«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումները բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են. ՀՀ ՄԻՊ

05/10/2020

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Հայաստանի եւ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ:

 Զեկույցն ուղարկվել է միջազգային կառույցներին ու լրատվամիջոցներին, Հայաստանի պետական մարմիններին, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին:

Ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումները Հայաստանի եւ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքները

Ադրբեջանի հարձակման առաջին օրից՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական անձանց Արցախում (Լեռնային Ղարաբաղում) եւ Հայաստանում:

Ադրբեջանն օգտագործում է ռազմական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ-ներ)` որպես քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվ ու առանց տարբերակման (indiscriminate) հարձակման միջոցներ: Այդ հարձակումները ինտենսիվ են եւ անընդհատ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա քննությունը վկայում է, որ Ադրբեջանն օգտագործում է տարբեր տեսակի ԱԹՍ-ներ՝

• հետախուզական ԱԹՍ-ներ, ի թիվս այլնի՝ Orbiter -2, Orbiter – 3, Aerostat.

• հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ Harop, Zaoba-1K, Sky Striker.

• հետախուզահարվածային ԱԹՍ-ներ, ի թիվս այլնի՝ Bayraktar TB-2, AN-2:

Դրոնների հարձակումներն արձանագրվել են Հայաստանի եւ Արցախի տարբեր գյուղերում ու քաղաքներում: Այս հարձակումների արդյունքում սպանվել ու վիրավորումներ են ստացել քաղաքացիական անձինք, ավերվել են քաղաքացիական տներ:

Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ խիտ բնակեցված քաղաքները (Հադրութ, Ստեփանակերտ եւ այլն) շարունակական թիրախային հարձակումների ներքո են նշված ԱԹՍ-ներով:

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ԱԹՍ-ները հարձակման են ենթարկում Հայաստանի քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի շրջակա Կութ, Սոթք, Շատվան, Շատջրեք, Նորաբակ, Տրետուք, Կուտական գյուղերը: Նման հարձակման վերջին դեպքերից մեկը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան ու Մեր Մասրիկ գյուղերում: Արդյունքում մեկ քաղաքացի սպանվել է, իսկ երկուսը՝ ստացել վիրավորումներ, այրվել են բնակելի տներ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները վկայում են, որ նշված գյուղերի նկատմամբ գրեթե բոլոր հարձակումները տեղի են ունեցել ուշ երեկոյան կամ գիշեր ժամանակ, երբ մարդիկ տանն են կամ քնած՝ գլխավորապես: Մեկ այլ հատուկ բան է այն, որ այդ ԱԹՍ-ները հարվածում են միայն քաղաքացիական այն օբյեկտներին, որոնք մարդաշատ են կամ առկա են մարդկային կուտակումներ՝ հնարավորինս մարդկային շատ զոհեր ու վնասներ պատճառելու համար: Օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցներում շատ քաղաքացիական անձինք պնդել են, որ ԱԹՍ-ները 1 մեքենայի կամ 1 մարդու չեն հարվածում. դրանք թիրախավորում են իրար մոտ գտնվող կամ երթեւեկով երկու եւ ավելի մեքենաներ, ավտոբուս, տներ եւ այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ հենց Շատվան գյուղում էր, որ Պաշտպանն ու իր աշխատակազմը փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս տեսավ ադրբեջանական ԱԹՍ-ների հայտնվելը եւ ստիպված եղավ կասեցնել փաստահավաք աշխատանքը:

Անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ ԱԹՍ-ների հարվածները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի պահանջներին: Այդ կարգավորումներով նախատեսված պահանջների անգամ մեկ խախտումը հարվածը դարձնում է անիրավաչափ:

ԱԹՍ-ների հարվածների իրավաչափության գնահատումն ունի կարեւոր նշանակություն, քանի որ միջազգային մարդասիրական իրավունքը եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքն ունեն տարբեր կանոններ առ այն, թե երբ եւ ինչպես պետք է կիրառվի մահացու ուժը:

Միջազգային մարդասիրական իրավունք

• Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ զինված հակամարտության կողմերը պետք է միշտ տարբերակեն քաղաքացիներին կոմբատանտներից, ինչպես նաեւ քաղաքացիական բնակավայրերը եւ ռազմական օբյեկտները: Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ների հարվածներով որեւէ տարբերակում չի դրվել: Հակառակը՝ քաղաքացիական բնակավայրերը թիրախավորվել են մտադրված:

• ԱԹՍ-ների մահացու հարվածները ռազմական օբյեկտներին կլինեն ոչ իրավաչափ են, եթե քաղաքացիներին պատճառված վնասը կանխատեսվող կոնկրետ եւ ուղղակի ռազմական առավելության նկատմամբ չափազանց մեծ է: ԱԹՍ-ների նման հարվածների արդյունքում չկա կանխատեսվող կամ ձեռքբերված կոնկրետ եւ ուղղակի ռազմական առավելություն:

Մարդու իրավունքների միջազգային իրավունքը

• Կյանքի իրավունքը համընդհանուր պարտադիրություն ունի բոլոր ժամանակներում բոլոր պետությունների համար եւ իրենից ներկայացնում է jus cogens նորմ (իրավական պահանջ): Այն կիրառելի է նաեւ զինված հակամարտություններում եւ դրանցից դուրս դրոնների հարվածների կիրառման դեպքերում: Արդեն իսկ սպանվել են քաղաքացիական անձինք ԱԹՍ-ների կամայական (arbitrary) հարվածների հետեւանքով:

• Զինված հակամարտության պայմաններում կյանքի իրավունքը կարգավորվում է միջազգային մարդասիրական իրավունքով՝ այն պահանջով, որ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում մահացու ուժի կիրառումը չհանգեցնի անհատի կյանքի իրավունքի կամայական զրկման: Միջազգային մարդասիրական իրավունքի որեւէ կանոն չի արդարացնում քաղաքացիների թիրախավորումը, որի արդյունքում առկա են անհատի կյանքի իրավունքի կամայական զրկման դեպքեր:

Նշված գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաեւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի՝ կյանքի իրավունքը պաշտպանող բոլոր հնարավոր կարգավորումների կոպիտ խախտումներ են:

Վերը շարադրված բոլոր փաստերն ու գնահատականները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա քննության արդյունքներն են: Այդ արդյունքները հիմնված են Հայաստանի Օմբուդսմանին ներկայացված՝ քաղաքացիական անձանց ահազանգերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների եւ հայտարարությունների, միջազգային եւ տեղական լրատվամիջոցների հրապարակումների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տվյալների, պաշտոնական աղբյուրներով այդ թվում՝ Հայաստանի Օմբուդսմանի հրատապ հարցումներով հաստատված տվյալների վրա: