«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարար

19/10/2020

ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետի ավարտից հետո զենքի արտահանումը կգերազանցի գնումները, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, փոխանցում է Tasnim News Agency-ն։

Կիրակի երեկոյան հեռուստատեսային ելույթի ժամանակ՝ գեներալ Խաթամին հայտարարել է, որ ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետի ավարտից հետո Իսլամական Հանրապետությունը կարող է զենքի առևտուր իրականացնել։

«Իրանի կողմից զենքի վաճառքը կգերազանցի գնումները»,-ասել է նա՝ հավելելով, որ անցյալ տարվանից բանակցություններ են ընթանում արտասահմանյան բազմաթիվ երկրների հետ:

Ընդգծելով ցամաքային զինամթերքի, հրետանու, ռազմանավերի և սուզանավերի արտադրության գործում Իրանի հաջողությունները՝ նախարարն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը մտնում է անօդաչու տեխնոլոգիաների բնագավառում աշխարհի առաջատար տերությունների հնգյակի կամ վեցյակի մեջ:

Նրա խոսքով՝ Իրանում արտադրված պաշտպանական արտադրանքն արդյունավետ է և վաճառվում է ողջամիտ գներով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին լրացել է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետը, որից հետո Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել։