«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ կորոշեն՝ կողմ են քվեարկում Երվանդ Խունդկարյանին, թե ոչ. Լիլիթ Մակունց

19/08/2020

«Իմ քայլը» խմբակցությունը, ավանդույթի համաձայն, բոլոր թեկնածուների հետ նախապես հանդիպում է ունենում և պարոն Խունդկարյանն այս առումով բացառություն չէր։ Այս մասին ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումից հետո ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նաև տեղեկացրեց, որ խմբակցության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել։

«Ներկա էին խմբակցության գրեթե կեսը։ Պատգամավորներն ուղղել են իրենց հուզող բոլոր հարցերը, նաև նրանք, որ շրջանառվում էին մամուլում։ Այս պահին որևէ այլ մեկնաբանություն խմբակցությունը չունի»։

Անդրադառնալով ՍԴ դատավորի՝ կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանի թեկնածության վերաբերյալ համաձայնությունը հետ վերցնելուն՝ նա ասաց, որ Ավետիսյանի հետ հանդիպումը անցել է այն մթնոլորտում, ինչ բոլոր մյուս թեկնածուների հետ։ «Այսինքն, հնչում են տարբեր հարցեր, այդ թվում՝ կարող են հնչել նաև սուր հարցեր, որոնք էլ եղել են։ Նման հարցեր բոլոր թեկնածուների հետ հանդիպումների ժամանակ են եղել։ Կարծում եմ, առանձին պատգամավորների հարցերից պարոն Ավետիսյանի մոտ կար այդ տպավորությունը, որ ինքը 80 ձայն չի հավաքի»։

Անդրադառնալով հարցին, թե բոլոր այն հարցերը, որոնք ուղղվում էին Ավետիսյանին, մասնավորապես, առ այն, որ նա աշխատել է նախկին իշխանությունների հետ՝ առկա են նաև նաև Խունդկարյանի դեպքում՝ Մակունցն արձանագրեց, որ Վահրամ Ավետիսյանն ինքն է որոշել, որ չի ուզում, որպեսզի ԱԺ-ն դիտարկի իր թեկնածությունը։ «Այստեղ մենք այլևս անելիք չունենք։ Միայն մաղթում ենք նրան մասնագիտական ոլորտում հաջողություններ։ Ինչ վերաբերում է պարոն Խունդկարյանին և պարոն Ավետիսյանին ուղղվող հարցերի ընդհանրությանը, ապա այնուամենանիվ պետք է ասել, որ դրանք որոշ չափերով տարբերվում են։ Եվ, բոլոր այն հարցերը, որոնք հուզել են պատգամավորներին՝ ուղղվել են, եթե պարոն Խունդկարյանը ցանկանա մանրամասեր ներկայացնել, ապա խնդրեմ, իսկ «Իմ քայլը» խմբակցությունն ավել մեկնաբանություն այդ առնչությամբ չունի»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին՝ թե Երվանդ Խունդկարյանին խոստացել են ՍԴ նախագահի պաշտոնը՝ Մակունցն ասաց, որ ՍԴ նախագահ դառնալու, առհասարակ, ընտրվել-չընտրվելու հետ կապված այս պահին որևէ բան հնչեցնել չեն կարող։ «Որովհետև թեկնածուն պետք է գա ԱԺ և լիագումար նիստին, որտեղ նույնպես կհնչեն հարցեր և պատգամավորներն իրենք փակ, գաղտնի քվեարկությամբ կորոշեն՝ կողմ են քվեարկում, թե ոչ»։

Նրա դիտարկմամբ՝ այս թեկնածուի վերաբերյալ ընդհանուր տպավորությունների մասին քննարկում չի եղել։ «Առանձին պատգամավորներ, ովքեր հարցեր են ուղղել թեկնածուին՝ կարծում եմ, որ հենց իրենք պետք է խոսեն պատասխաններից տպավորությունների մասին, ես հարց չեմ ուղղել, իմ կարծիքը կհայտնեմ փակ, գաղտնի քվեարկությամբ»։

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացների հակաիրավական լինելու վերաբերյալ քննարկումներին՝ նա ասաց, որ իրենք ուզում են ունենալ անկախ դատական համակարգ և ՍԴ-ի հետ կապված ամբողջ գործընթացներում, ելույթներում հնչել են, թե ինչպիսի մոտեցում իրենք ունեն ապագա ՍԴ դատավորների հետ կապված՝ զերծ որևէ քաղաքական ազդեցություններից։ «Մենք հենց այդ սկզբունքով ենք առաջնորդվում, իսկ արտախորհրդարանական ուժերի և առանձին անձանց մեկնաբանություններին, թույլ տվեք չանդրադառնալ»։