«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Վարձկանների զանգվածային կիրառումը տապալեց Ալիևի՝ Ղարաբաղը «վերադարձնելու» ծրագիրը»․ Լապշին

20/10/2020

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հաջողություն ունենալու նպատակով Սիրիայից և Աֆղանստանից վարձականներ ներգրավելու ծրագրին և դրա տապալմանը։ 

«Ղարաբաղյան հակամարտության ամենասկզբից էլ ենթադրում էի, որ Ադրբեջանի կողմից Սիրիայից և Աֆղանստանից իսլամիստների օգտագործումը ուղիղ ճանապարհ է դեպի այսպես կոչված «Ղարաբաղը վերադարձնելու» գործողության տապալումը, քանի որ քիչ մոտիվացված, անկանխատեսելի և Ալիևին ոչ հավատարիմ այս զինյալները «յուղալի պատառ» են հատուկ ծառայությունների համար։ Մի՞թե Իլհամ Ալիևը չի հասկանում, որ «միանգամյա օգտագործման» զինյալները ֆրանսիական հայտնի արտասահմանյան լեգեոն չեն կարող լինել»,- գրել է Լապշինը և հավելել, որ ի սկզբանե Ալիևի այս գաղափարը բավականին խելամիտ կարող էր թվալ, քանի որ, օտարներին այս հակամարտության մեջ ներգավելով, նա կկարողանար մեծ թվով զոհերի համար ժողովրդի բարկությունից խուսափել․ չէ՞ որ Ադրբեջանում որևէ մեկը չի սգա սիրիացի կամ աֆղանստանցի զինյալների մահվան համար։ 

Լապշինի խոսքով՝ Ալիևն ի սկզբանե հաշվի չի առել նաև այն փաստը, որ Ադրբեջան է տեղափոխում ավազակների, որոնցից շատերը տեղեկություններ են տրամադրում ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան և իրանական աղբյուրներին։

«Վարձկանների հավաքագրման փուլում Սիրիայում «ներդրվել» են տասնյակ գործակալներ, որոնք այսօր էլ տրամադրում են անհրաժեշտ օպերատիվ տեղեկություններ, որոնք ռազմի դաշտում օգնում են հայկական ուժերին։ Դրանով են նաև բացատրվում Ադրբեջանի կենդանի ուժի և տեխնիկայի հսկայական կորուստները»,- նշել է Լապշինը և հիշեցրել, որ պատերազմից դեռևս մեկ ամիս առաջ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին Թուրքիայի նախաձեռնությամբ Ադրբեջան ուղարկելու համար Սիրիայից վարձկանների հավաքագրման մասին, ուստի՝ տրամաբանական է, որ այնտեղ կարող էին հատուկ գործակալներ նույնպես տեղափոխվել։ 

Լապշինը հավելել է նաև, որ Բաքուն չի վստահում վարձկաններին, ուստի՝ փորձում է վերջիններիս հնարավորինս մեկուսացնել գործող բանակից, սակայն դա շատ բարդ գործընթաց է, քանի որ նրանց անհրաժեշտ է զենք հասցնել, կերակրել, առաջադրանքները բացատրել և այլն։

Կիսագրագետ վարձկանները, իրենց հերթին, օգտվում են ժամանակակից տեխնիկական սարքավորումներից, ինչը թույլ է տալիս ադրբեջանական զորքերի տեղաշարժի և դրա մտադրությունների մասին շատ բան իմանալ։ 

«Այսօր արդեն կարող ենք վստահաբար ասել, որ Ալիևը վարձկանների շնորհիվ Ղարաբաղը «ազատագրելու» իր ծրագիրը զգալիորեն տապալել է»,- եզրափակել է Լապշինը։