Ադրբեջանական ՀԿ-ները պահանջում են պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի դեմ՝ ՌԴ-ին սանկցիաները շրջանցելու հարցում օգնելու համար
Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները բաց նամակ են հղել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հիմնական պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներդրման և իրականացման մոնիտորինգի համար. այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվականը։
Նամակում, որն ուղղված է Ֆինանսների քարտուղարության ղեկավար Ջանեթ Լ. Յելենին, որին ենթարկվում է ԱՄՆ արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը, ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյի ղեկավար Ալան Ֆ. Էստավեսին, ԱՄՆ արդարադատության նախարար Մերրիկ Բ. Գիրլյանդին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին և Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հայտնել են, որ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները խնդրում են «լուրջ մտահոգություն հայտնել Հայաստանի Հանրապետության գործունեության վերաբերյալ, որը պայմաններ է ստեղծել ուկրաինական պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներից խուսափելու համար»։
«Արևմտյան երկրների կողմից սահմանված այս պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելուն և հումանիտար ճգնաժամը կանխելուն։ Հայաստանի իշխանությունները, վարելով երկերեսանի քաղաքականություն, խախտում են միջազգային իրավունքի պահանջները և, աջակցելով Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում, խորացնում են հումանիտար ճգնաժամը Ուկրաինայում»,- ասված է նամակում։