Ինչպես խուսափել օդի ջերմաստիճանի բարձրացման և արևի ճառագայթման երկարատև բացասական ազդեցությունից. խորհուրդներ ԱՆ-ից
03/09/2022
ՀՀ առողջապահության նախարարությունը, ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար, խորհուրդ է տալիս.
- ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից,
- կրե՛ք գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից,
- օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան,
- մի՛ չարաշահեք կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները,
- երեխաներին մի՛ թողեք փակ պատուհաններով ավտոմեքենայում,
- ամենօրյա աշխատանքները կատարե՛ք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափե՛ք բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
- հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրեք ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործեք շատ միրգ և հում բանջարեղեն: