«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զատուլինը խոստովանել է, որ ռուսական կողմն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել

09/07/2024

ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, սուտ է և ուղղված է Ղարաբաղի հանդեպ գործած սեփական դավաճանության, արևմտյան ճամբար անցնելու որոշման արդարացմանը. այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ ռուսական կողմն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել:

«Պարոն Արմեն Գրիգորյանը (ԱԽ քարտուղար) իր աղմկահարույց հայտարարությամբ Ռուսաստանին վերագրեց Լեռնային Ղարաբաղի կորստի, հանձնման պատասխանատվությունը. Ռուսաստանը հայտնվեց շատ բարդ, ես կասեի հիմար վիճակում, քանի որ կողմերի, նախևառաջ հայկական կողմի խնդրանքով Ղարաբաղում տեղակայելով իր խաղաղապահներին, Մոսկվան հետագայում չստացավ  խաղաղապահներին գործելու հնարավորություն տվող մանդատ: Եվ ամենակարևորը, 2022 թվականին Հայաստանի վարչապետն արևմտյան մայրաքաղաքներում հրապարակավ հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- ասել է Զատուլինը:
Նրա կարծիքով՝ «նոր պատերազմ կանխելու, խաղաղության հասնելու, հարաբերությունները վերաձևակերպելու պատրվակով Փաշինյանը պարզապես լքել է Ղարաբաղի իր հայրենակիցներին»։
Վերջինիս համոզմամբ՝ «Ռուսաստանը շահագրգռված էր, որ Ղարաբաղի հայերն ապրեին իրենց տեղերում, որպեսզի Ղարաբաղը որոշակի պայմաններում անկախություն ձեռք բերեր, եթե ոչ անկախություն, ապա գոնե պահպաներ այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար հայերին ապրել այնտեղ խաղաղ և հանգիստ»։
«Ես միանգամայն վստահ եմ, որ այո՛, դա Ռուսաստանի շահն էր»,- նշել է նա։