«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի քաղաքական շրջադարձը. Էրդողան, Ֆիդան և նոր աշխարհաքաղաքական ճարտարապետությունը

07/10/2025

Ներածություն

Վերջին շաբաթներին Թուրքիայի քաղաքական դաշտը վերածվել է խորը հակասությունների թատերաբեմի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը, նրա տաք հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև մի շարք ռազմավարական և տնտեսական պայմանագրեր՝ գազի, էներգետիկայի, ավիացիայի և միջուկային էներգիայի ոլորտներում, ոչ միայն նոր էջ բացեցին թուրք-ամերիկյան հարաբերություններում, այլև լուրջ ներքին ճգնաժամ առաջացրին Անկարայում։

Այդ ճգնաժամի կենտրոնում հայտնվել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նախկինում՝ թուրքական հետախուզության (MIT) ղեկավար, և Էրդողանի ամենամոտ քաղաքական դաշնակիցներից մեկը։ Սակայն այժմ նա կարծես վերածվել է ներքին ընդդիմության խորհրդանիշի՝ իր իսկ կուսակցության ներսում։

Այս հոդվածում կքննարկենք երեք առանցքային շերտ՝

Էրդողան–Թրամփ հանդիպման ռազմավարական և տնտեսական հետևանքները,

«Քաան» ռազմաօդային նախագծի տապալումն ու դրա քաղաքական ազդեցությունները,

 Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը Սիրիայի քրդական հարցում՝ որպես նոր շրջադարձ ԱՄՆ–Իսրայել տանդեմի ուղղությամբ

Ա. Էրդողանի ամերիկյան շրջայցը և գազային կախվածության նոր շղթան

Էրդողանի Նյու Յորքի ուղևորությունը, որտեղ նա մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և ունեցավ առանձնազրույց Դոնալդ Թրամփի հետ, Թուրքիայի մեդիայում ներկայացվեց որպես դիվանագիտական հաղթանակ։ Թրամփը ցուցադրաբար նստեցրել էր Էրդողանին իր կողքին՝ ի նշան «բացառիկ ընկերության»։ Սակայն իրականում այդ ժեստի հետևում թաքնված էր շատ ավելի լուրջ գործարք․ ԱՄՆ-ը պարտադրեց Թուրքիային նոր էներգետիկ կախվածություն՝ շուրջ 43 միլիարդ դոլարի LNG (թեղմած բնական գազ) մատակարարման պայմանագրով՝ 20 տարվա համար։

Թուրքիան, որը մինչ այժմ գազի իր հիմնական մատակարարներն ուներ Ռուսաստանը, Իրանը և մասամբ Ադրբեջանը, այս պայմանագրով փաստացի դառնում է ամերիկյան էներգետիկ ծրագրի մի մասը, որի նպատակն է՝

◾ նվազեցնել Ռուսաստանի արտահանման ծավալները,

◾ և փակել Եվրոպայի «Հյուսիսային հոսքի» կամ ռուսական գազի այլ ուղիները։

Այլ խոսքով՝ Էրդողանը դարձավ արևմտյան էներգետիկ շրջափակման գործիք՝ իր իսկ տարածաշրջանային գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի դեմ։

Բացի գազից, Էրդողանը համաձայնեց նաև ամերիկյան ներդրումային փաթեթի՝ միջուկային էներգիայի ոլորտում։ ԱՄՆ-ը մտադիր է մասնակցել Թուրքիայի նոր ատոմակայանի շինարարությանը՝ մրցակցության մեջ մտնելով ռուսական «ՌոսԱտոմ»-ի հետ, որը արդեն կառուցում է Աքքույու կայանը։ Սա նշանակում է ռուսական ազդեցության փուլային նվազում թուրքական էներգետիկ շուկայում։

Բիզնեսի մասով ևս գործարքը հսկայական էր՝ Թուրքիան պատվիրեց 225 միավոր Boeing օդանավեր, ինչի ընդհանուր արժեքը հասնում է տասնյակ միլիարդների։ Թրամփը հայտարարեց, որ թուրք-ամերիկյան առևտրաշրջանառությունը պետք է հասնի 100 միլիարդ դոլարի շեմի։

