«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Պատերազմից հետո հայերը պետք է վերանայեն հայացքները, փոխեն հռետորաբանությունը․ զրույց Արկադի Դուբնովի հետ

21/01/2021

Ռուսաստանցի քաղաքագետ, ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է ղարաբաղյան պատերազմի հետևանքների, հետպատերազմյան պայմանավորվածությունների, Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարության, Մինսկի խմբի մասին։ Դուբնովն անդրադարձել է նաև Հայաստանում ու Ադրբեջանում ներքաղաքական իրողություններին։ Հարցազրույցը ռուսերենից թարգմանաբար՝ ստորև․

— Մոսկվայում երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման արդյունքներից սկսենք․ պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ, որը զբաղվելու է տնտեսական, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ։ Չլուծված են մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, գերիների վերադարձի հարցերը։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են այս փուլում կողմերը շահագրգռված տնտեսական օրակարգի առաջմղմամբ։

— Կողմերը պետք է որ շահագրգռված լինեն․ թերևս դրան առաջին հերթին ձգտում է Ադրբեջանը՝ փորձելով ցույց տալ, որ ճեղքում է այդ հակասությունը, երբ չկարգավորված տարածքային հարցերի պատճառով ամբողջ տարածաշրջանը գտնվում էր տնտեսական արգելափակման մեջ։ Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ իր ռազմական ջանքերի շնորհիվ տնտեսությունը կհաղթանակի, և մարդիկ ավելի լավ կապրեն։

Հայաստանի տեսանկյունից այդ շահագրգռվածությունը նույնպես պետք է գերակշռի։ Առայժմ կարելի է հասկանալ հայ ժողովրդի հոգեվիճակը, որը հուսալքված է պարտության, մարդասիրական խնդիրների չլուծված լինելու պատճառով (գերիների վերադարձ, զոհվածների մարմինների հանձնում)։ Ես կարծում եմ, այդ գործընթացն արգելակում է Ադրբեջանը՝ փորձելով այն օգտագործել որպես փաստարկ կամ շանտաժի գործիք։ Ես կարծում եմ՝ ի վերջո այդ խնդիրը կլուծվի։

— Խոսենք կարգավիճակի մասին։ Վերջին մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Այդ հարցը, ըստ Լավրովի, հակասական է և թողնվել է ապագային․ դրանով զբաղվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հաշվի առնելով պատերազմյան և հետպատերազմյան շրջանում Մինսկի խմբի՝ մեղմ ասած պասիվությունը, տպավորություն կա, որ հարցը թողնելով ապագային՝ փորձ է արվում այն թողնել չլուծված։

— Լավրովի խոսքերն այս անգամ ինձ մոտ առաջացրին ոչ թե Մոսկվայի իրական մղումների ըմբռնում, այլ, ես կասեի, հիացմունք, որովհետև նա իրերն իրենց անուններով կոչեց՝ Մոսկվան այսօր շահագրգռված չէ կարգավիճակի հարցի լուծմամբ․ այն պետք է սառեցնել։ Ինչո՞ւ։ Որովհետև այսօր անհնար է գտնել այնպիսի լուծում, որը կբավարարի երկու հակամարտող կողմերին, առաջին հերթին՝ Մոսկվային։ Ի՞նչ է, Մոսկվան հենց այնպես, ամենաբարի մղումներից ելնելով, առանց հեռահար նկատառումների՞ է մտել տարածաշրջան, ինչը բերում է հսկայական ծախսեր նույնիսկ այնպիսի երկրի համար, ինչպիսին Ռուսաստանն է։ Ոչ, իհարկե։ Ինձ թվում է, որ Մոսկվան ունի հեռահար նպատակներ և հույս ունի ապագայում այն տարածքը, որն այսօր վերահսկվում է Ռուսաստանի կողմից, վերածել Ռուսաստանի հովանավորյալ տարածքի։ Այսօր դա ձևակերպել անհնար է․ ինչո՞ւ դա չանել մի երկու սերունդ անց։ Առայժմ Ռուսաստանը կանի ամեն ինչ տարածաշրջանում կյանքը կարգավորելու համար։

— Ի դեպ, պարոն Լավրովը «էկզոտիկ» է անվանել առաջարկն այն մասին, որ Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը ներառել իր կազմում։ Ձեր կարծիքով՝ Մոսկվան մոլորեցնո՞ւմ է։

— Մենք 20 տարի ապրում ենք մի իշխանության օրոք, որը, եթե ասում է՝ երկու անգամ երկու հավասար է հինգի, ուրեմն՝ երկու անգամ երկու հավասար է չորսի։

— Մինսկի խմբի մասին։ Հաշվի առնելով դրա պասիվությունը, ինչպես արդեն նշվեց, ի՞նչ կարելի է ակնկալել Մինսկի խմբից կամ արժե՞ արդյոք որևէ բան ակնկալել, թե՞ այսօր այն ձևականորեն գոյություն ունի, միայն թղթի վրա։

— Մինսկի խումբը հրաշալի տանիք է, որի տակ երկար ժամանակ կարելի է իրագործել վաղուց ծրագրված գործողությունների ուղղությամբ միջոցառումներ։ Մինսկի խումբը կարգավիճակի հարցում Մոսկվայի ցանկությունից տարբեր որևէ որոշում չի կայացնելու։ Մինսկի խումբը լինելու է ընդամենը մի ձևավորում տևական, անվերջանալի մի բեմադրության, որում ամեն անգամ ևս մեկ գործողություն է ավելանալու։ Եթե Լավրովն ասում է, որ կարգավիճակի հարցն այսօր անհնար է լուծել, - իսկ Լավրովն ասում է այն, ինչ կարծում է Պուտինը, - ո՞վ է Մինսկի խումբը։

— Թուրքիան ղարաբաղյան պատերազմի անմիջական մասնակիցն էր, այդ փաստը, կարծում եմ, անառարկելի է։ Այդուհանդերձ, այսօր թուրքական փորձագիտական շրջանակներում շրջանառվում է կարծիք, որ պատերազմից հետո Ռուսաստանը դուրս է մղել Թուրքիային Հարավային Կովկասից։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

— Դեռ շատ վաղ է խոսել թուրքերի պարտության մասին։ Էրդողանն այնքան էլ հեշտ չէ, որ նրան զրկես Հարավային Կովկասում դերակատարությունից։ Պարզապես պետք է ֆիքսել, որ Թուրքիան գուցե այսօր մի կողմ է քաշվել և չի պնդում։ Մենք, դուք դեռ Թուրքիայի հետ գործ ենք ունենալու, միշտ ենք գործ ունենալու։ Դրան պետք է պատրաստ լինել և պետք է հասկանալ, որ թշնամուն պետք է դարձնել գործընկեր։ 

— Այսինքն, այսօր Թուրքիան անտեսանելի, բայց ներկա է քաղաքական գործընթացներում՝ Ռուսաստանի հետ համակարգված։

— Անշուշտ։ Էրդողանն ու Պուտինը անբաժանելի գործընկերներ են, որոնք բռնվում են կոնտակտային մարտի և պարզ չէ՝ ով ով է։ Սա ինքնավստահ մաչոների մի կծիկ է, որոնք երբեք չեն նահանջի, քանի ողջ են։ Դուք երբեք չեք ունենալու հարևաններ, որոնք ձեզ սիրում են։ Պետք է ձգտել ունենալ հարևաններ, որոնք առնվազն ձեզ չեն սպառնում։

— Պատերազմից հետո Ալիևը բազմիցս հայտարարել է այն մասին, որ խնդիրն այլևս լուծված է, որ այն անցյալում է։ Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ խաղաղություն է եկել կամ հիմք է դրվում ավելի ամուր խաղաղության համար։

— Խաղաղության հարցերն այդքան արագ չեն լուծվում։ Ըստ իս՝ ստեղծվում է ուժերի հավասարակշռության համար հիմք։ Այս տեսանկյունից կարևոր է հայերի դիրքորոշումը՝ արդյոք նրանք ձգտելո՞ւ են ռևանշիզմի՝ հանուն ինչ-որ բանի, ցույց տալու, որ իրենք անկոտրում են։ Այո, մենք գիտենք հայերի մարտական ոգին, այո, դա սարսափելի ողբերգություն էր և այդպիսի ողբերգություններից խուսափելու համար պետք է դասեր քաղել։ Ես ինքս էլ պատերազմի սկզբին մտածում էի՝ դե չեն կարող հայերն այսպես պարտվել։ Նրանք պարտվեցին առաջին հերթին իրենց անհեռատեսության պատճառով, իրենց ուժերն ու հնարավորությունները գերագնահատելու պատճառով։ Կրկնությունից խուսափելու համար պետք է վերանայել աշխարհին սեփական հայացքները։

— Հայացքները դաշնակիցների՞ն, թշնամիների՞ն։

— Անկասկած։ Ինձ զարմացնում էին Հայաստանի առաջնորդների հայտարարությունները պատերազմի ժամանակ, որ Ռուսաստանն անպայմանորեն կօգնի Ադրբեջանի դեմ պատերազմում, կմտնի իր զորքերով ու կսկսի կրակել Գյանջայի, Բաքվի վրա։ Դա շատ միամիտ էր հնչում ու զարմանալի, մանավանդ, որ հակառակ կողմն անելու էր ամեն ինչ՝ դրա առիթը չստեղծելու համար։

 — Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշում եք՝ Մոսկվային ձեռնտու է «թույլ Փաշինյան», «թույլ Փաշինյան» է ձեռնտու նաև Բաքվին։ Ի՞նչ նկատի ունեիք։

— Ես նկատի ունեի, որ եթե այլ իշխանություն լիներ այսօր Երևանում, այն փորձելու էր չեզոքացնել Փաշինյանի ստորագրած համաձայնությունները։ Իսկ դա նշանակում է հետքայլ անել։ Ի՞նչ է դա նշանակում՝ նոր պատերա՞զմ։ Դա բերելու էր ձեռք բերված համաձայնությունների խաթարման։ Ռուսաստանն էլ կասեր՝ դե որ այդպես է, մենք գնում ենք։ Եվ ի՞նչ եք անելու։ Ալիևը այդ դեպքում կանի այն, ինչ պետք է աներ՝ կգրավի առանց ռուսների մնացած շրջանները։ Դրա համար Ռուսաստանին ձեռնտու էր ամեն ինչ թողնե՝ ինչպես կա, նկատի ունեմ Փաշինյանին։ Նա պատասխանատու է և նա պայմանագրունակ է։

— Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպե՞ս եք տեսնում Ադրբեջանը կարճաժամկետ հեռանկարում։ Այսօր Ալիևը հաղթողի դերում է։

— Դժվար է ասել։ Ակնհայտ է, որ իշխանության կառուցվածքը ենթակա չէ փոփոխության, իսկ դա ամենակարևորն է հայերի համար։ Մարդիկ այնտեղ «պատվաստվել են» հետագա նվաստացումներից, տեսել են, որ ադրբեջանցիները կարող են հաղթել, և դա կարևոր է ազգային ինքնագիտակցության համար։ Ադրբեջանի հետ այլևս պետք է վարել մի փոքր այլ հռետորաբանություն՝ հասկանալով, որ գործ ունեք արժանի հակառակորդի հետ։ Պետք է ելնել նրանից, որ Ադրբեջանն իր կառուցվածքով մնում է ավտորիտար պետություն։ Բայս ես հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխող վերնախավի հռետորաբանությունը հարևանների, Հայաստանի հասցեին, չեմ ուզում կոպիտ բառեր ասել, բայց կլինի ոչ այդքան դրամատիկ-ոչ բարեկամական։ Դրա նախադրյալները ես տեսնում եմ։

https://www.civilnet.am/