«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երաշտի և ոռոգման ջրի դեֆիցիտի հետևանքները․ Շիրակի մարզում կարտոֆիլի նվազ բերք է ստացվել

23/09/2021

Շիրակի մարզում կարտոֆիլի բերքահավաք է։ Դեռ հունիս-հուլիս ամիսներին էր գյուղացիական տնտեսություններին հայտնի, որ երաշտի, ոռոգման ջրի դեֆիցիտի պայմաններում ցածր բերքատվություն են ունենալու։ Ամբողջ ոռոգման սեզոնին Կառնուտի ջրամբարից սնվող 10-նյակ գյուղերի հողագործներ ջուր պահանջեցին՝ փակելով ճանապարհներ, բայց այդպես էլ այն ժամանակին ու բավարար քանակի չհասավ գյուղեր, որի պատճառով նախ  ցորենի, գարու, այժմ էլ՝ կարտոֆիլի բերք չեն ստացել։

Դաշտերում  երկու ամիս առաջ էր արդեն բերքը չորացել։ Բույսը փրկելու և ինչ -որ չափով բերքատվություն ապահովելու համար գյուղացիները նախատեսվածից մի քանի անգամ ավելի են պարարտացրել հողը, բայց անօգուտ:

«Ընդհանրապես, կարտոշկեն բարենպաստ եղանակների դեպքում պտի ջրենք 7-8 օրը մեկ, իսկ մենք էս պարագայում, 42 աստիճան  արևին ու երաշտին, ջրել ենք 30-32 օրը մեկ անգամ։ Էս պտի էղներ վիճակը , ուրիշ ակնկալիք չունեինք»,-ասում են  Բենիամին գյուղի հողագործները։

Երաշտային պայմանններ էին և ջրի պահանջարկը ամռանը մի քանի անգամ ավելացավ, իսկ  Կառնուտի ջրամբարում ժամանակին ու բավարար ծավալի  ջուր չէր կուտակվել։ Շիրակ ջրօգտագործողների հետ ժամանակին կնքած պայմանագրերն էլ դարձան ժամանակավրեպ։ Հողագործները ոռոգման սեզոնին հավասար ու բավարար քանակի ջուր չստացան , միևնույն ժամանակ հստակ պատասխան էլ չտրվեց, թե ու՞ր գնաց կամ ի՞նչ եղավ Արփի լճից բաց թողնված ջուրը ։

«Ճանապարհ փակեցինք, հարցի լուծում չտվեցին, փափուկ բարձը դրեցին գլուխներիս տակը՝ էսօր կեղնի, էգուց կեղնի․․․ Երկու ամիս հետո էլ ըսեցին՝ բերքահավաքի ժամանակ գուկա հանձնաժողովը, կնայե դաշտերը։ Հմի բերքահավաք է, ընչի՞ չեն գա»,- ասում են գյուղացիները։

Հանձնաժողով, ըստ հողագործների, չի էլ կազմվել, վնասված դաշտերի ուսումնասիրություն չի եղել, բայց գյուղապետարանը վնասի հաշվարկներն արել է ու հանձնել մարզպետարան։

Պարենային անհաս կարտոֆիլը կամ դաշտերից տուն չեն տանելու, կամ միայն անասնակեր կարող են օգտագործել։ Նույն կերպ են վարվել նաև մյուս մշակաբույսերի հետ։ Որոշ տարածքներում  հողագործները հրաժարվել են  ցորենի ու գարու բերքը հավաքել։ Կոշտացած հողում անհնար է աշնանացան կատարել։

Բայց գյուղացիներին այս ընթացքում չի մոռացել Շիրակ ջրօգտագործողների ընկերությունը։ ժամանակին ու չափին չստացած ոռոգման ջրի դիմաց պահանջում են  վարձերը, տնտեսություններն էլ  նրանց ասել են, թե  հրաժարվում են վճարել, փոխարենը՝ պահանջելով վնասի փոխհատուցում: