«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լարվածությունն Ադրբեջանի և ՀՀ-ի միջև որոշակի թուլացել է․ ՌԴ-ն հանդես է եկել որպես երաշխավոր

16/09/2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռուսաստանի շնորհիվ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ղազախստանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բազմաթիվ հակամարտությունների՝ պոնտիֆիկոսն ասել է. «Այժմ լարվածությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր»:

Հռոմի պապը նաև համոզված է, որ երկխոսությունն անհրաժեշտ է և պետք է միշտ պահպանվի որպես փոխըմբռնման և խաղաղության ճանապարհ։

«Երկխոսության հնարավորությունը պետք է տրվի բոլորին, քանի որ միշտ կա երկխոսության միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորություն, երկխոսության ժամանակ կարելի է այլ տեսակետ ներկայացնել, այլապես կփակենք դեպի խաղաղություն տանող վերջին դուռը», - ասել է հովվապետը։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 105 զոհ: ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է: