ էներգետիկայի ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկի աշխատակից եմ։ Ղեկավարությունը և ավագ գործընկերները կիսում են իրենց փորձն ու սովորեցնում են գործնականում կիրառել բուհում ձեռք բերված տեսական գիտելիքները: Իմ աշխատանքը համարում եմ շատ հետաքրքիր ու հեռանկարային։ Ես ուրախ եմ, որ ընտրել եմ հենց այդ ուղղությունը, չէ որ ատոմային ոլորտը միշտ պահանջված կլինի, և առանց դրա ժամանակակից աշխարհում գոյություն ունենալն արդեն ուղղակի անհնար է պատկերացնել»։