Արդյունքում Էրդողանը Նյու Յորքից վերադարձավ հսկայական պարտավորություններով՝ առանց համարժեք քաղաքական շահույթի։

 Բ. «Քաան»-ի սկանդալը. ինքնաբավության կեղծ առասպելը

Թուրքիան վերջին տարիներին իր ներքին քարոզչության առանցքում դրել էր գաղափարը՝ «ազգային հպարտություն և տեխնոլոգիական անկախություն»։ Այս գաղափարի խորհրդանիշ դարձավ «Kaan» մարտական ինքնաթիռը, որը ներկայացվում էր որպես ամբողջությամբ թուրքական արտադրանք և նույնիսկ՝ F-35-ի մրցակից։

Սակայն վերադառնալով ԱՄՆ այցից՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ ամերիկացիները հրաժարվել են Թուրքիային վաճառել այն շարժիչները, որոնք նախատեսված էին այդ ինքնաթիռների համար։ Սա բացահայտեց, որ «թուրքական ինքնաթիռը» իրականում առանց ամերիկյան տեխնոլոգիայի անգործունակ է։

Այս հայտարարությունը Թուրքիայում պայթեց քաղաքական ռումբի պես։ Ընդդիմությունը մեղադրեց Էրդողանին խաբեության մեջ՝ հայտարարելով, որ «Քաան»-ը երբեք ամբողջությամբ թուրքական չի եղել, և որ շարժիչը՝ իրականում F-16-ի մոդիֆիկացիան էր։

Հաքան Ֆիդանի բացահայտումը պետական դավադրության էր նման․ սովորաբար նման ինֆորմացիա հրապարակած պաշտոնյաների նկատմամբ Արևմուտքում կկիրառեին հրաժարական կամ պաշտոնանկություն։ Բայց Թուրքիայում ոչ մի բան չփոխվեց․ Ֆիդանը մնաց պաշտոնում։

Այս հանգամանքը ցույց է տալիս ոչ միայն Էրդողանի իշխանության ներսում բևեռացում, այլև այն, որ Ֆիդանը՝ որպես նախկին հետախուզության ղեկավար, ունի այնքան հզոր կառույցային աջակցություն, որ կարող է ընդդիմանալ անգամ նախագահին։

 Գ. Սիրիայի քարտեզը. Անկարայի նոր դաշնակցությունը Թել Ավիվի և Վաշինգտոնի հետ

Ֆիդանի և Էրդողանի հակասությունները առավել ակնառու դարձան Սիրիայի հարցում։

Երկար տարիներ Թուրքիան հանդես էր գալիս կոշտ հակաքրդական դիրքերից՝ պահանջելով լուծարել Սիրիայի հյուսիսում ձևավորված քրդական ինքնակառավարությունը, որը Անկարան համարում է PKK-ի (Քուրդական աշխատավորական կուսակցություն) շարունակություն։

Սակայն վերջին ամիսներին Անկարան փոխում է իր մոտեցումը․

◾ ԱՄՆ-ն և Իսրայելը պահանջում են պահպանել քրդերի ինքնավարությունը՝ որպես բուֆերային գոտի Իրանի և Ռուսաստանի ազդեցության դեմ։

◾ Իսրայելը նույնիսկ պատրաստվում է ստորագրել անվտանգության համաձայնագիր նոր՝ հետասադյան Սիրիայի կառավարության հետ, որը ներառում է քրդական տարածքների ինքնավարությունը։

Այդ իրավիճակում Էրդողանը կանգնեց երկու ճանապարհի առաջ՝

շարունակել պայքարը քրդերի դեմ՝ բախվելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ,

կամ ընդունել նոր խաղի կանոնները՝ փոխզիջելով և դառնալով տարածաշրջանային «կառուցողական գործընկեր»։

Ամերիկյան այցից հետո նրա հայտարարությունը խորհրդարանում բացահայտ ցույց տվեց նոր կուրսը․

«Թուրքիան հայրենիք է ոչ միայն թուրքերի, այլ նաև քրդերի, արաբների, ալևիների և սուննիների համար։ Մենք ունենք մեկ ապագա, մեկ հայրենիք»։

Այս խոսքերը կտրուկ հակասում էին նախկին դիրքորոշմանը։ Էրդողանը փաստացի ընդունեց այն նույն մոդելը, որը Թուրքիան կիրառում է Իրաքյան Քուրդիստանի հետ՝ տնտեսական և էներգետիկ ինտեգրում՝ առանց քաղաքական հակամարտության։

Դ. Քուրդական տնտեսական գործոնը. Անկարան և Էրբիլը՝ շահերի սերտաճում

Այսօր Իրաքյան Քուրդիստանը Թուրքիայի տնտեսության համար դարձել է թթվածին։

Թուրքական արտահանումը դեպի Իրաք՝ 13.3 միլիարդ դոլար է, որից մոտ 10 միլիարդը միայն Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությանը է բաժին ընկնում։

Իրանի համեմատ՝ Թուրքիայի տնտեսական ազդեցությունը հսկայական է․ Իրանի արտահանումը դեպի Իրաք՝ մոտ 12 միլիարդ է, բայց Քուրդիստանի բաժինը՝ միայն 2–3 միլիարդ։

Բացի այդ, Քուրդիստանը վերջերս նորից իրավունք ստացավ անկախորեն վաճառել իր նավթը Թուրքիային՝ Ֆրանսիայի դատարանի որոշումից հետո։ Սա Անկարային թույլ է տալիս շրջանցել Բաղդադի բյուրոկրատիան և ուղղակիորեն ներգրավվել նավթային շուկայում։

Այս մոդելը՝ տնտեսական համագործակցության միջոցով քաղաքական վերահսկողություն հաստատելու, այժմ փորձ է արվում արտահանել նաև դեպի Սիրիայի քրդական շրջաններ։

Էրդողանի թիմի որոշ անդամներ՝ հատկապես «Օսմանյան գաղափարախոսության» կողմնակիցները, բացեիբաց խոսում են «նոր դաշնային մոդելի» մասին, որտեղ Թուրքիան հանդես կգա որպես միացյալ պետությունների հովանավոր՝ ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ։

Ե. Հաքան Ֆիդանի դիրքը. ուժեղ ստվեր Էրդողանի հետևում

Հաքան Ֆիդանը՝ իր քաղաքական կենսագրությամբ, արտառոց կերպար է թուրքական քաղաքականության մեջ։ Նա եղել է MIT-ի՝ Թուրքիայի հետախուզության ամենաերկարատև ղեկավարներից մեկը, համակարգել է գաղտնի բանակցությունները Քուրդիստանի գործիչների, ինչպես նաև Սիրիայի ապստամբ խմբերի հետ։

Բայց այժմ նա հանդես է գալիս որպես կոշտ ընդդիմախոս քրդական ինքնավարության հարցում։ Սա ոչ միայն գաղափարական հարց է, այլև անհատական ինքնության խնդիր։ Ֆիդանը ծագումով քուրդ է՝ Հասանան ցեղից, որի պատմությունը կապված է հենց Իրանի հյուսիսարևելյան տարածքներին։

Այս ցեղի մի մասը՝ Զաֆերանլու քրդերը, 17-րդ դարում Պարսկաստանի արևմտյան շրջաններից որոնք սահմանակից էին Օսմանյան պետության հետ, տեղահանվել են Շահ Աբասի կողմից և բնակեցվել Խորասանում։ Նրանց առաջնորդներից էր Ռաշիդ խան Զաֆերանլուն, որը հայտնի է իր հերոսությամբ Պարսկաստան ռուսական ներխուժման դեմ։ 

Այս պատմական կապերը խորհրդանշական են․ թուրքական արտաքին քաղաքականության առանցքում կանգնած նախարարն ունի իր արմատներով նույն ժողովրդի հետ կապ, որի քաղաքական ինքնավարությանը նա այժմ դեմ է։

Սա բացատրում է Ֆիդանի ներքին հակասական բնույթը՝ միաժամանակ լինել քուրդ ծագմամբ և ամենակոշտ հակաքրդական դիրքորոշման պաշտպան։ Կամ էլ փորձում է այդպես ձևանալ, որ իր քրդական ծագումը խնդիրներ չառաջացնեն իր համար ապագա իշխանության բուրգի գագաթում հայտնվելու համար։

