«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անփոխարինելի էր ձեր դերը 44-օրյա պատերազմում. Ավանեսյանի ուղերձը՝ բուժքույրերին

12/05/2022

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է. առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել  օրվա առիթով:

«Երախտագիտությունս եմ հայտնում, որ չնայած մի շարք մարտահրավերների ու աշխարհն ահաբեկած համավարակի, ձեր մասնագիտական բարձր որակների, համբերատարության ու հոգատարության շնորհիվ կարողացաք կատարել ձեր առաքելությունը:

Դուք առանցքային դեր ունեք հիվանդների բարեկեցության, անվտանգության պահպանման և վերականգնողական բուժման հարցերում: Անփոխարինելի էր ձեր դերը հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում. դուք աշխատեցիք առաջնագծում` ծայրահեղ ծանրաբեռնված, սթրեսային և լարված իրավիճակներում` կյանքը կորցնելու վտանգն աչքի առաջ:

Առողջապահության նախարարությունը կարևորում է քույրական գործի բարեփոխումների անհրաժեշտությունը: Մենք մշակել ենք բուժքույրական գործի զարգացման ռազմավարություն, որի արդյունքում բուժքույրական ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով կկարողանանք բժշկական հաստատություններն ապահովել որակյալ մասնագետներով: Բուժքույրական ներուժի մասնակցությունը կարևորում ենք նաև համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման գործընթացներում: Գնում ենք բարեփոխումների` հստակ ուղենշելով բուժքույրերի որոշակի կատեգորիաների պայմանագրերով սահմանված նվազագույն աշխատավարձերի վերանայման,  «ծանրաբեռնված» աշխատանքի չափելիության սկզբունքների և խրախուսական մեխանիզմների սահմանման, կրթական համակարգի բարելավման, բարձրագույն կրթությամբ բուժքույրերի մոդելի ներդրման հարցերը: 

Նշեմ, որ 2022 թվականի ապրիլի 15-ին կառավարության որոշմամբ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Առողջապահություն» բաժնում ավելացել է «Քույրական գործի բակալավր» որակավորումը:
Իսկ բակալավրի կրթական ծրագրի ներդրումը բուժքույրերի համար բարձրագույն կրթության հնարավորությունների ստեղծման առաջին քայլն է, որի նպատակն է  բուժքույրերի դերի մեծացումը, կարողությունների բարելավումը, ներգրավումը բուժքույրական կրթության, գիտահետազոտական աշխատանքներում և միջազգային չափանիշներին համապատասխան` կրթված բուժքույրական կադրային ներուժի պատրաստումը:

Սիրելի բուժքույրեր, ձեր մասնագիտական օրվա այս տարվա ԱՀԿ կարգախոսի («Ներդրումներ կատարել քույրական գործ մասնագիտության զարգացման մեջ և հարգել բուժքույրերի իրավունքները») համաձայն, ամեն ինչ անելու ենք ձեր մասնագիտական զարգացման, մասնագիտական իրավունքի վերահաստատման ուղղությամբ»,-ասված է ուղերձում։