«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ երեք և Արցախի նախագահների կաթողիկոսի մոտ տեղի ունեցած հանդիպման մասին․ պրոֆեսոր Ա. Ներսիսյան

24/09/2022

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

ՀՀ երեք և Արցախի նախագահների կաթողիկոսի մոտ տեղի ունեցած հանդիպման մասին կարելի է հետևյալ եզրակացություններն անել.
1. Այն չի կարող որևէ դրական հետևանքի հանգեցնել, որովհետև առաջին նախագահը, որն ամենախելացին է, չի կարող մյուսներին մղել այն համոզմունքին, որը մեր խորին համոզմամբ նա ունի, որ պետք չէ դնել մի օրակարգ, որը կնախատեսի երեքից որևէ մեկի կողմից իշխանության հասնելու ձգտում: Ինքն անձամբ չի դնի իշխանության հարց, բայց մասնավորպես երկրորդ նախագահը դեռևս այդ հարցը պահում է օրակարգում:
2. Երրորդ նախագահը նույնպես դժվար թե ուզի իշխանություն, բայց մեր կարծիքով չի միանա երկրորդին, որովհետև այդ միավորումը ավելի կհեղինակազրկի նրան, քանի որ ժողովրդի լայն զանգվածները մերժում են երկրորդ նախագահին: Նա ինքը միավորվելով նրան ավելի կհեղինակազրկվի:
3. Կաթողիկոսի համար ներկա իշխանությունները մերժելի են, բայց նա չունի այն հեղինակությունը, որ մերան հանդիսանա ժողովրդական մի նոր շարժման, որի առաջնորդ կդառնան նախագահները:
4. Ժողովրդի ստվար մասը այն տպավորությունն ունի, որ նախագահները միասին են և որոշ քաղաքական ուժերի նման այն թյուր համոզմունքն ունի, որ Փաշինյանը առաջին նախագահի հոգեզավակն է, իսկ երրորդ նախագահը նրան իշխանության բերողը: Անաչառ լինելու համար պետք է պնդենք, որ առաջին տարբերակը չի հիմնավորվում, իսկ երկրորդը ճիշտ է, որովհետև ստիպված, թե պարտադրված, իրոք նրան իշխանության է բերել երրորդ նախագահը: Արցախի նախագահները որևէ խնդիր լուծող չեն: 
5. Այս ամենը բերում է այն համոզմունքին, որ հանդիպումն ու քննարկումն իրոք դրվատելի է, բայց այս ուժերի միավորումը անհնար է: Այս իսկ պատճառով մենք ենթադրում ենք, որ արդյունքը կլինի խորհրդատվական և չի բացառվում, որ էլ հանդիպում չլինի, քանի որ երկրորդ նախագահը արդեն կարծես թե նորից դնում է իշխանության հարց:
6. Չափազանց կարևոր է նաև այն, թե այս հանդիպումն ինչ նոր օրակարգ կբերի, մանավանդ այս բարդ իրավիճակում, երբ Արևմուտքն ակտիվացնում է իր գործունեությունը, Ռուսաստանը ուժերը սևեռում է Ուկրաինայի վրա, ցանկանում է այստեղ խնդիրն արագ փակել, բայց Արևմուտքի կողմից հույսերի ներշնչումը մեր պետական քաղաքական մտքին ստիպում է թափառել Եվրոպայում և ԱՄՆ -ում, որտեղ իշխողները ձգտում են մեզ կտրել Իրանից, Ադրբեջանին իրենց կողմը քաշելով` քանդեն իրանական Ատրպատականը, մեզ կտրեն նաև Ռուսաստանից, որը կտանի մեր միայնակությանն ու չնչինացմանը:
7. Այժմ նույնիսկ դժվար է մտածել, որ Ռուսաստանը կարող է ստեղծել նոր միություն, որի մեջ կներառվենք և մենք: Այս բարդ իրավիճակում դժվար է պնդել, թե ինչ կառաջարկեն նախագահները: 
8. Ենթադրում ենք, որ դրսի ուժերը դեռ կպահեն Փաշինյանի վարչակարգը` ԱՄՆ-ն այն հույսով, որ վերջինս կսպասարկի իր օրակարգը, իսկ Ռուսաստանն այն, որ նրա միջոցով, նաև Թուրքիայի և Ադրբեջանի դրդմամբ, նա կստորագրի խաղաղության պայմանագիրը: Խանգարողը թերևս միջանցքի հարցն է, որի տալը հասկանալի պատճառով դեռ չի խրախուսում ԱՄՆ-ը, Ռուսաստանն ուզում է, որ ինքը վերահսկի, իսկ Ադրբեջանն` ինքը: Կողմերը խորը շունչ են քաշել և կարծում ենք, որ այնքան երկար չի մնացել, որ այն հետ բերեն: Շատ վաղ է այս տարածաշրջանում խոսել ռուսական տեղատվության մասին, ինչպես նաև Իրանի կազմաքանդման, ինչքան էլ այդ մասին գիշեր-ցերեկ և անընդմեջ շատախոսում են Արևմուտքի հինգերորդ շարասյան կարկառունները: Այս քաոսային իրավիճակում շատ բարդ է նաև նախագահների վիճակը, որոնք եթե դնեն իշխանության հարց, պետք է նաև մատնանշեն, թե ինչ են անելու դրանից հետո: Մի բան, որ լիարժեքորեն չգիտեն աշխարհի մեծերը, բայց «գիտի» նրանց տեղիս հինգերորդ շարասյունը: Որ վերջինիս ներկայացուցիչներին մնա, ապա` Բայդենի, Էրդողանի և այլոց խորհրդականներ են: Կարծես շատ հոռետեսական ստացվեց, բայց սա է իրավիճակը: Թերևս մեր միակ շանսը մնում է մեծ տերությունների խաղերին ակտիվ չխառնվելը, մեր նվազ ուժերին ապավինելը: Համենայն դեպս դա մուրալուց և ամեն արժող-չարժողին ձեռք մեկնելուց գերադասելի է:

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ներսիսյան

generalnews.am