«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա. Հաջիևը մի քանի ուղերձ է խնդրել փոխանցել հայ հասարակությանը

24/11/2025

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում մեր այցերը Բաքու շարունակական կլինեն, նաև ադրբեջանցի փորձագետների, քաղհասարակության ներկայացուցիչների այցերը Հայաստան կլինեն շարունակական: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, մամուլի ասուլիսում ասաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբի անդամ  Արեգ Քոչինյանը, ով ևս 4 հոգու հետ նոյեմբերի 21-22-ին Բաքու էր այցելել։

Նա նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, պատկան մարմինները ներգրաված էին այցի կազմակերպման,  անվտանգության ապահովման մեջ. «Մենք մեր ադրբեջանցի գործընկերներից հարցրել ենք, թե ինչպես էին իրենք իրենց զգում Երևանում։ Պատախանել են՝  բավականին անվտանգ։ Նույնը կարող եմ ասել մեր մասով անվտանգության վերաբերյալ»։

Քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Հիքմեթ Հաջիևը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է։ Իրենք ուզում են, որ այս չպատերազմի վիճակից կառուցեն խաղաղություն և գնան դեպի խաղաղություն։ Իրենց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ  համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ։ Նաև չափազանց կարևոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի»,- նշել է նա: