«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը կնպաստի Կովկասի կայունությանն ու զարգացմանը. Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության ղեկավար

18/09/2024

Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը մասնակցել է Ադրբեջանում կազմակերպված «Բաքվի անվտանգության համաժողովին», գրում է ermenihaber.am-ը:

Սեպտեմբերի 14-ից 15-ն անցկացված համաժողովի այս տարվա խորագիրը եղել է «Համաշխարհային տրանսպորտային ճանապարհների անվտանգության ժամանակակից մարտահրավերները»:

Քալընն իր ելույթում խոսել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ռուս-ուկրաինական հակամարտության և Պաղեստինի Գազայի հատվածում ծավալված ռազմական գործողությունների մասին:

Նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը կնպաստի Կովկասի կայունությանն ու զարգացմանը:

Բացի այդ, Քալընն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում հայկական հողերի ադրբեջանական գրավումները որակել է որպես «ազատագրում օկուպացիայից»:

Խաղաղության համատեքստում «MİT»-ի ղեկավարը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ որակելով այն Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա կապուղղու ապահովման միջոց:

Անդրադառնալով Ուկրաինայում և Գազայում տիրող իրավիճակին՝ նա հայտարարել է, որ գործող միջազգային համակագրն արագորեն փոխվում է և բավական փխրուն վիճակում է գտնվում և այժմ կանգնած է երկու համաշխարհային ճգնաժամի շեմին:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ընթացող «պատերազմը» պետք է լուծվի նոր անվտանգային ճարտարապետության ստեղծմամբ, իսկ Գազայում հնարավորինս շուտ հրադադարի հաստատումը պայման է, որը պետք է իրականացվի թուրքական կողմի համար ընդունելի տարբերակով՝ երկու պետություն ստեղծելու լուծումով:

Այս համատեքստում, անկախ Պաղեստին պետություն ստեղծելու կարևորությունն ընդգծելով, Քալընը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է բազմակողմանի բաց և փակ հետախուզական դիվանագիտության աշխատանքներ իրականացնել թե՛ Ուկրաինայում և թե՛ Գազայում «պատերազմին» վերջ տալու համար:

Թուրքիայի «MİT» ղեկավարը խոսել է նաև իրենց կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների մասին.

«Ահաբեկչական կազմակերպությունները չեն կարող տարանջատվել և քանի դեռ բոլորն անվտանգ չենք, ոչ ոք անվտանգություն չի ունենալու»:

Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է «Բաքվի անվտանգության ֆորումի» քարտուղարություն ստեղծել և այդպիսով այն դարձնել ինստիտուցիոնալ: