
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԽՈՍՔ ԵՆ ՏԱԼԻՍ ՄԵԶ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ, ՍԱԿԱՅՆ ԹԵ ՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ՀՍՏԱԿ ՉԷ
«Հրապարակի» զրուցակիցն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է:
- Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իշխանությունների հետ ինստիտուցիոնալ համախմբման պրոցեսներ են տեղի ունեցել, այդ պատճառով ապրիլի 15-ին խորհուրդը, ինչպես խոստացել էր, չի հայտարարել հետագա քայլերի, այդ թվում` հաջորդ հանրահավաքի մասին: Խորհրդի հայտարարության համաձայն` իշխանությունների հետ բնակարանային ծրագրերի, զբաղվածությանն առնչվող, ինչպես նաեւ որոշ ֆինանսական հարցերի շուրջ որոշակի կոմպրոմիսի են եկել: Ինչի՞ մասին է խոսքը, իշխանությունների մոտեցումները բավարարո՞ւմ են ձեզ, կոնկրետ ի՞նչ հարցում եք կոմպրոմիսի եկել: Ո՞րն է ձեր հետագա անելիքը:
- Իրականում տեղի է ունեցել այն, որ իշխանությունը որոշումներ կայացնելու է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ լայն քննարկումների արդյունքում: Եթե սրանից առաջ էլ մեզ լսեին, կարող էինք մեր որոշումները ներկայացնել: Այս պահին որոշակի փոքրիկ զիջումների խոստում կա: Այն, որ իշխանությունները խոսք են տալիս մեզ հետ բովանդակային քննարկումներ ունենալ որոշակի խնդիրների մասով, լավ է, սակայն թե խոսքը որ խնդիրների մասին է, հստակ չէ: Իշխանությունն այն տեսակետն ունի, որ այսուհետ երկու փորձագիտական խմբերը պետք է աշխատեն` երկուստեք մշակումներ արվեն, առաջարկներ ներկայացվեն, ինչից հետո կկայացվեն որոշումներ: Իշխանությունները եթե նույնիսկ մեր բոլոր առաջարկներն ընդունեն` բնակարանային եւ զբաղվածության ծրագրերի վերաբերյալ, եւ պայմանական ասած` արցախցիների համար հրաշալի պայմաններ ապահովեն, միեւնույն է, դա մեր պահանջների երկրորդ կետն է միայն, ինչն արցախցիների կայուն եւ արժանապատիվ կեցությանն է վերաբերում: Այս խնդիրը մեզ համար, անխոս, շատ կարեւոր ու հրատապ է, մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիրներին պետք է տալ լուծումներ: Այնուամենայնիվ, բնավ պետք չէ կարծել, որ մենք հետ ենք կանգնում մեր մյուս պահանջներից, թեպետ վերոնշյալ հարցերի դեպքում էլ դեռեւս չունենք բավարար պատասխաններ: Այսպես ասած` իշխանությունները մեզ անորոշ խոստումներ են տվել՝ նշելով, որ պատրաստ են մեզ հետ քննարկումներ ունենալ եւ դրանց տալ ողջամիտ լուծումներ: Մի քանի շաբաթների ընթացքում մենք կարող ենք որոշակի լուծումներ ստանալ, ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որպեսզի գոնե այս խնդիրները ստանան հստակ լուծումներ: Մենք պահանջներ ենք ներկայացրել, որոնք Ադրբեջանից ու միջազգային հանրությունից կախված չեն, այլ կախված են ՀՀ իշխանություններից: Այդ պահանջները եւս մեզ համար շատ կարեւոր են: Դրանք են` քաղաքացիության կարգավիճակի, կուտակային կենսաթոշակի շրջանակներում արցախցիների կուտակած գումարների ճակատագրի վերաբերյալ հարցերը, ատելության խոսքի ու քարոզի վերացումը` արցախցիների դեմ, եւ մի շարք այլ կետեր, որոնք անմիջականորեն կախված են իշխանություններից:
- Ինչո՞ւ եք ատելության խոսքին այդքան մեծ տեղ տալիս, դրանով իշխանությանը հաղթաթուղթ եք տալիս, որ ավելի ագրեսիվ ձեւով ատելության խոսք տարածեն: Մանավանդ պարզ է, որ արցախցիների դեմ ատելության խոսքը գեներացվում է հենց իշխանական շրջանակներից եւ կիրառվում է ձեր բերանը փակելու համար: Հետո` 2018 թվականից սկսած, ատելության խոսք գեներացվում է բոլոր այն անձանց ու խավերի նկատմամբ, ովքեր հակառակվում են պրոթուրքական գաղափարախոսությանը, դեմ են այս իշխանություններին: Արժե՞ այդքան մեծ ուշադրություն դարձնել նիկոլական պրոպագանդային:
- Մենք ինչքան շատ ենք պայքարում, իրենք այնքան շատ են ատելության քարոզ անում, բայց մենք ուզում ենք ընտրել հարցերը լուծելու քաղաքակիրթ ճանապարհը: Հրապարակավ խոսում ենք այդ մասին, իսկ նպատակն այն է, որ ատելության խոսք գեներացնողները պատժվեն օրենքի առաջ: Պետք է կանխվի այդ պրոցեսը: Մենք պարբերաբար հաղորդումներ ենք ներկայացնում իրավապահ մարմիններին` պատիժ ակնկալելով: Այն օրինական մեխանիզմ է, օրենքի սահմաններում: Մենք այդ ճանապարհով կարող ենք կանխել ատելության քարոզը: Ի վերջո` ատելության քարոզը համակարգվում եւ իրականացվում է իշխանությունների կողմից: Մենք պետք է այս խնդիրը թիրախավորենք եւ իշխանություններից պահանջենք` վերջ դնել ատելության խոսքին: Ցավոք սրտի, նրանք ընտրում են պառակտման եւ բաժանարար գծերի ճանապարհը եւ այս եղանակով փորձում են պայքարել մեր բողոքի ձայնի դեմ:
- Բնակարանային ծրագրերի եւ ֆինանսական աջակցության մասով իշխանությունները պնդում էին, որ անդրդվելի են եւ ոչ մի կոմպրոմիսի չեն գնալու արցախցիների հետ: Կա՞ն երաշխիքներ, որ չեն խաբում ձեզ:
- Երաշխիքներ չկան, երաշխիքներն իրենց հրապարակային խոստումները պետք է լինեն: Կարծում եմ` ամենամեծ երաշխիքը պետք է հանրային ճնշումը լինի: Ակնհայտ է, որ մեր պայքարը որոշակի հաջողություններ է արձանագրել: Միայն այն, որ ժամանակին ասում էին` անդրդվելի ենք, իսկ հիմա պատրաստ են զիջումների գնալ, ինչպես նաեւ խոստովանում են, որ իրենց բնակարանային ծրագրերը ձախողված են, սա արդեն իսկ մեծ հաջողություն է, սակայն բավարար չէ` մենք փաթեթային լուծումներ ենք ցանկանում: Մեր պահանջներն առաջին հերթին ՀՀ իշխանություններից են կախված, երկրորդ հերթին` արտաքին ուժերից: