«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ՏԻՐԱՍԵՐ ՉԵՆՔ. Արմեն Ճուղուրյան, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

28/07/2020

Արարատի գագաթը հետզհետե ավելի ու ավելի մոտ էր թվում: Եվ Հայկը, երկար ճամփորդությունից ու վերելքից հոգնած, փորձում էր ուժ հավաքել: Նա գիտակցում էր, որ իր վաղեմի երազանքն իրականանում է ու շուտով հասնելու է բիբլիական լեռան բարձրակետին, որտեղից էլ հենց Արմենո պապը հսկում է հայոց աշխարհը, տեսնում հայ ժողովրդի տառապանքները, կորուստները, նաև փառավոր հաղթանակները, հպարտանում հայոց արքաների քաջությամբ ու վեհությամբ: Արքաների մասին խորհելիս Հայկն ինքն իրեն հարց տվեց. «Տեսնես պատմական ժամանակներում հայ ժողովուրդը տիրասե՞ր է եղել, թե՞ էլի չի ընդունել իր առաջնորդներին, ինչպես հիմա: Իհարկե՛, միշտ էլ եղել են դավաճաններ, որոնք դավադրաբար սպանել են հայոց արքաներին կամ թշնամուն են հանձնել առաջնորդներին: Բայց նման դրվագներ բոլոր ազգերի պատմություններում էլ արձանագրվել են»:

– Այո՛, – Հայկի մտորումները հանկարծակի ընդհատեց Արմենո պապը, որն աննկատ միացել էր արշավախմբին, – պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր ազգերի պատմության մեջ էլ արձանագրվել են արքաներին և առաջնորդներին դավաճանելու փաստեր: Բայց հայերիս մոտ, դրան զուգահեռ, միշտ էլ նկատվել է մի հավելյալ բացասական վերաբերմունք առաջնորդների նկատմամբ: Մենք՝ հայերս, տիրասեր չենք և, որպես կանոն, չենք սիրում նվիրումով համախմբվել մեր առաջնորդների շուրջ, փոխարենը միշտ խանդով ու ակնածանքով ենք վերաբերվում նրանց, քննադատում ու փնովում ենք՝ չհասկանալով, որ դրանով, առաջին հերթին, վնասում ենք մեր ազգային շահերը: Անգամ այդպես վարվեցինք Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի և այն փառապանծ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայապահպանմանը, իսկ արդյունքում` նեղացած և վշտացած հեռացան Հայաստանից:

– Իսկ ինչո՞ւ տիրասեր չենք: Չէ՞ որ առանց առաջնորդների ազգը միշտ էլ ամբոխի է վերածվում: Չէ՞ որ թշնամի հարևաններով շրջապատված հայ ժողովրդի համար ամբոխավարությունը չափազանց վտանգավոր է: Ա՛յ, մեր օրերում էլ է այդպես: Վերջապես ձեռք բերեցինք անկախություն, ունեցանք երկրի նախագահներ, բայց նրանցից ոչ մեկին էլ լիարժեքորեն չընդունեց հայ ժողովուրդը՝ լինի սփյուռքում թե հայրենիքում: Փոխանակ անկախության կառուցման դժվարին ճանապարհին համախմբվեինք նրանց շուրջ, ընդհակառակը, նրանց անընդհատ քննադատության թիրախ դարձրինք և անհաջողությունների ու դժվարությունների մեղքի բաժինը բարդեցինք երկրի առաջնորդների վրա, – կիսաձայն շարունակեց Հայկը:

– Ի՛մ սիրելի Հայկ, ասեմ ավելին, այնքան տիրասեր չենք, որ անգամ նկատում ենք հե՛նց առաջնորդների կողմից միմյանց նկատմամբ խանդն ու ակնածանքը: Հիշո՞ւմ ես` մի քանի անգամ Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում Անկախության օրվա առիթով զորահանդես կազմակերպվեց: Ոչ մի անգամ հարթակում մեկտեղ չհավաքվեցին երկրի բոլոր նախագահները: Չէ՞ որ հենց նրանք են եղել անկախություն կերտողների ջահակիրները և իրենց միասնական ներկայությամբ պիտի, որ անթաքույց վկայեին, որ, ուս ուսի տված, միասնաբար մեր ժողովրդին առաջնորդում են նորանոր հաղթանակների: Բայց դա չտեսանք:

– Ես էլ եմ առաջնորդների շրջանում նման վարքագիծ նկատել և ոչ միայն աշխարհիկ կառավարման ոլորտում, այլև եկեղեցական կյանքում: Ա՛յ, օրինակ, մեր ազգն առանձնանում է նրանով, որ ունի երկու հոգևոր առաջնորդներ` երկու կաթողիկոս: Դրա պատճառները շատ են, բայց ակնառուն այն է, որ այդ երկու կաթողիկոսարանների միջև լիարժեք ներդաշնակություն մինչև այսօր քիչ է նկատվում, – հավելեց Արմենո պապը:

– Ուրեմն ե՞րբ պիտի հասկանանք, որ բոլորս միաժամանակ չենք կարող լինել առաջնորդներ և ինքնագոհ ղեկավարներ: Այդ ե՞րբ պիտի ըմբռնենք առաջնորդների շուրջ համախմբվելու՝ այդ կարևոր ու ազգապաշտպան խորհուրդը, որ միայն օրհասական ժամերին ենք հասկանում, երբ ազգը հայտնվում է բնաջնջման շեմին, – հոգոց հանելով ակնարկեց Հայկը:

– Գիտե՞ս, սիրելի՛ Հայկ,– ասաց Արմենո պապը,– կա մի առասպել Արտաշես թագավորի անեծքի մասին, որը սերտ կապ ունի հայ ժողովրդի տիրասիրության կորստի հետ:

– Խնդրում եմ, Արմենո՛ պապ, պատմի՛ր ինձ այդ առասպելը,– հորդորեց Հայկը:

– Տեսնում եմ՝ դու նորից զլանում ես ինքդ որոնել այդ նյութը և կարդալ: Բայց ես կաշխատեմ շատ հակիրճ լինել, որպեսզի մանրամասներին դու ծանոթանաս Մովսես Խորենացու պատմագրությունից: Ուրեմն լսի՛ր, թե ինչ է պատմում պատմահայրը մեր հեթանոս ժամանակներից: Երբ մահացավ Արտաշես թագավորը, ժողովուրդը սկսեց ողբալ և ցավագին տանել այդ լուրը: Ամբողջ երկիրը սգում էր, մարդիկ ցանկանում էին ինքնասպան լինել և երկնքում միանալ իրենց սիրելի թագավորին: Միայն Արտաշեսի որդին` արքայազն Արտավազդը, չէր սգում: Նա նախանձում էր հանգուցյալ հոր փառքին: Դիմելով նրան՝ նույնիսկ կշտամբանքի խոսք էր ասում. «Տիրակա՛լ, դու այնքա՜ն սիրված ես, որ հիմա ամբողջ ժողովուրդն է ցանկանում քո հետևից գալ: Ինձ ի՞նչ պիտի մնա քեզանից հետո: Դու ինձ ոչինչ չես թողնում: Ես ինչպե՞ս պիտի կառավարեմ այս փլատակների վրա»: Հանգուցյալ հայրը, լսելով իր հասցեին ուղղված այս կշտամբանքը և չհանդուրժելով որդու նախանձն իր հանդեպ ժողովրդի տածած սիրո պատճառով, անիծում է նրան՝ ասելով. «Թո՛ղ քո գահակալության ժամանակ ժողովուրդը քեզ ատի այն աստիճան, որ չարքերը ստիպված քեզ գերեվարեն և բանտարկեն Արարատ լեռան քարանձավներում` ազատելով ժողովրդին անցանկալի արքայից»:

–Հետո ի՞նչ եղավ, – անհամբեր հարցրեց Հայկը:

– Դե ի՞նչ պիտի լիներ, – շարունակեց Արմենո պապը, – համաձայն այս առասպելի, Արտաշես թագավորի անեծքն իրագործվեց: Արտավազդն իր գահակալության առաջին իսկ օրվանից չսիրվեց հայ ժողովրդի կողմից, մի ժողովրդի, որ մինչ այդ չափազանց տիրասեր էր: Արտավազդն արքունիքից վռնդեց իր հարազատ եղբայրներին, բարեկամներին և նրանց փոխարինեց չար մարդկանցով, որով էլ ավելի սաստկացրեց ժողովրդի ատելությունն իր հանդեպ: Եվ ահա օրերից մի օր Արարատի փեշերին որս անելիս, խոր անդունդի վրայով անցնելիս Արտավազդ արքայի ձին սայթաքեց, և նա ընկավ չարքերի կիրճը: Դե՛, չարքերն էլ բռնեցին արքային, տարան մութ ու հեռավոր մի քարանձավ և շղթաներով նրան գամեցին քարանձավի պատին, որ այնտեղից այլևս դուրս չգա, ու ժողովուրդն ազատվի իր չսիրած առաջնորդից: Ասում են՝ մինչև այսօր Արտավազդ արքան փորձում է իր շղթաները կոտրել և դուրս գալ քարանձավից: Նրան անգամ օգնում են իր հավատարիմ շները՝ իրենց ժանիքներով կրծոտելով երկաթյա շղթաները: Բայց Արտաշես թագավորի անեծքն այնքան ուժեղ է, որ երբ շղթաների գամերը թուլանում են, քարանձավ են մտնում դարբինները, հերթական անգամ դուրս են քշում շներին և իրենց ծանր մուրճերի հարվածներով նորից ամրացնում են դրանք: Եվ այսպես դարեր շարունակ…

–Ուրեմն Արտաշես թագավորի անե՞ծքն էր, որ մեզ խանգարեց տիրասեր լինել, – հետաքրքրվեց Հայկը:

– Դա ես այդքան էլ չեմ կարևորում,– հակադարձեց Արմենո պապը: – Արքայի առասպելական անե՞ծքն էր պատճառը, թե՞ մեր ժողովրդի մեջ պատմության խորքերից ձևավորված կարծրատիպը, միևնույն է. ինչ-որ բան հային դեռևս խանգարում է տիրասեր լինել. հատկանիշ, որից պետք է շուտափույթ ձերբազատվել: Եվ այս պահանջը գալիս է դարերի խորքից, ու դրա մասին ակնարկել է դեռևս պատմահայր Մովսես Խորենացին:

(շարունակելի)