«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց». Փաշինյան
ԱԺ-ում մեկնարկել են 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում հարկ համարեց բյուջեի ճիշտ ընկալման համար քննարկումը սկսել՝ հայեցակարգային մի քանի կարգախոս-բանաձևեր վկայակոչելով, որոնք առաջարկել է 2018 թվականի հեղափոխությունից առաջ և հետո։
Այդ բանաձևերն են․ ««Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Հարստացիր և հարստացրու», «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես», «Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»,- թվարկեց նա՝ նշելով, որ այս բոլոր բանաձևերը պետք է դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ։ Իսկ թե ինչ է ՀՀ պետական բյուջեն, ըստ Փաշինյանի, այն «բոլորիս, յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան մեծ բյուջեն է»։
ՀՀ վարչապետը նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է․
«Պետական հատվածի աշխատանքի և բովանդակության որակը շատ բանով կանխորոշում է, թե որքան եկամուտներ կգեներացվեն երկրում։ Իհարկե, դա մեծապես կախված է նաև մասնավոր հատվածում աշխատող մարդկանցից, որովհետև նաև նրանցից է կախված, թե իրենք առկա հնարավորությունները որքանով արդյունավետ կկիրառվեն, որքանով կօգտագործեն հարստանալու և հարստացնելու բանձևային հնարավորությունները, որ ստեղծում ու լավարկում է կառավարությունը»,- ասել է նա։