 Զ. Սիրիական ֆեդերացիայի հնարավոր սցենարը

Ամերիկյան և իսրայելական ծրագրերը Սիրիայի համար ակնհայտ են․ ստեղծել ֆեդերատիվ կառույց, որտեղ քրդերը կունենան ինքնավար շրջան՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայությամբ պաշտպանված։

Այդ պայմաններում Էրդողանը կանգնած է ընտրության առաջ․ կամ համաձայնել այդ մոդելին և ստանալ տնտեսական բաժիններ՝ մասնակցելով Սիրիայի հետպատերազմյան վերակառուցմանը, կամ դիմադրել և կորցնել տարածաշրջանային տնտեսական հնարավորությունները։

Քանի որ Թուրքիայի տնտեսությունը գտնվում է ծանր ճգնաժամում՝ բարձր ինֆլյացիա, արժույթի արժեզրկում, ներդրումների փախուստ, նա ընտրել է պրագմատիզմը քաղաքականության փոխարեն։

Նպատակն է՝

◾ մտնել Սիրիայի շինարարական շուկա,

◾ վերահսկել էներգետիկ միջանցքները՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական,

◾ և Թուրքիայի տարածքը դարձնել տարանցիկ հանգույց՝ Եվրոպայի, Պարսից ծոցի և Կովկասի միջև։

Սակայն այս ռազմավարությունը պահանջում է Սիրիայում կայունություն։ Իսկ կայունություն չի լինի, եթե Անկարան շարունակի պատերազմել քրդերի դեմ։

Այդ պատճառով Էրդողանը, ըստ ամենայնի, ընդունել է, որ քրդերի ինքնավարությունը փաստացի անխուսափելի է։

Է. Նոր հակադրությունը՝ Թուրքիա ընդդեմ Իրանի

Թուրքիայի նոր աշխարհաքաղաքական կուրսը նաև բացահայտորեն հակադրվում է Իրանի շահերին։

Էրդողանը ստորագրել է ՄԱԿ-ի պատժամիջոցների իրականացման փաստաթուղթը՝ փաստացի համաձայնվելով մասնակցել Իրանի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումներին։

Դա նշանակում է, որ Թեհրանը կորցնում է իր հիմնական շրջանցման ուղիներից մեկը՝ թուրքական տարածքը։ Եթե նախկինում Իրանը օգտագործում էր թուրքական բանկային և լոգիստիկ համակարգերը՝ պատժամիջոցները շրջանցելու համար, այժմ այդ ճանապարհը փակվում է։

Թուրքիան ընտրել է Արևմուտքի հետ տնտեսական ինտեգրացիան՝ Ռուսաստանի և Իրանի հաշվին։

Ը. Եզրակացություն․ Էրդողանի նոր «նեոօսմանական պրագմատիզմը»

Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտել է իր ամենաբարդ փուլը՝

◾ ներսում՝ հակասություններ Էրդողանի և Ֆիդանի միջև,

◾ դրսում՝ կախվածություն ԱՄՆ-ից և Իսրայելից,

◾ հարևանների հետ՝ վստահության անկում։

Բայց Էրդողանը, որպես փորձառու իշխանական ռազմավար, փորձում է վերածել պարտությունը հաղթանակի՝ ներկայացնելով բոլոր այս փոփոխությունները որպես «նոր օսմանական ինտեգրացիա», որտեղ Թուրքիան՝ իբր, դառնում է բազմազգ կայսրության վերածնված կենտրոն։

Սակայն իրականում այս «նոր կայսրությունը» ավելի շուտ կախվածություն է Արևմուտքի տնտեսական և էներգետիկ ծրագրերից։

Նրա արտաքին փայլը ծածկում է այն փաստը, որ Անկարան կորցնում է իր ինքնուրույնությունը։

Թուրքիան այսօր կանգնած է իր պատմական խաչմերուկում՝

◾ կամ կդառնա տարածաշրջանի անկախ ուժ՝ հավասարակշռելով Արևմուտքն ու Արևելքը,

◾ կամ կընկնի արևմտյան տնտեսական և ռազմավարական շղթաների մեջ՝ կորցնելով իր ինքնության վերջին նշույլները։

Հարութ Արթին Առաքելյան

©️ #ՓԱԿԱԳԻԾ